Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ՀՀ քրեական օրենսգրքի» 450 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որեւէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաեւ այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որեւէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով մի խումբ անձանց կողմից)։
Քրեական վարույթը նախաձեռնվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Է․ Ա․-ի հաղորդման հիման վրա։ Բժշկական զննության ընթացքում նա տեղեկացրել է, որ այս տարվա հունիսի 22-ին քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում՝ մի խումբ պաշտոնատար անձինք էլեկտրահարող սարքի միջոցով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։ Ըստ հաղորդման ՝ այդ անձինք փորձել են Է․Ա․-ից տեղեկություններ ստանալ, ինչի համար էլ կիրառել են էլեկտրաշոկ, միաժամանակ հնչեցրել հայհոյանքներ եւ սպառնալիքներ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ