Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ն այն կառույցն է, որն ի վիճակի է աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում հումանիտար օգնություն հասցնել Արցախ»․ Նարեկ Այվազյան

Հուլիս 19,2023 15:07

ԲԱՑՈՒՄ քաղաքացիական նախաձեռնությունն այսօրվանից ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ կազմակերպում է արցախցիների համար պարենի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների հավաքագրում։

Նախաձեռնությունը դիմելու է Միավորված ազգերի կազմակերպությանը՝ հավաքված բեռներն իրենց դրոշի ներքո Արցախ տեղափոխելու համար։

«Այս քաղաքացիական շարժումով մենք լուծում ենք օրհասական հումանիտար խնդիրը, կյանքի ենք կոչում դե յուրե միջազգային կարգավիճակ ստացած Բերձորի միջանցքի դերը ու նշանակությունը, Հաագայի միջազգային դատարանի որոշման կայացումը»,- ասում է նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը։

«Մեր կոչն այն է, որ քաղաքացիները մասնակից դառնան եւ իրենց աջակցությունը հայտնեն Արցախում սկսված համաժողովրդական շարժմանը եւ դառնան դրա մի մասը։ Դա համաժողովրդական է, եւ ամբողջ հայ ազգը եւ այն քաղաքացիները, ովքեր Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ ու ցեղասպան գործողությունները հայ ժողովրդի հանդեպ համարում են անարդար, պետք է դուրս գան ու կանգնեն Արցախի կողքին։ Այսօր եւ հետագայում մարդիկ կարող են պարեն բերել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, մինչեւ կդիմենք ՄԱԿ-ին, որպեսզի նրանք բեռները տեղափոխեն Արցախ։ Կարծում ենք՝ ՄԱԿ-ն այն կառույցն է, որն ի վիճակի է աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում քայլեր ձեռնարկել եւ հումանիտար օգնություն հասցնել մեր հայրենակիցներին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Նարեկ Այվազյանը։

Նա հիշեցրեց, որ Արցախի ժողովուրդը մերժել է Ադրբեջանի՝ Ակնայի ճանապարհով սնունդ ստանալու առաջարկը։ Արցախցիները երեկ փակել էին Ասկերանից դեպի Ակնա (Աղդամ) գնացող ճանապարհահատվածը և տեղադրել բետոնե արգելապատնեշներ։ «Այնպես որ, Ադրբեջանից ոչ մի օգնություն ընդունելի չէ, քանի որ Ադրբեջանը սահմանափակել է արցախցիների բոլոր իրավունքներն ու սահմանափակումները»,- ասաց Նարեկ Այվազյանը։

«Հաջորդ հարցը, որը շատ կարեւորում ենք, Հաագայի դատարանի վճռի իրականացումն է, որպեսզի այն կյանքի կոչվի։ Այսինքն՝ միջազգային կառույցը, որը մարդկանց ու ազգերի խաղաղության ապահովման համար է ստեղծված, կիրականացնի իր մեծ առաքելությունը, որի համար մենք շատ շնորհակալ կլինենք»,- հավելեց նա։

Նարեկ Այվազյանի տեղեկացմամբ՝ կձեւավորվի հավաքագրման շտաբ, հնարավոր է՝ աշխատանքներ իրականացնելու համար կամավորների կարիք լինի։

Հարցին, թե միջազգային կառույցների կողմից անտարբերությո՞ւն է նկատվում Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ, Նարեկ Այվազյանը պատասխանեց․ «Եթե անտարբերություն լիներ, բանաձեւեր, դատարանի որոշումներ չէին լինի, բայց գործուն քայլեր չկան։ Այսինքն՝ որոշումներ են կայացվում, հայտարարություններ են արվում, բայց գործուն քայլեր չեն իրականացվում ցավալիորեն։ Չգիտեմ՝ ինչ-որ ընթացակարգեր են դրան խանգարում, բյուրոկրատակյան աշխատանքներն են խանգարում կամ թշնամի երկիրն է իր լոբբիստներով ու համակիր երկրներով փորձում դրան խոչընդոտել, բայց ամեն դեպքում ինչ արվում է, գործի չի վերածվել։ Մենք հիմա կոչ ենք անում, որ դա գործի վերածվի։ Եվ մեր կարողության չափով ցանկանում ենք դրան մասնակից լինել, որովհետեւ ի վերջո պետք է ճանապարհը բացվի դեպի Արցախ եւ Արցախից դեպի Հայաստան ու ամբողջ աշխարհ, քանի որ այդ մարդիկ ունեն իրենց իրավունքները, որով օժտված են աշխարհի բոլոր ժողովուրդները»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31