«Պարոն Գալստյանն ազատության մեջ է։ Գրավը վճարվել է, այս պահին ազատության մեջ է»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո) որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց այս գործով քննությունը, որով անցնում է նաև ՀՀ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։ Նիստի ընթացքում քննվեց Գրիգորի Խաչատուրովի կալանքի երկարաձգման հարցը։
Aravot.am-ի հետ զրույցում Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց՝ որոշվեց ևս երեք ամսով երկարացնել Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը․ «Այդ ժամկետը ուղիղ համեմատական է այն վախերին, որոնք այդ պատվերն իջեցնողներն ու կատարողները ունեն Գրիգորի Խաչատուրովի հետ կապված։ Այսինքն՝ եթե այն ժամանակ որոշակի հանգամանքներ կարող էին լինել, դրանց վերաբերյալ բացահայտումներ կատարեցինք, հիմա այդ վախերը զսպելու համար կալանքի ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ արդեն որոշում են կայացնում, որ մինչև նոյեմբերի 15-ը պետք է կալանքի տակ գտնվի։ Դժվարանում եմ պարկեշտ բառապաշարով խոսել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել այսօր դատական նիստերի դահլիճում»։
Կարդացեք նաև
Դավիթ Գալստյանի պաշտպանին հիշեցրինք՝ հայտարարել էր, որ ակնկալում է արդարացնող դատավճիռ, ի՞նչ միջնորդություն են այս մասով ներկայացրել, նա պատասխանեց․ «Միայն անցյալ դատական նիստին Դավիթ Գալստյանի կալանքի երկարաձգման հարցն էր քննվում։ Կալանքի ժամկետը չերկարաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակված էր այսօր․ արդեն Գրիգորի Խաչատուրովի կալանքի երկարացման հարցն էր քննարկվում։ Այսինքն՝ ըստ էության քննության դեռ չենք անցել՝ չնայած, որ երեք ամիս դատական նիստեր են, բայց ըստ էության քննություն չի եղել, միայն կալանքի հարց է քննարկվել»։
Հարցին՝ սա կարելի՞ է միտում համարել, փաստաբանը պատասխանեց․ «Պաշտպանական կողմն անընդհատ այդ հարցը բարձրացնում է, որ ի՞նչ է ՝ երեք ամիս է միայն կալանքի հարց ենք քննարկում։ Ես ներկայացրել էի, որ կարգն է խախտվել, հերթականությունն է խախտվել, այսինքն՝ դատարանը պիտի սկզբից ընդդատության հարց որոշեր, ինքնաբացարկի հարց որոշեր, մեր միջնորդությունների հարց որոշեր, նոր չորրորդ հարցը կալանքի հարցն է։ Բայց հերթականությունն անօրինական կերպով խախտվել է, և միանգամից կալանքի հարց է քննվում։ Երկու անգամ կալանքի երկարաձգման հարց է քննվել, որը օրենքի խախտում է»։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ