«Իմ անձի շուրջ, ոչ էլ իմ անձի դեմ ոչինչ չի կատարվում, ուղղակի իմ կարծիքով՝ դատական դեպարտամենտը կանխորոշել է այն դատավորների շրջանակը, ովքեր իրավունք ունեն առաջադրվելու, ես գտնում եմ, որ այդպես չի կարելի անել»,-այս մասին այսօր դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը:
Հիշեցնենք, Դավիթ Բալայանը հայց է ներկայացրել ընդդեմ դատական դեպարտամենտի ղեկավարի, եւ պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Բալայանի ներկայացրած հայցը, սակայն մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
«Այս ժողովին ԲԴԽ-ն չի մասնակցում: Մասնակցում են դատավորները: Կփորձեմ դատավորներին տեղ հասցնել այն, ինչ հիմքով դատարան եմ դիմել»,- ասաց Դավիթ Բալայանը, պատասխանելով հարցին՝ ի՞նչ է պատրաստվում անել ժողովի ժամանակ։
Արդյոք որեւէ թեկնածուի օգտին քվեարկելու է, Դավիթ Բալայանն ի պատասխան այս հարցի, ասաց. «Ես չէի ցանկանա ժողովից առաջ իմ դիրքորոշումն արտահայտել»:
Կարդացեք նաև
Բալայանն ասաց, որ դատավոր Դավիթ Հարությունյանն անարդար կերպով է հեռացվել դատական համակարգից:
Արդյոք մտահոգություն չունի, որ համակարգից հեռացվում են իշխանությանն անհնազանդ դատավորները, Բալայանը պատասխանեց՝ դատավորը պետք է հնազանդ լինի օրենքին եւ մարդկային բարոյականությանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ