Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կոչուբաեւ. «Սուրեն Պապիկյանի հայրը ցանկացել է ձեռք բերել Վահագն Վերմիշյանի 1000 քմ հողատարածքը, բայց կտրուկ մերժվել է»

Հուլիս 19,2023 16:28

Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւն ասաց, որ որոշակի կասկածներ կան, որոնք փորձելու են այս դատավարության ընթացքում առավել լայն լուսաբանման առարկա դարձնել: «Տեսեք, այդ ապօրինի գույքերից մեկը վերաբերում է 1990-ականների սկզբներին Ստեփանավան քաղաքում ձեռք բերված 1000 քմ հողամասին, որն ըստ դատախազության՝ արժե 44 միլիոն դրամ: Եթե չեմ սխալվում, այդպիսի գումարով կարելի է առհասարակ Լոռվա մարզում վաճառվող բոլոր հողամասերը ձեռք բերել:

Բայց սա թողնենք մի կողմ: Մի փոքր ուշագրավ հանգամանքի մասին կցանկանայի խոսել: Այդ հողամասը ցանկանում էր ձեռք բերել նաեւ Վահագն Վերմիշյանի հողամասին հարող տարածքում օրենսդրության խախտմամբ հողահատկացում ստացած Ռաֆիկ Պապիկյանը: Նա Սուրեն Պապիկյանի հայրն է: Նա ցանկացել է Վահագն Վերմիշյանից ձեռք բերել այդ մնացած հողամասը՝ 1000 քմ-ն $3000-ով։ Եվ քանի որ Վահագն Վերմիշյանը գտնում էր, որ այդ հողամասը ստրատեգիական նշանակություն ունի քաղաքի համար եւ կարող է ծառայել բացառապես որպես այգի համայնքի համար, կատեգորիկ մերժել է: Իսկ Ռաֆիկ Պապիկյանը ցանկացել է այդտեղ ինչ-որ մսի շուկա հիմնել: Սա մեր մոտ որոշակի կասկածներ է առաջացրել՝ կապված այս գործընթացների հետ, թե ինչպես կարող է 1992 թվականին ձեռք բերված գույքը դիտվել որպես ապօրինի, երբ անձը Հայաստանում չի բնակվել, իր ամբողջ կապիտալը եղել է արտերկրում: Դատախազությունից դեռ պետք է մեզ պատասխանեն, թե ինչպես կարող է Լոռու մարզում գտնվող 1000 քմ հողամասն արժենալ 44 միլիոն դրամ»,-ասաց փաստաբանը:

Հարցին, թե այդ առաջարկը ե՞րբ է եղել, Ալեքսանդր Կոչուբաեւը պատասխանեց. «Բնականաբար, 2018 թվականի մայիսից հետո: Այլ տարբերակ, ենթադրում եմ, չէր կարող լինել: Առաջարկը, բնականաբար, եղել է հուլիս ամսին: 2018-ի մայիսյան իրադարձություններից հետո հողհատկացումն իրեն եղել է այդ ժամանակ եւ մնացած հողամասը գնելու առաջարկն էլ եղել է այդ ժամանակ:

Մենք այստեղ շատ բան ենք կասկածում, քանի որ ես չեմ դադարի պնդել, որ Վահագն Վերմիշյանը 2018-ից հետո առաջին զոհն է, որը շարունակում է քաղաքական հետապնդման ենթարկվել:

Ըստ էության, ունենք հետեւյալը: Անձին ազատազրկել են ութ տարի: Երկու ամիս է՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատավճիռը չի տրամադրում մեզ, որպեսզի հասկանանք, ի վերջո, ինչ է արել Վահագն Վերմիշյանը, որ չպետք է աներ: Եվ դրանից հետո, ըստ էության, հարձակվել են, այլ բառ չեմ գտնում, անձի գույքի վրա՝ այն դեպքում, երբ Վահագն Վերմիշյանի կենսագրությունը եւ կապիտալը հանրամատչելի տվյալներ են: Այն մարդիկ, որոնք հետապնդում են իրականացնում, ատում են կենսագրություն ունեցող անձանց: Իսկ Վահագն Վերմիշյանը ընդգծված կենսագրություն ունեցող մարդ է»

Հ. Գ. Սուրեն Պապիկյանի հոր՝ Ռաֆիկ Պապիկյանի մասին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի հրապարակած տեղեկության իսկություն պարզելու նպատակով Aravot.am-ը փորձում է պարզաբանում ստանալ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31