Azatutyun.am – Ավստրիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը մտահոգիչ է։ Այդ մասին Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
«Դեռ շատ բաց հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն: Դրանց թվում կա մեկ մարդասիրական խնդիր, որը մեզ մեծ անհանգստություն է պատճառում՝ դա Լաչինի միջանցքի շրջափակումն է: Դրան պետք է վերջ դրվի», – Շալենբերգի խոսքերն է մեջբերել Ավստրիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Շալենբերգն իր աջակցությունն է հայտնել Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդությամբ Երևանի և Բաքվի բանակցություններին։
«Ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ, և ես հուսով եմ, որ ի վերջո կձևավորվի կայուն խաղաղության համաձայնագիր», – ասել է ավստրիացի նախարարը։
Կարդացեք նաև
Շալենբերգն ասել է նաև, որ Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր։