Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է գնահատական տալու ԲԴԽ–ի գործունեությանը, եթե ոչ դատավորները․ ԲԴԽ-ն սրբավայր չէ, ԲԴԽ-ի աշխատողներն էլ սրբեր չեն»․Վազգեն Ռշտունի

Հուլիս 19,2023 19:11

«Ինձ վրա ուղիղ ճնշումներ չկան, բայց մեկ օրվա մեջ 4 դատավորի լիազորություններ են դադարեցվում, դա աննախադեպ է»,-այս մասին այսօր դատավորների  ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։

Նրա խոսքով՝ պետք չէ, որ դատավորները լինեն համարձակ, որովհետեւ նրանք չեն նշանակվում դատավոր համարձակության համար․«Բոլոր դատավորներն էլ ունեն մտավախություն, որ կարող է ԲԴԽ- ն իրենց համար ոչ ցանկալի որոշումներ կայացնի»։

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե անհնազանդ կամ ընդդիմացող դատավորների լիազորությունները դադարեցվում են, Ռշտունին ասաց․«Պետք է մի քիչ մտավոր հետամնաց լինես, որ նման մտավախությունը չունենաս։ Այնպես չէ, որ ով օրինապահ եւ կարգապահ դատավոր է, այդ մտավախությունը չպետք է ունենա։ Իմ կարծիքով՝ բոլոր դատավորներն էլ իրենց  ընկալմամբ աշխատում են օրինապահ։ Բայց նույն օրենքին եւ Սահմանադրությանը հավատարիմ մի շարք դատավորներ, այդ թվում՝ ես, ունեմ մտավախություն, որ կարող է իմ դուռն էլ թակի այդ հարցը»։

Դատավորի կարծիքով՝ միտում կա, որ փորձում են ցույց տալ, թե ԲԴԽ-ին քննադատել չի կարելի, ԲԴԽ-ի վերաբերյալ բացասական կարծիք հայտնել չի կարելի․«Հարց՝ եթե գովել կարելի է, քննադատել ինչո՞ւ չի կարելի։ Ի վերջո դատարան անվանումը  դա իրենց համար չէ, մեզ համար է, որպեսզի  մեր իրավունքներն, ինչպես ցանկացած քաղաքացու իրավունք, դատարանում ապահովեն, մեր իրավունքները ԲԴԽ նիստում ապահովեն, որպեսզի մեր դատավարությունները ընթանան արդար։ ԲԴԽ-ն սրբավայր չէ, ԲԴԽ-ի աշխատողներն էլ սրբեր չեն, միգուցե լինեն մեջները սուրբ մարդիկ, ամեն դեպքում մենք իրենց այդպիսին չենք ընկալում, այլ ընկալում ենք ԲԴԽ անդամներ»։

Դատավորի դիտարկմամբ՝ ի վերջո ո՞վ է  գնահատական տալու ԲԴԽ–ի գործունեությանը, եթե ոչ դատավորները, քանի որ դատավորներն են ընտրում ԲԴԽ դատավոր-անդամ․«Եթե չխոսենք որպես դատարան, որպես առանձին անձինք, իսկ   ո՞վ է գնահատական տալու։ Եթե ընտրել ենք ԲԴԽ գոնե դատավոր-անդամներ, բա ո՞ւմ են իրենք հաշվետու, ունե՞ն այդ հաշվետվողականությունը, թե՞ ոչ։

Իմ կարծիքով՝ ինչպես ԱԺ-ն ժողովրդին է հաշտու, քանի որ ժողովուրդն է ընտրում, նույն կերպ  ԲԴԽ անդամները հաշվետու են մեզ՝ դատավորներիս։ Եթե մենք տեսնում ենք թերացումներ, ունենք դժգոհություններ, նույնիսկ եթե դրանք արդարացված չեն, բա ո՞ւմ արտահայտենք մեր դժգոհությունները»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31