Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախում հանրային տրանսպորտի աշխատանքը վտանգված է. փոխնախարար

Հուլիս 19,2023 23:50

Արցախի շրջափակումը չշրջանցեց նաև ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համակարգվող ոլորտները:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` հուլիսի  19֊ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՀ ՏԿԵ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը:

«Մենք ինչ-որ տեղ եղանք  դիմակայման  առաջամարտիկը. երբ  2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի այսպես կոչված էկոակտիվիստները փակեցին կյանքի ճանապարհը, առաջին հարվածը հասցվեց   տրանսպորտի(Ստեփանակերտ-Երևան, Երևան-Ստեփանակերտ,  Մարտակերտ-Երևան, Մարտունի-Երևան և այլ երթուղիներով) ոլորտին։ Իրավիճակն ավելի խորացավ էներգետիկայի բլոկում, երբ հունվարի 12-ին  Ադրբեջանն ինչ-ինչ հանգամանքներում խափանեց  Հայաստանից Արցախին էլեկտրաէներգիա մատակարարող բարձրավոլտ օդային գծի աշխատանքը, և  հոսանքազրկվեց  Արցախի Հանրապետությունը`  փաստացի անցնելով սեփական խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին էներգիայի արտադրությանը և սպառմանը: Ճգնաժամը սաստկացավ, երբ մարտի 21-ին Ադրբեջանը դադարեցրեց Արցախի գազամատակարարումը, և այս առումով մենք հերթական  սուր հարվածը ստացանք` այն իմաստով, որ գազով աշխատող հիմնարկ֊ձեռնարկությունները ստիպված գործունեությունը շարունակեցին  էլեկտրաէներգիայի հաշվին`  բնականաբար, ունենալով հետևանքներ։  Շոշափելի վնասներ է  կրել նաև հեռահաղորդակցության  և կապի ոլորտը»,-մանրամասնել է Վ. Հարությունյանը` հավելելով, որ անում են հնարավորը բոլոր ճյուղերում քաղաքացիների հոգսը քիչ թե շատ թեթևացնելու համար:

Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին` փոխնախարարը նշել է, որ,   վառելիքի պակասով պայմանավորված,  Արցախում գրեթե կաթվածահար է ներհանրապետական տրանսպորտի գործունեությունը։

«Ինչպես տեղյակ եք,  մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակական տրանսպորտի շահագործումը. զգալիորեն  կրճատվել է նաև միջշրջանային երթուղիների շահագործումը»,-ներկայացրել է Վ. Հարությունյանը` ընդգծելով, որ օրեցօր իրավիճակը վատթարանում է, և, շարունակվելու դեպքում, ստիպված են լինելու Արցախում  ամբողջությամբ դադարեցնել հանրային տրանսպորտի աշխատանքը։

Վ.Հարությունյանի խոսքով` բացի վառելիքից, անհնարին է դարձել նաև ավտոպահեստամասերի, հատկապես` անվադողերի ապահովումը, ինչը տրանսպորտային միջոցների շահագործման համար լուրջ վտանգներ է ստեղծում, առավել ևս, երբ դրանց սահմանափակ լինելու պատճառով օգտվում են նախատեսվածից անհամեմատ շատ քաղաքացիներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31