«Կանայք հանուն Արցախի» խորագրով մեկօրյա հացադուլը ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ շարունակվում է։ Այսօր հացադուլին միացել են Լարա Սեւումյանը, Մանուշ Ղազարյանը եւ «Հայրենիքի ձայն» թերթի խմբագիր, բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը։
Արցախցի Լարա Սեւումյանն ասաց, որ Արցախի շրջափակման հետեւանքով այնտեղ են մնացել հարազատներն ու ընտանիքի անդամները, իրավիճակը մտահոգիչ է։ «30 հազար երեխա այսօր սովի է մատնված, եւ մեր նպատակն այն է, որ ՄԱԿ-ն իր գործառույթն իրականացնի։ Չպետք է թույլ տայինք, որ իրավիճակն այսօրվան հասներ։ Մեր խաղաղ ակցիայի ուղերձները սա է՝ կանայք, մայրերը, ովքեր ցանկանում են, կարող են միանալ, միգուցե մեր ձայնը հասանելի կլինի միջազգային կազմակերպություններին ու պատկան մարմիններին։ Հնարավոր չէ, որ որեւէ մեկն անտարբեր մնա այսօրվա իրավիճակի նկատմամբ»,- ասաց նա։
Մանուշ Ղազարյանի խոսքով՝ արցախցիներն այսօրվա շրջափակման հետեւանքով սարսափելի՝ սննդի գրեթե բացակայության պայմաններում են ապրում։ «Մեր ուղերձը հղում ենք ՄԱԿ-ին, որպեսզի Արցախում մարդկանց առանց սնունդ չթողնի։ Որպես միջազգային կառույց, պետք է որեւէ լծակ կիրառեն, որպեսզի արցախցիների նախընտրած ճանապարհով իրենց սնունդ հասցնեն»,- ասաց նա։
«Այս ակցիայի միջոցով մեր աջակցությունն ենք հայտնում եւ ասում, որ չենք կարող ապրել մեր սովորական օրով՝ առանց այդ խնդրին անդրադառնալու։ Ես հստակ չգիտեմ, թե ինչ օգուտ կարող է տալ այս նախաձեռնությունը, բայց ես փորձում եմ գոնե անել այն, առանց ինչի իմ հոգին շատ անհանգիստ է։ Շատ ծանր է այն գիտակցումը, որ Արցախում մարդիկ զրկված են ամեն ինչից, եւ չեն կարող իրականություններն այսքան տարբեր լինել, դա նաեւ մեր իրականությունն է։ Մեր հասարակության մեջ անտարբեր մարդիկ էլ կան, սրտացավ էլ կան, կան մարդիկ, ովքեր ասում են՝ չգիտենք ինչ անել։ Ես փորձում եմ անել գոնե մի բան, չեմ կարող նստել ու ոչինչ չանել, չարձագանքել»,- հավելեց Մանուշ Ղազարյանը։
Կարդացեք նաև
Բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանն էլ նշեց, որ այսօրվա անտարբերությունը կործանարար է բոլորիս համար։ «Այսօր մեր հայրենակիցները գտնվում են ամենածանր վիճակում, հացի խնդիր կա, 120 հազար մարդ գտնվում է ծանր իրավիճակում, այդ թվում՝ 30 հազար երեխաներ։ Մենք՝ իբրեւ հայ մարդ, հայ կին, իրավունք չունենք անտարբեր լինելու։ Պետք է բոլորն այդ գիտակցության գան, որովհետեւ այսօր մեր թշնամին փորձում է մայր Հայաստանից իր զավակին խլել։ Մենք չպետք է դա թույլ տանք, եթե թույլ տանք, մեր զավակներին հերթով խլելու են՝ դա լինի հողի տեսքով, թե հենց զավակի տեսքով։ Թշնամու ախորժակը երբեք չի քչանում։ Մնում է, որ մենք ինքներս դա գիտակցենք ու տեր կանգնենք այն ամենին, ինչը պատմականորեն մերն է։ Այստեղ ենք, որովհետեւ գիտենք, որ ՄԱԿ-ն այդ գործառույթը կարող է իրականացնել՝ գոնե սնունդ հասցնել մեր հայրենակիցներին։ Մենք չպետք է լռենք, պետք է խնդրանք-պահանջ ունենալ ցանկացած կառույցից, որը կարող է օգնել։ 21-րդ դարում այսպիսի պայմաններ համընդհանուր լռության ներքո, սա ուղղակի սպիտակ ցեղասպանություն է, ինչն արդեն իրականացման ճանապարհին է, եւ մենք չպետք է թույլ տանք դա»,- ասաց Սուսաննա Ղազարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ