Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Աբրահամյան․ Թույլ չենք տալու, որ հումանիտար բեռների անվան տակ սկսենք ադրբեջանական ինտեգրացիան․ «Հրապարակ»

Հուլիս 19,2023 10:31

Արցախի խորհրդարանականների մեծ մասը երեկ ընդհատակ էր անցել, մի քանիսը չցանկացան հրապարակային կարծիք հայտնել, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի  կարծիքով՝ պայքարի ընտրված ձեւաչափն այնքան էլ «ազնիվ» չէ, որովհետեւ նստացույց անող նախագահի ընտրած հասցեատերերը ստեղծված խնդրում երկրորդական են։

«Պետք է գլխավոր մեղավորի առջեւ պահանջ դնել, իսկ այդ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։ Քանի դեռ չի լինի հասցեական պահանջ, այս ակցիան կասկածի տեղիք է տալիս, որ այն ընդամենն իմիտացիա է, բայց ոչ իրական պայքար»,- նշեց Գալստյանը՝ չցանկանալով նախագահի հետ հանդիպման մանրամասները պատմել։

Դաշնակցական նախկին պատգամավոր Արթուր Սարգսյանն ասաց, որ ողջունում է Արայիկ Հարությունյանի քայլը։ «Բոլորս կարծում ենք, որ արդյունավետ կլինի, եթե չկարծեինք, նախագահը նստացույց չէր անի»,- ասաց նա: Երբ փորձեցինք ճշտել, թե, այսինքն, Հարությունյանը նախապես իրենց հետ քննարկե՞լ է այս քայլը, Սարգսյանը բացասական պատասխան տվեց․ «Եթե մեր սպասումները չարդարացան, ապա նախագահն իր ելույթի մեջ նշեց, որ անցնելու ենք ավելի կոշտ մեթոդների, թե ինչպիսի, ես չեմ կարող ասել, դեռ չի քննարկվել»։

ՀՅԴ-ականն ընդգծեց, որ նստացույցի մեսիջը միայն աշխարհին չէ ուղղված, այլեւ՝ ողջ հայությանը․ «Պետք է բոլորը բռունցքվեն, որ ավելի արագ մեր պահանջը տեղ հասցնենք»։ Արթուր Սարգսյանը չի ընդունում նստացույցի առիթով հնչած քննադատությունները․ «Ով ուզում է գործից փախչել եւ ցույց տալ փրփուրի վրա իր դերակատարությունը, ամեն ինչ կարող է ասել։ Մենք արել ենք դա, եւ եթե կան առաջարկություններ․․․ չպետք է առաջարկեն՝ քայլեր չձեռնարկել, պետք է բոլորս միասնական փորձենք դուրս գալ այս ծանր իրավիճակից»։ Ինչ վերաբերում է քննադատություններին, որ պետք է նախեւառաջ Փաշինյանից պարզաբանումներ պահանջել, Սարգսյանն ասաց․ «Նախագահը գիտի իր հաշվարկը եւ հստակ քայլեր է անում, մնացածը կարող եք իրեն հարցնել, իսկ որ մենք ասել ենք, որ այս ամենի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, դա նորություն չէ»։

Ավելի ուշ տեղեկացանք, որ արցախցիները բետոնե բլոկներով փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը: Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի անդամ Արշակ Աբրահամյանը մեզ ասաց. «Տեղը պատահական չէ ընտրված, թույլ չենք տալու, որ հումանիտար բեռների անվան տակ սկսենք ադրբեջանական ինտեգրացիան՝ սոցիալ-տնտեսական ինտեգրում չպետք է թույլ տանք։ Հաջորդ քայլը կլինի առեւտուր անելը, իսկ վերջնարդյունքը կլինի Արցախի վերջնական կլանումն Ադրբեջանի կողմից»: Արցախցիները պատրաստ են դիմել ցանկացած քայլի՝ թույլ չտալու Ադրբեջանի հետ ինտեգրումը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31