Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արմեն Աշոտյանի քրեական գործն, այնպիսի աբսուրդ է, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդու երեւակայության արդյունք կարող է լինել». Տիգրան Աթանեսյան

Հուլիս 19,2023 14:38

«Արմեն Աշոտյանի քրեական գործն, իրավաբանական առումով, այնպիսի աբսուրդ է, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդու երեւակայության արդյունք կարող է լինել»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի վատնում, փողերի լվացում կատարելու մեջ: Մեկ ամիս առաջ նա կալանավորվեց՝ երկու ամիս ժամկետով:

Պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ փողերի վատնումը նշանակում է՝ գույքի, փողերի անվերադարձ կորուստ. օրինական տիրապետողի մոտից դուրս է գալիս եւ կորում: Իսկ փողերի լվացումը նշանակում է՝ անօրինական ծագում ունեցող գումարներն այլակերպել, այսինքն՝ լվանալ եւ մի օր դա ունենալ օրինական գումարի տեսքով, իսկ լիազորությունների չարաշահումն էլ նշանակում է՝ դուրս գալ դրանց սահմաններից եւ անօրինական հանձնարարություններ տալ մարդկանց: Տվյալ դեպքում, մինչդեռ, ըստ պաշտպանի, Բժշկական համալսարանը, որ տարեկան 15 միլիոն դրամ եկամուտով մեր երկրում ամենահարուստ բուհն է համարվում, գնում է անշարժ գույք, այն շրջանում, երբ Արմեն Աշոտյանը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել: Պաշտպանը չի բացառում, որ Արմեն Աշոտյանը տեղյակ է եղել գործարքից, ինչն ի պաշտոնե, նորմալ է, բայց. «Այդ գույքը մինչ օրս գտնվում է Բժշկական համալսարանում, այն հիմա երկու անգամ ավելի թանկ արժե, քան ձեռք է բերվել: Հիմա, եթե այս ամենի մեջ տեսնում են փողերի վատնում եւ փողերի լվացում, հավատացեք, սա իրավաբանական դեպք չէ, սա հոգեբուժական դեպք է»:

Իր գնահատմամբ, Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու, նրան ձերբակալելու եւ կալանավորելու ձեւական առիթ էր պետք:

«Այս գործը քննվում էր չորս տարի. չորս տարի ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Հակակոռուպցիոն դատարանը քննեցին ու ոչինչ չգտան, մեկ էլ հանկարծ, պարոն Արգիշտի Քյարամյանը որոշում է գործը վերցնել ու մարդուն մեղադրանք առաջադրել: Ինքը չի որոշում, իհարկե, իրեն հանձնարարում են»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ 7-8 ամիս է՝ կարդում է մեղադրանքը, փորձում է ինչ-որ բան հասկանալ, բայց ապարդյուն. թե ի՞նչ ինֆրակարմիր ճառագայթների ներքո են նայել, որ այստեղ ինչ-որ մեղադրանք են տեսել՝ պաշտպանը դեռ չի պարզել:

«Հավատացեք, Վանո Սիրադեղյանի ժամանակ ավելի ազնիվ էին գտնվում, երբ մարդու գրպանը զենք էին գցում կամ պլան. դա սրիկայություն էր, բայց ավելի ազնիվ էր, մարդուն ասում էին՝ ուզում ենք դու նստես»,- ասաց նա՝ հայտարարելով, որ սա դասական քաղաքական հետապնդում է եւ «Արմեն Աշոտյանը նիկոլական Հայաստանում նոր տեսակի քաղաքական բանտարկյալ է, քանի որ կալանավորվել է իր խոսքի համար. նա դետալ առ դետալ վերլուծում է այն ամենն, ինչ իշխանությունը անվանում է արտաքին քաղաքականություն եւ հստակ քննադատում է ու իշխանության հավաքական քաղաքական ինտելեկտը չի բավարարում Արմեն Աշոտյանին հակադարձելու համար»:

«Արդեն 2,5-3 տարի է, ինձ թվում է՝ խոսել ապօրինի կալանավորման մասին, տեղին չէ, երբ մենք ապրում ենք ազգային աղետ, երբ մեր հայրենիքը պարզապես վաճառվել է, երբ մեր տղաները պարզապես մսաղաց են ուղարկվել՝ ինչ-որ մեկի ֆինանսական բարեկեցությունը լավացնելու համար. ինչի՞ մասին կարելի է խոսել, մնացած ամեն ինչը դառնում է չնչին, անգամ մարդու ազատությունը»,- ասաց Տիգրան Աթանեսյանը: Նա ցավում է, երբ նման կերպարին մեր ընտրողները վերընտրում են: Ամեն դեպքում, պաշտպանը կարծում է, որ պայքարը պետք է շարունակվի եւ Արմեն Աշոտյանի գործը, որը նույնիսկ իր անձի հետ այդքան կապված չէ, այլ երեւույթի, այդ հանգրվանից է:

«Միշտ պետք է պատռել սրիկաների դիմակը»,-ասաց նա՝ օրինակ բերելով սովետական իշխանությանը, որը մարդկանց խոստանում էր երջանկություն, բայց հազարներով սպանում էր մարդկանց, ովքեր կամ չէին ցանկանում երջանիկ լինել, կամ, ըստ իրենց, մնացածին խանգարում էին երջանիկ լինել եւ այդ պետությունը փլուզվեց, քանի որ ճշմարտությունը ելավ ջրի երես: Այս համատեքստում, փաստաբանը ճշմարտությունը համարում է հզոր զենք, որը ցանկացած դեպքում պետք է բարձրաձայնել: Այս գործիքներից մեկը, որը մեզ թույլ կտա ապրելու բանալին գտնել, փաստաբանը համարում է հենց Արմեն Աշոտյանի գործը, որքան էլ իր ասածը պաթոսային լինի:

Մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպանը տեղեկացրեց, որ Արմեն Աշոտյանը զրկված է երեխաներին, կնոջը տեսնելու իրավունքից, քանի որ այս իշխանությունում «մանր մարդիկ են եւ հաճույք են ստանում մանր բաներից»: Արմեն Աշոտյանի քաղբանտարկյալ լինելն, ըստ Տիգրան Աթանեսյանի հաստանում է նաեւ Եվրոպայում իշխող կուսակցությունը, հայաստանյան տարբեր սոցիոլոգիական հարցումներ:

«Քաղբանտարկյալի պաշտպանությունը բարդ գործընթաց է, այստեղ իրավաբանություն չկա եւ պետք է օգտագործել բոլոր գործիքները, որոնք տալիս է օրենքը»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը դիմելու է իրավաբանական պայքարի բոլոր գործիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպանն անդրադարձավ նաեւ դատավորին բացարկի միջնորդության մերժմանը. փաստաբանը պարզել է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանն, որը քննում էր գործը, Արգիշտի Քյարամյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի եւ վերջինիս կարիերայի մեջ Արգիշտի Քյարամյանը դերակատարություն է ունեցել: Թեեւ պաշտպանը վստահ է, որ այդ դատարանի ցանկացած այլ դատավոր էլ նույն միջնորդությունը կկայացներ, քանի որ հակակոռուպցիոն դատարանի դատավորներն, ըստ պաշտպանի, իրենց վրա են վերցրել «Նիկոլի ընտանիքի եւ շրջապատի ցանկությունները կռահելու եւ իրագործելու անպատիվ գործը»: Ի դեպ, ՀՀ օրենսդրությունը արգելում է առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանին կալանքի գործեր քննել, քանի որ «ադաթ են սարքել»՝ Կարեն Անդրեասյանի՝ 2023 թվականի հունվար ամսին կայացրած որոշմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ Արմեն Աշոտյանի տրամադրությունը մարտական է, նա ընկճված չէ եւ իր կյանքի այդ փուլը պատվով կանցնի: Արմեն Աշոտյանը պահվում է սովորական խցում: Պաշտպանը հայտարարեց, որ Արմեն Աշոտյանի ելքը երկրից արգելելու մասով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31