Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հույս ունենք, որ Արցախի իշխանությունը ժամանակ ձգելու կարմիր գծերը չի անցնի եւ կտրուկ քայլեր կանի թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի նկատմամբ»․ Արթուր Օսիպյան

Հուլիս 19,2023 16:52

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ, «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը։

-Պարոն Օսիպյան, դուք երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերով հանդես եք եկել առաջարկությամբ, որ արցախցիները հավաքվեն, խաղաղ երթով գնաք դեպի Հակարիի կամուրջ՝ նշելով, որ դա իրավիճակ կփոխի։ Ի՞նչ կփոխվի դրանով։

-Այն փաստարկները, որով Ալիեւն արդարանում է, թե ճանապարհը բաց է, իրական չեն։ Իրենք չեն ասում, որ ճանապարհը փակ է, պնդում են, որ ճանապարհը բաց է, «Կարմիր խաչը» աշխատում է։ Մեր քայլով իր այս քաղաքականությունը կքանդվի, եւ ուզած-չուզած Արցախի շրջափակումն այլ կոնտեքստում կդիտարկվի միջազգային դաշտում։ Եվ շատ հնարավոր է, որ դա կլինի միակ հաջողված ճանապարհը, որով մենք կարողանանք փրկել Արցախը։

-Արցախցիների մոտ կա՞ այդ վճռականությունը՝ հավաքվել, մեծ երթով գնալ ու պահանջել բացել միջանցքը։

-Այո, կա, ժամանակը կամաց-կամաց մոտենում է։

-Երեկ արցախցիները փակեցին Ասկերանից դեպի Ակնա (Աղդամ) գնացող ճանապարհահատվածը և տեղադրեցին բետոնե արգելապատնեշներ։ Մարդիկ շեշտում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքն անբեկանելի է ու չի վաճառվում։ Այսինքն՝ Արցախը այսպիսով հստակ մերժո՞ւմ է Բաքվի՝ այդ ճանապարհով օգնություն տրամադրելու առաջարկը։

-Այո, մերժում է եւ պահանջում է բացել կյանքի ճանապարհը։ Փաստորեն արցախցիները երեկ փակեցին մահի ճանապարհը եւ պահանջում են բացել կյանքի ճանապարհը՝ ճանապարհ դեպի Հայաստան։ Այո, Արցախը ցույց է տալիս, որ մերժում է Բաքվի կողմից կամայական աջակցության առաջարկը։ Ինքնորոշման իրավունքը միանշանակ անբեկանելի է, արցախցին իրեն անկախ է զգում, որովհետեւ իրոք 30 տարի անկախ ապրել է։ Եվ չի էլ դիտարկվում այլ տարբերակ, ոչ ոքի մտքում այլ տարբերակ չկա։

Արցախում համաժողովրդական շարժում է սկսել, Արցախի նախագահը եւս միացել է ու հայտարարել, որ մեկ շաբաթ սպասելուց հետո կլինեն գործողություններ։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, շարժումը մեծ թափ կստանա՞։

-Այս շարժումը հնարավոր չի լինելու հանգցնել, որովհետեւ այն պետք է հասնի իր նպատակին, հարցը պետք է լուծվի։ Քանի դեռ հարցը լուծված չէ, հասարակությունն այդ հարցի լուծման համար հետագայում ավելի մեծ ուշադրություն ու շատ ժամանակ է հատկացնելու։ Մենք այնքան էլ գոհ չենք իշխանության քայլերից, իրենք շատ մեղմ են ամեն ինչ անում, ժամանակ են ձգում, ինչին մենք դեմ ենք։ Բայց միաժամանակ մենք չենք ուզում լինել տրոհման պատճառ եւ հույս ունենք, որ իշխանությունն իր ժամանակ ձգելու կարմիր գծերը չի անցնելու եւ ավելի կտրուկ ու հստակ քայլեր է անելու թե Ռուսաստանի, թե հենց Ադրբեջանի նկատմամբ։ Այսպես ասեմ՝ ես որեւէ լուրջ քայլեր չեմ սպասում իշխանության կողմից, այն ինչ իրենք կհայտարարեն, բայց սա արդեն կլինի այն կարմիր գիծը, որ դրանից հետո իրենք այլեւս չեն կարողանալու ժամանակ ձգել կամ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անել, խոստումներ տալ ու ժողովրդին մոլորության մեջ մտցնել։ Եթե իրենք չեն կարողանում սա կազմակերպել, պետք է կազմակերպողները կազմակերպեն ու գործը հասցնեն ավարտին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31