Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Վաչագան Ղազարյանի ունեցած բոլոր գույքերը ունեն օրինական ծագման աղբյուր, իսկ այն գույքերը որ իրեն չեն պատկանում, իրեն չպետք է վերագրվեն»

Հուլիս 19,2023 13:16

ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա հետ փոխկապակցվող Ռուզաննա Բեգլարյանի, Մհեր Ղազարյանի, Արամ Դանիելյանի, Իզաբելլա Մինասյանցի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցի քննության՝ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ դատական նիստի ավարտին Վաչագան Ղազարյանի փաստաբան Վարազդատ Ասատրյանը Atavot.am-ին ասաց. «Իմ վստահորդի դեմ գույքային հայց է ներկայացված: Որոշակի գույքեր, որ իրեն են վերագրվում, դիտարկվում են ապօրինի ծագում ունեցող, ինչը, մեր պնդումներով, չի համապատասխանում իրականությանը, ուզում են բռնագանձել: Վաչագան Ղազարյանը չունի նման ծագում ունեցող գույք: Իր ունեցած բոլոր գույքերը ունեն օրինական ծագման աղբյուր, իսկ այն գույքերը, որ իրեն չեն պատկանում, իրեն չպետք է վերագրվեն:

Մենք դատարանին հայցային վաղեմության միջնորդություն էինք ներկայացրել: Մասնավորապես, քանի որ այս իրավահարաբերության նկատմամբ, մինչ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի փոփոխությունները, գործող օրենքով ուսումնասիրության ժամկետի համար նախատեսված էր երկու տարի, այսինքն, վաղեմության հատուկ ժամկետ էր սահմանված երկու տարի: Դատախազությունը հայցի մասով փոփոխություններ է ներկայացրել ժամկետի կետանցմամբ, այսինքն, երկու տարին լրանալուց հետո: Մենք այս փաստն արձանագրելով՝ դիտարկում ենք, որ երկու տարի ժամկետ են բաց թողել, հետեւաբար, կիրառելի է հայցային վաղեմություն, ու դատախազության ներկայացված պահանջները մերժման ենթակա են:

Այսօր ներկայացված միջնորդությունը դարձավ քննության առարկա: Մենք ներկայացնում էինք մեր հիմնավորումները, որ դատախազությունը պահանջները ներկայացրել է ժամկետի բացթողմամբ, իսկ դատախազության ներկայացուցիչ Միհրան Բուլղադարյանը հակառակ հիմնավորումներն էր փորձում ներկայացնել, որոնց հետ մենք համակարծիք չենք, որովհետեւ օբյեկտիվ իրականության մեջ ներկայումս ներկայացված պահանջը որեւէ կերպ չի կարող որակվել որպես նախկինում ներկայացված պահանջ: Այստեղ նաեւ պարզ տրամաբանական հակասություն կա եւ ներկայացված պահանջներն էլ բովանդակային փոփոխություն են կրել: Այսինքն, ըստ էության, նոր պահանջներ են ներկայացվել մեր վստահորդի դեմ»:

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատավոր Կարապետ Բադալյանը կոնկրետ միջնորդության մասով նախաքննությունը համարեց ավարտված: Նա դատական ակտ կհրապարակի հուլիս 26-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31