Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր վարկունակության որոշումն այլեւս ընդունելու է արհեստական բանականությունը

Հուլիս 19,2023 17:46

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծառայությունների թվայնացման համատեքստում նոր մոդելավորումների անհրաժեշտություն կա, փորձում ենք ընդլայնել արհեստական բանականության կիրառելիությունը և համատեղ մոդելներ ստեղծել բիզնես գործընկերների հետ: Պետական մարմիններն ու գործարար ոլորտը քաղաքացիներին ծառայություններ մատուցելիս որոշումներ են կայացնում քաղաքացիների մասին որոշակի տվյալների վերլուծությունների հիման վրա, որքան ճշգրիտ լինեն այդ տվյալները, այնքան թիրախային և քաղաքացիակենտրոն կլինեն կայացրած որոշումները: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նորք» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը՝ այսօր կայացած «Արհեստական բանականության միջոցով եկամուտների գնահատման ներուժի բացահայտում` խարդախությունները կանխելու և ռիսկերը նվազեցնելու նպատակով» քննարկմանը:

«Նորք» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և Հայաստանում Plat.Al ընկերությունը համատեղ ծրագրերի շրջանակում արհեստական բանականության միջոցով ստեղծում են տարատեսակ վերլուծական մոդելներ, օրինակ` բանկային ոլորտում և վարկային կազմակերպություններում բացահայտելու են եկամուտների գնահատման ներուժը, կանխելու են խարդախությունները, նվազեցնելու ռիսկերը։

«Եթե, օրինակ, որոշում եք դիմել ինչ–որ բանկ` վարկ ստանալու կամ գնում կատարելու, ապա ձեր վարկունակությունը կախված է մի շարք գործոններից։ Երբեմն բանկի առաջարկը կարող է ձեզ չգոհացնել (վարկի չափը կամ մերժում եք ստանում և այլն)։ Մեր առաջարկած մոդելը կարող է ճիշտ վերլուծել առկա իրավիճակը, նաև հնարավորություն է տալիս պրոյեկտել ձեր մասնագիտությունը, ձեր կատարած աշխատանքը, փորձը, ներկա տնտեսական իրավիճակը տվյալ երկրում, ինչպես նաև ձեր մասնագիտությունն այդ սոցիալ–տնտեսական համատեքստում ինչպիսին կլինի ապագա մեկ–երկու տարվա ընթացքում։ Արդյունքում այս ամբողջ վերլուծությունը վարկունակության մասով կտա կանխատեսում»,– նշեց Պարզյանը։

Նրա խոսքով, կենտրոնը համագործակցում է գրեթե բոլոր բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, որպեսզի քաղաքացիների տվյալներն ավելի ճշտգրիտ վերլուծվեն և քաղաքացիակենտրոն ծառայություններն ավելի լավը լինեն։

Այս մոդելը սոցիալական ծառայությունների ոլորտում պրոյեկտելու դեպքում՝ Անահիտ Պարզյանի գնահատմամբ, հնարավոր է կանխատեսել, օրինակ, թե ո՞ր մասնագիտության կամ ո՞ր շուկայի համար կարիք կա վերապրոֆիլավորվել և ներդրում կատարել, որպեսզի քաղաքացին ավելի շատ եկամուտ գեներացնի՝ հաշվի առնելով նախկին տվյալները:

Հայաստանում Plat.Al ընկերության տնօրեն Լուսինե Սարգսյանի խոսքով, ծրագրի շրջանակում, բանկերին և վարկային կազմակերպություններին առաջարկվել են որոշումներ կայացնելիս հիմք ընդունել ոչ միայն եկամտի տվյալ պահի մեծությունը, այլև հաջորդ վեց կամ 12 ամսվա կանխատեսումը։

«Վերջին տարիներին ավելացել են կեղծարարության դեպքերը, այդ պատճառով կազմակերպություններին ներկայացնում ենք նաև սքորինգի (վարկային պատմության գնահատում) մոտեցում, որը դեռ զարգանալու տեղ ունի։ Այդ նպատակով փորձելու ենք համագործակցող բոլոր կազմակերպությունների ուշադրությունը գրավել, որ կոնսոլիդացված ձևով լուծենք այս խնդիրը` բանկային ոլորտում հնարավորինս կանխելու կեղծարարությունը»,– ընդգծեց Լուսինե Սարգսյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31