Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա բարոյականության հաղթանակն է անբարոյականության դեմ»․ Անժելա Մաքյան

Հուլիս 19,2023 14:21

Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով, եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով՝ Անժելա Մաքյանի լիազորությունները վերականգնվել են։ Այս մասին տեղեկացրել է Անժելա Մաքյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Սա արդարության հաղթանակն է անարդարության դեմ: Սա բարոյականության հաղթանակն է անբարոյականության դեմ: Սա մարդկային հզոր կամքի, ճշմարտության եւ ազնվության խոսուն հաղթանակն է ամեն վայրկյան խոնարհվելու եւ նվաստացած ապրելու պատրաստ ապականված հոգու տեր մարդկանց նկատմամբ։ Իմ զենքը գրիչն է, պաշտոնը՝ կրթությունը: Ավելի լավ է ապրել արժանապատիվ՝ ազատ ու սկզբունքային, մարդկային արժեհամակարգով ու հոգեկերտվածքով, քան ծնկաչոք ու վաղվա հրամանի վախով՝ միշտ պատրաստ խոնարհումի»,-գրել է տիկին Մաքյանը

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Մաքյանը` 2014-2016թթ. իր պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով, կազմակերպությունում աշխատող 22 դասախոսների կողմից ուսանողների ՀՀ-ից դուրս գտնվելու պարագայում բացականեր չեն նշանակվել։ Նրանց քոլեջից դուրս թողնելու փոխարեն՝ տվել է դիպլոմներ։ Քրեական գործը հարուցվել էր 2021թ․-ի նոյեմբերին։ Այդ ժամանակ Անժելա Մաքյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ իր դեմ հարուցված քրեական գործը բացահայտ քաղաքական հետապնդում է։ «Որդուս` Գոռ Թադեւոսյանի՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության թեկնածու առաջադրվելու նախօրեին ՊՎԾ-ն մշտադիտարկում իրականացրեց «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում։ Քաղաքական իշխանության կողմից իրականացվում են բոլոր միջոցները նախընտրական շրջանում կասեցնելու որդուս մասնակցությունը Կապանի ավագանու ընտրություններին»,-գրել էր նա։

Հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Ֆրունզե Հովհաննիսյանի որոշմամբ։ Նույն որոշմամբ վերացվել է նաեւ Մաքյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Մոտ մեկ ամիս առաջ գրել էինք, որ մեր տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, օրեր առաջ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Անժելա Մաքյանի նկատմամբ։ Մաքյանը, ըստ ահազանգի, պաշտոնեական դիրքը օգտագործելով ՝ քոլեջից հափշտակել է իրեն վստահված գույքը։ Վարույթը հարուցվել է «ՀՀ քրեական օրենսգրքի» 446-րդ հոդ. 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) ՝ հատկանիշներով։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Aravot.am-ի հարցմանը՝ ի պատասխան նշեց, որ հունիսին նոր քրեական վարույթ չի նախաձեռնվել։ «2023թ․ հունվարին, այսինքն` հաստատության ՊՈԱԿ տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը հսկող դատախազի կողմից կայացվելուց ամիսներ առաջ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ 445-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը միացվել է 2021թ․ հարուցված եւ նույն հաստատության վերաբերյալ քննվող քրեական այլ վարույթի։ Նախաքննությունը շարունակվում է, այս պահին նշված վարույթով ՊՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չկա հարուցված»,-նշեց Գոռ Աբրահամյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը՝ Անժելա Մաքյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31