Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունել է Աշխարհի երկակի, Եվրոպայի, «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանին և խրախուսել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով` Աշխարհի և Եվրոպայի ուժային եռամարտի առաջնություններում առաջին տեղ գրավելու, «Գինեսի ռեկորդների գրքի» և «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդներ սահմանելու համար:
Վարազդատը 2018-2019 թթ.-ի մեծահասակների ուժային եռամարտի աշխարհի առաջնության հաղթող է, միջազգային կարգի սպորտի վարպետ, փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն:
2019 թ.-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Սևան կայարանում Վարազդատ Հակոբյանը մեկ մատով շարժել և քարշ է տվել 23 տոննա կշռող, ծածկված բեռնատար վագոն՝ 3մ 57 սմ:
Կարդացեք նաև
2020 թ.-ին ճոպանով ձգել է բեռնատար մեքենան, բարձված 33 տոննա քաշով՝ 2 մետր:
2021 թ.-ին մեկ ձեռքով տեղից շարժել և քարշ է տվել 4 բեռնատար հարթակ՝ 84 տոննա ընդհանուր քաշով՝ 1մ 20 սմ:
Այս բոլոր ռեկորդները գրանցվել են ՀՀ «Դյուցազնագրքում»:
Վարազդատ Հակոբյանը բասկետբոլի գնդակով կատարել է մի քանի հնարքներ, որոնք ևս գրանցվել են հայկական «Դյուցազնագրքում»:
Այսպես, մեջքով դեպի բասկետբոլի զամբյուղը կանգնած, առանց ետ նայելու, Վարազդատը բահով զամբյուղի մեջ է նետել 1 գնդակ՝ 22 մետր հեռավորությունից։ Ապա նույն դիրքում ձեռքով զամբյուղի մեջ է նետել 2 գնդակ՝ 14 մետր հեռավորությունից, և 3 գնդակ՝ 5 մետր հեռավորությունից։ Այնուհետ, դեմքով կանգնած դեպի զամբյուղը, աջ ձեռքով նետել է գնդակը զամբյուղի մեջ՝ 24 մետր հեռավորությունից։
2022թ-ին մասնակցել է ուժային եռամարտի Հայաստանի մեծահասակաների առաջնությանը և գրանցել հերթական մրցանակային նվաճումը։
Նա հանդես է եկել 75 կիլոգրամ քաշային կարգում և հավաքելով 385.5 միավոր՝ գրավել է երրորդ մրցանակային տեղը:
2023թ.-ին կանգնած դիրքից ձեռքերով 350կգ կշռով ծանրաձողը ձգել է մինչև գոտկատեղ, ինչը ևս գրանցվել է «Դյուցազնագրքում»:
Սպորտը բոլոր հասարակություններին միավորող այն հարթակն է, որը չի ճանաչում ազգություն, չունի խտրականություն և սահմանափակումներ:
Մաղթում եմ քաջառողջություն, կամք ու եռանդ նոր հաղթանակների ճանապարհին:
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ