Լրահոս
Օրվա լրահոսը

«Խելամիտ չի լինի ասել այն ամենը, ինչն իրականում մտածում եմ, քանի որ տեսանք, թե ինչ գործընթացներ սկսեցին ԲԴԽ-ում դատավորների հանդեպ»․ Արման Հովհաննիսյան

Հուլիս 19,2023 18:22

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը կարծում է, որ դատական դեպարտամենտը սխալ է ուղարկել ծանուցումը, որ միայն մարզերին է ծանուցել:

«Մենք չունենք այն հիմնավորումները, թե ինչու պետք է միայն մարզերը ծանուցվեն, եւ ինչու պետք է Երեւանը չմասնակցի: Մենք կփորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է այս ընտրությունը հետաձգել, տեսնենք՝ Վարչական դատարանն ինչ է ասում պարոն Բալայանի հայցի հետ կապված, հետո տեղի ունենա ընտրությունը»,- դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատավորն՝ անդրադառնալով դատական դեպարտամենտի՝ ԲԴԽ անդամի ընտրության քվեաթերթիկում ներառելու միայն մարզերի դատավորներին ծանուցման մասին որոշմանը։

Պատասխանելով հարցին՝ վախենո՞ւմ է կամ կաշկանդված է արդյոք լրագրողներին հարցազրույց տալ, մտահոգություն չունի, որ իր նկատմամբ նույնպես կարող է կարգապահական վարույթ նախաձեռնվել, դատավորն ասաց. «Ես ընդհանրապես չեմ վախենում: Այստեղ վախենալը եւ խելամիտ լինելը մի քիչ պետք է տարանջատել: Ես կարող եմ ասել այն ամենը, ինչ իրականում մտածում եմ, բայց դա չի լինի խելամտություն, հասկանալով, թե ինչեր տեղի ունեցան, երբ որոշ դատավորներ փորձեցին իրենց կարծիքը, դիրքորոշումն արտահայտել: Տեսանք, որ նրանց հետ ԲԴԽ-ում ինչ գործընթացներ սկսեցին։ Ես չեմ ուզում այդ հնարավորությունը որեւէ մեկին տալ, որ այդ գործընթացը սկսվի, որքան էլ մեծ ցանկություն ունենամ որոշ հանգամանքներին ճիշտ գնահատական տալ»:

Արդյոք ԲԴԽ-ն փորձում է լռեցնել դատավորներին, հարցին ի պատասխան Հովհաննիսյանն ասաց. «Իրենց կարծիքով՝ դատավորը մամուլում չպետք է խոսի, բայց դատավորը չի խոսում քաղաքականությունից կամ այլ բաներից, այլ խոսում է իր համակարգում առկա խնդիրներից: Եթե դատավորը խոսում է իր համակարգում առկա խնդիրներից, դա ողջունելի է, որովհետեւ եթե մենք չխոսենք մեզ մտահոգող խնդիրներից, բա ո՞վ խոսի»:

Հովհաննիսյանն ասաց, որ մտահոգիչ է մեծ թվով կարգապահական վարույթների հարուցումը. «ԲԴԽ-ի որոշումները չեմ կարդացել, չեմ քննադատում, բայց մտահոգիչ է՝ ինչու պետք է մեկ օրում 4 դատավորի լիազորություն դադարեցնել: Եթե նման բան չենք գտնի, որ մեկ օրում 4 տեսուչի լիազորություն դադարեցնեն, գործից հանեն։ Եթե նայենք, թե կարգապահական վարույթներ ինչու են հարուցվում եւ որ դատավորների նկատմամբ, ապա ես ողջամտորեն կասկած ունեմ ճնշումների մասով: Օրինակ՝ դատական ակտերն ուշ ենք ուղարկում կողմերին՝ ծանրաբեռնվածությունից ելնելով, բայց եթե եզրակացություն է կազմվում մեկ դատավորի մասով, եւ նրա լիազորությունները դադարեցվում են, բայց կան այդպիսի բազմաթիվ դատավորներ, եւ նրանց հետ կապված որեւէ կարգապահական վարույթներ տեղի չեն ունենում, ապա դա արդեն մտահոգիչ է»:

Անդրադառնալով դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելուն, եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի դիտարկմանն, ըստ որի՝ դատավորը չի կարող քննադատել մեկ այլ դատավորի կողմից կայացված դատական ակտը, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Գրիգոր Մինասյանը ճիշտ է ասում, բայց Դավիթ Հարությունյանը դատական ակտ չի քննադատել, նա քննադատել էր այն օրենքը, որի արդյունքում դատավորների լիազորությունները դադարեցվեցին: Մենք իրավաբան ենք, եւ օրենքի քննադատությունը մենք պետք է անենք։ Այլ բան է, որ ԲԴԽ-ն որը որպես դատարան է հանդես գալիս, իր որոշումները չպետք է քննադատել։ Որքան էլ օրինակ, տեսականորեն ընդունենք, որ ԲԴԽ որոշումը անօրինակ լինի, որքան էլ ոչ ճիշտ լինի, դատավարական կարգի խախտումով լինի, մենք իրավունք չունենք դա քննադատել»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ է կանչել Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորների եւ առաջարկել է քվեարկել, դատարանի ստվերային նախագահ ընտրել, քանի որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի հետ ինքը չի կարողանում աշխատել, Հովհաննիսյանն ասաց. «Ինձ համար մտահոգիչ են այդ իրադարձությունները, նույն այդ ստվերային դատարանի նախագահի մասով անկեղծ ասած՝ երբ լսեցի դա, չէի հավատում, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետեւ դա մեր համակարգի հեղինակության հարցն է: Եթե մի քաղաքացի մեզ ասի՝ դուք ինչպե՞ս եք կարողանում կայացնել դատական ակտ, եթե ձեր համակարգում նման բաներ են տեղի ունենում, ես չգիտեմ՝ դրա պատասխանը ոնց եմ տալու»:

Դատավորն ասաց նաեւ, որ ԲԴԽ-ն կամայական որոշում է կայացրել՝ իրեն Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակից հանելով․«Երբ ինձ այդ նույն կազմով ընդգրկեցին առաջխաղացման ցուցակի մեջ, դրանից հետո որեւէ բան չի փոփոխվել, հակառակը միայն դրականն է եղել, ստացել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից իմ բարեվարքության մասին եզրակացությունը, որը եղել է դրական: Աշխատանքներս գնահատվել է 100/100, հետո չգիտեմ՝ ինչ պատճառով ինձ հանել են ցուցակից: ԲԴԽ-ից՝ որպես վարչական մարմին, ստացել եմ ակտը, իմ կարծիքով՝ ինձ թվաց, թե դա որոշման քաղվածք էր»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31