Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան

Հուլիս 19,2023 14:45

Տեղեկացրել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր իրենց բողոքի ցույցը շարունակում են նախագահի նստավայրի մոտ։ Մինչ այդ նրանք կառավարության շենքի մոտ էին, հանդիպում էին պահանջում վարչապետ Փաշինյանի հետ։ Հանդիպման մերժումից հետո նրանք ցույցը շարունակում են Բաղրամյան 26-ում, հանդիպում են պահանջում նախագահի հետ։ Մի քանի ժամ նախագահականի մոտ հանդիպման սպասելուց հետո նրանք փակեցին Բաղրամյան պողոտան:

«Իրենց ստի պատճառով որոշեցինք փակել փողոցը։ Ասում էին՝ հեսա կգան, հեսա կընդունեն, ու այդ հեսան երկու ժամ է, չի վերջանում։ Ինչ է, էսպե՞ս են հարց լուծում, էսքան ոստիկան են բերել, լցրել․․․Ցույցը շարունակելու ենք այնքան, մինչեւ մեկը բժժի էս արեւի տակ, ընկնի։ Ինչքան կարողանանք, այնքան փակ ենք պահելու փողոցը։ Հիմա իմ երեխան ավելի վատ վիճակում է, ո՞վ է մտածում նրա մասին»,-ասաց ծնողներից մեկը։

Ծնողները վրդովված են պաշտոնյաների անտարբերությունից, ասում են՝ բոլորն արհամարհում են իրենց։

Այս պահին պողոտան փակ է, ավտոմեքենաները շրջանցում են Բաղրամյան-Պռոշյան հատվածը։

Հիշեցնենք, ըստ հարուցված քրգործի, Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել։ Գեներալը նահանջի հրաման է տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետեւանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ։ Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, 5-ը՝ գերեվարվել, 24-ի գտնվելու վայրն անհայտ է։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31