«Ազատություն». Երեկ կեսգիշերին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող 55-ամյա Իրինա Բելաչևը։ Կինը 2016-ին մասնակցել է Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիային և ձու նետել դեսպանատան ուղղությամբ, ինչից հետո Ռուսաստանը քրեական գործ է հարուցել Կիևում բնակվող իր քաղաքացու նկատմամբ ու հետախուզում հայտարարել։ Ուկրաինան նրան փախստականի կարգավիճակ է տրամադրել, դա վկայող կապույտ անձնագրով էլ Իրինան երեկ Վրաստանից Երևան է եկել։
«Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալվածների պահման վայր տեղափոխված կինը 72 ժամ կմնա անազատության մեջ։ Նրա դուստրը դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։ Իրավական բաժնի համակարգող Անի Չատինյանն «Ազատությանն» ասաց՝ Հայաստանն իրավական որևէ նորմ չունի ՌԴ-ի կողմից հետախուզվող քաղաքացիներին այստեղ ձերբակալելու վերաբերյալ։
«Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ կատարում է ոչ իրավական պետության ապօրինի պահանջները, այն է՝ ձերբակալել և ձերբակալման մասին հայտնել Ռուսաստանի Դաշնությանը իր քաղաքացիների վերաբերյալ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այս հիմքով ձերբակալման ընթացակարգ չի նախատեսում, այսինքն՝ երեք տեղի ունեցած ամբողջ գործընթացը, որը մոտավոր տևել է 6-ից ավելի ժամեր, ապօրինի է», – նշեց նա։
Ռուսաստանի կողմից հետախուզվող կնոջ դուստրը՝ Հանա Նիկոլայենկոն, իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինչպես է մայրը երեկ Քիշնևից նախ Թբիլիսի հասել, հետո Երևան, որտեղ ձերբակալվել է։
Կարդացեք նաև
«Մորս Թբիլիսիում 6 ժամ պահելուց հետո ասել են՝ ցանկանում ենք թղթերում վիզա տեսնել, բայց չկա։ Այդպես էլ չհիմնավորելով վիզան տեսնելու իրենց ցանկությունը՝ հայտարարել են, որ արտաքսում են Քիշնև։ Բայց հետո ինքնաթիռը խափանվել է, ու մոտակա թռիչքը կամ 3 օրից էր, կամ մեկ շաբաթից։ Անժամկետ պետք է սպասեինք տարանցիկ գոտում՝ առանց սննդի և ուղեբեռի։ Փորձեցինք տոմս գնել շրջակա օդանավակայաններից։ Ստամբուլն ու Բաքուն մերժեցին։ Միայն Երևանի օդանավակայանը համաձայնեց։ Բայց Երևան ժամանելուն պես մորս մուտքի կնիք դրեցին… և անմիջապես հայտնեցին, որ ՌԴ-ում իր դեմ քրեական գործ է հարուցվել, ինչը նշանակում է, որ չի կարող օդանավակայանից ներս անցնել, այսինքն՝ մտնել Հայաստան։ Հետո ես ու մայրս մի քանի ժամ անցկացրինք ոստիկանական բաժանմունքում։ Ամենայն հավանականությամբ նրան չեն հանձնի ՌԴ-ին։ Ոստիկանները գրեթե երդվում էին, որ չեն արտահանձնի, բայց դա փաստարկ չէ։ Հիմա ես ազատության մեջ եմ, իսկ մայրս՝ ոչ», – գրել է նա։
Նարինե ՂԱԼԵՉՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: