Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա տուն եմ գնալու, թոռներս դռան մոտ հարցնելու են՝ տատիկ, ի՞նչ արեցիր, պապաս գալո՞ւ է»․ անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին Բաղրամյան պողոտան

Հուլիս 19,2023 15:47

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները քիչ առաջ դադարեցին իրենց բողոքի ցույցը, նրանք փակ էին պահել Բաղրամյան պողոտան։ Նրանք այսօր առավոտյան ցույց էին անում կառավարության շենքի մոտ, պահանջում էին հանդիպում վարչապետի հետ, սակայն մերժումից հետո ցույցը շարունակեցին նախագահական նստավայրի մոտ։ Նախագահականից խոստացել էին ընդունել, սակայն երկու ժամ սպասելուց հետո ծնողները որոշեցին փակել պողոտան։

Ոստիկանները որոշ ժամանակ բանակցում էին, որպեսզի ծնողները բացեն պողոտան, ծնողները չէին համաձայնում։ Մոտ 30-40 րոպե պողոտան փակ պահելուց հետո, ծնողները դադարեցրին ցույցը։

«Աննա Հակոբյանն ամեն ինչ նկարում է, թող գա՝ սա էլ նկարի։ Ես հաճույք չեմ ստանում էս ցույցից, ամաչում եմ, բայց ուրիշ ձեւ չունեմ։ Երկու օր առաջ թոռս ծննդյանս օրը հեռախոսը վերցրել, եկել, ասում է՝ տատի, պապային զանգե՞լ ես, որ գա քո ծնունդին։ Ասել եմ՝ հա, բալես, զանգել եմ, չի կարողանալու գալ, ասել է՝ էսօր չի կարող գա։ Ախր դա ապրել է պետք, դրա միջով անցնել է պետք, որ հասկանան մեր վիճակը։ Երեք տարի է՝ ասում են՝ աշխատում ենք էդ հարցի շուրջ, ո՞ւր է ձեր աշխատածը»,-ասաց ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող էլ հուզված դիմեց ոստիկանին․ «Ես հիմա տուն եմ գնալու, դռան դեմը հարսս ու երկու թոռներս կանգնած են լինելու, հարցնելու են՝ տատիկ, ի՞նչ արեցիր, պապաս գալո՞ւ է։ Դե կգաս պատասխան կտաս իմ տեղը։ Պապն ուրիշ տեղ է գնում, ես՝ ուրիշ, որ մի ճար գտնենք, մեր էրեխուն տուն բերենք»։

Հիշեցնենք, ըստ հարուցված քրգործի, Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել։ Գեներալը նահանջի հրաման է տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետեւանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ։ Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, 5-ը՝ գերեվարվել, 24-ի գտնվելու վայրն անհայտ է։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31