Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Փաշինյանի դստեր պաշտպան լինելը դեր խաղացել է դատավոր նշանակվելու գործում․Գյոզալյանն իր պրոֆեսիոնալիզմի համար է ընտրվել

Հուլիս 19,2023 17:11

«Ես չեմ ստացել ո՛չ sms, ո՛չ նամակ որեւէ գործի վերաբերյալ որոշում կայացնելու համար»,-այս մասին այսօր դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գեւորգ Գյոզալյանը՝ պատասխանելով հարցին՝ ասում են նախկինում զանգերի միջոցով էին որոշումներ կայացվում, դուք sms, նամակ ստանո՞ւմ եք:

Անդրադառնալով դատական համակարգին, նա ասաց՝ կան բազմաթիվ խնդիրներ․ «Դատական համակարգում իմ հայտնվելը կոչված է նրան, որ փորձեմ խնդիրների մի մասը լուծել։ Մեր խնդիրներն այս ընդհանուր ժողովի ընթացքում են լուծվում, ժողովի ժամանակ ենք խնդիրները բարձրաձայնում»։

Համակարգում բարեփոխումներն, ըստ Գյոզալյանի, դանդաղ են ընթանում։ Իսկ թե ինչու են դանդաղ ընթանում, դատավորն ասաց, որ պատճառները բազմաթիվ են, սկսած սուբյեկտիվ գործոններից մինչեւ՝ օբյեկտիվ։

«Օրենսդրական խնդիրներ ունենք, անձերի խնդիր ունենք։ Ցավոք, մեզ մոտ այդ հայկական խնդիրը չի լուծվում, երբ ցանկացած արդարություն անցկացնում ենք մեր ներքին կշեռքի միջով, եւ եթե այդ արդարության մասին բարձրաձայնելը պետք է մեզ, այսինքն, երբ այդ արդարությունը մեր սուբյեկտիվ շահերը բավարարում է, ապա խոսում ենք այդ արդարության մասին։ Այս խնդիրը պետք է լուծվի, մարդիկ դատավորները, պետք է անարդարության վերաբերյալ միշտ բարձրաձայնեն»,-ասաց Գյոզալյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ բարձրաձայնում են, բայց հետո դատավորների լիազորությունները դադարեցվում են, Գյոզալյանն ասաց՝ տանում ենք կոնկրետ մի գործի վրա։ Նա հրաժարվեց կոնկրետ գործերի վերաբերյալ գնահատական տալ։

Արդյոք խնդիր չի տեսնում, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մտերիմ ընկերներ են, իսկ Անդրեասյանը քննում է Մինասյանի ներկայացրած հայցերը, այս հարցին ի պատասխան՝ Գյոզալյանն ասաց․ «Խնդիրները կոնկրետ գործերով պետք է նայել։ Կարող են լինել գործեր, որ դրանք խնդիր են, կարող են լինել, որ մեծ հաշվով նշանակություն չունենան այդ խնդիրները։ Եթե դատավորը համոզված է, որ ինքն անաչառ է․․․ Ես կոնկրետ այդ դեպքում կանեի հետեւյալը՝ կբարձրաձայնեի, որ ես անաչառ եմ, կասեի՝ եթե կողմերը անաչառության հետ կապված խնդիր տեսնում են, ապա թող բացարկի միջնորդություն ներկայացնեն, որը ես կքննեմ»։

Հարցին՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու հարցում որեւէ դերակատարում ունեցե՞լ է այն հանգամանքը, որ ինքը՝ Գյոզալյանը եղել է վարչապետ Փաշինյանի դստեր շահերի ներկայացուցիչ փաստաբանը, Գյոզալյանը պատասխանեց․ «Ես բավականին վաղուց զբաղվել եմ փաստաբանությամբ։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել՝ ունեցե՞լ է նշանակություն, թե՝ ոչ։ Օրենքով սահմանված կարգով դիմել եմ համապատասխան մարմնին, որն էլ ինձ ներկայացրել է ԱԺ-ում, ԱԺ-ն ինձ ընտրել է։ ԱԺ-ն ինչ մոտիվներով է ինձ ընտրել, ես չգիտեմ։ Ենթադրում եմ, որ իմ պրոֆեսիոնալ հատկությունների ու արդարության վերաբերյալ իմ պատկերացումների համար են ընտրել»։

Դատավորների ընդհանուր ժողովներն անցկացվում են դռնփակ, լրատվամիջոցները հնարավորություն չեն ունենում այն լուսաբանել։ Այս առնչությամբ Գյոզալյանն ասաց՝ դա մտահոգիչ է․ «Ես միշտ կողմ եմ քվեարկել, որպեսզի լրագրողները հնարավորություն ունենան ներկա գտնվել, որովհետեւ, կարծում եմ, որ դատական համակարգի այդ երկաթյա վարագույրը պետք է փոխարինվի մետաքսյա վարագույրով կամ առհասարակ չլինի վարագույր»։

ԲԴԽ-ն տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողով: ԶԼՄ-ները գրում են, որ հնարավոր է օրակարգում լինի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը, քանի որ Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի լիազորությունները հունիսի 16-ից համարվում են դադարած։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31