Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց է առաջանում, ինչու՞ հանկարծ, ԵՄ-ն որոշեց կրկնել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը». Ավետիք Իշխանյան

Հուլիս 19,2023 21:35

«Եվրոպական Խորհրդարանն, այսինքն նույն՝ Եվրոպական Միությունը (ԵՄ), առաջին անգամ չէ, որ Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Առաջին անգամ, ԵՄ-ի կողմից այդ կոչն արվեց 1980-ականներին, երբ Թուրքիան հայտ ներկայացրեց ԵՄ անդամակցելու համար։ Այն ժամանակ, շատերիս թվում էր, որ իսկապես ԵՄ-ն շարժվում է ոչ միայն տնտեսական, քաղաքական շահերով, այլ նաև մարդու իրավունքների և մարդասիրական սկզբունքներով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կոչին՝ ուղղված Անկարային՝ ճանաչել հայոց ցեղասպանությունը։

«Հարց է առաջանում, ինչու՞ հանկարծ, ԵՄ-ն որոշեց կրկնել իր կոչը»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, մինչ այդ որևէ ռազմական դաշինքի մեջ չմտնող Շվեդիան և Ֆինլանդիան հայտ ներկայացրեցին ՆԱՏՕ-ի անդամակցության համար։ ՆԱՏՕ-ի անդամ դառնում են, այդ ռազմական դաշինքի բոլոր անդամների համաձայնությամբ։ Օգտվելով, իր վետոյի իրավունքից, Թուրքիան պայմաններ դրեց այդ երկու սկանդինավյան երկրների առաջ, իբր ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում՝ հանձնել քուրդ այլախոհ, փախստականներին և այլևս նրանց քաղաքական ապաստան չտալ։ Եվ ի՞նչ կատարվեց. Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք հայտնի են, որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների բարձրագույն մակարդակի և օրինակելի երկրներ․․․պարտավորվեցին Թուրքիայի բոլոր պահանջները կատարել։ Առաջինը Թուրքիայի պահանջները կատարեց Ֆինլանդիան և դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Սկզբունքային համաձայնություն կա նաև Շվեդիայի անդամակցության մասին, բայց այդ համաձայնության հիմքում դրված է նաև Շվեդիայի կողմից Թուրքիայի ԵՄ անդամակցելուն աջակցությունը։

Ահա, թե որն է Եվրոպական խորհրդարանի կոչի պատճառը»։

«Հարց է առաջանում, անկե՞ղծ է, արդյոք, ԵՄ-ն, որի բերանով խոսում է Եվրոպական խորհրդարանը։ Վստահաբար ասում եմ՝ ո՛չ։ Այսօր, նույն ԵՄ-ն համաձայն է և ողջունում է Արցախն Ադրբեջանի կազմում լինելը։ ԵՄ հարավային կովկասում ներկայացուցիչը Ստեփանակերտը կոչում է Խանքենդի։ ԵՄ պաշտոնյաները քաջ տեղյակ են և 1920թ, Շուշի հայ բնակչության կոտորածի, և 1988թ․ Սումգայիթի, 1990թ․ Բաքվի, Գանձակի ջարդերի, և հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանած հանցագործին Ադրբեջանում հերոսացնելու, ինչպես նաև Ադրբեջանում մոլեգնող հայատյացության մասին։ Այս ամենն իմանալով և համոզված լինելով, որ Ադրբեջանի կազմում հայտնվելով, արցախայահությանը սպառնում է ցեղասպանություն, ԵՄ-ն, փաստորեն ողջունում է հայ ժողովրդի նոր, հնարավոր ցեղասպանությունը»,- կարծում է մեր զրուցակիցը։

Այնպես որ, իրավապաշտպանի կարծիքով, Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիային ուղղված կոչը հետապնդում է այլ նպատակ, այն է՝ խոչընդոտել Թուրքիային անդամակցությանը ԵՄ. «Այսինքն, ԵՄ-ն օգտագործում է հայ ժողովրդի ողբերգությունն, իր շահերի համար։ ԵՄ-ն չի ցանկանում, իր կազմում ունենալ բազմաթիվ խնդիրներ ունեցող՝ օրինակ քրդական, իսլամա-թուրանական կայսերական նկրտումներ ունեցող Թուրքիային և որպես պատճառ, օգտագործում մեր ողբերգությունը։ Սակայն, Թուրքիան կարող է շատ մոտ ապագայում, ԵՄ-ին կոշտ հակադարձել։ Շուտով, Թուրքիան, իր բանագնացների միջոցով կպահանջի, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվի ցեղասպանության ճանաչումից։ Եվ ի՞նչ եք կարծում, Հայաստանի վարչապետ կոչեցյալը, որը մի քանի անգամ ակնարկել է այդ մասին, չի՞ կատարի այդ պահանջը։ Այնպես որ, այս հարցում, Թուրքիայի հիմնական դաշնակիցը ոչ թե Շվեդիան է, այլ Հայաստանը։

Քիչ առաջ կարդացի, որ ԵՄ 50 պատգամավորներ Վրաստանից պահանջել են ազատ արձակել ՄԻխայիլ Սահակաշվիլուն։ Ահա և ձեզ եվրոպական հումանիզմ, երբ 120 000 մարդ շրջափակման մեջ են և սովի եզրին, եվրոպացի մարդասերների հոգսը Սահակաշվիլին է»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31