Լրահոս
Օրվա լրահոսը

Հազարավոր օգտագործված ավտոմեքենաներ բերվել են Կովկաս․ Հայաստանի դեպքում դա հանգեցրել է հսկայական բումի․ «Ամերիկայի Ձայն»

Հուլիս 19,2023 10:18

Հազարավոր օգտագործված ավտոմեքենաներ բերվել են Կովկաս՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի արգելքները շրջանցելու համար: Բրիտանական The Financial Times պարբերականը կրկին անդրադարձել է Հայաստանից դեպի պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստան ապրաքաշրջանառության ծավալների մեծացման հարցին:

Պոլինա Իվանովայի հեղինակությամբ The Financial Times-ի հոդվածը պատմում է արևմտյան երկրներից ավտոմեքենաների Հայաստան ներկրման և դրանց Ռուսաստան վերաարտահանման մասին: Գյումրիից և Երևանից Իվանովան հաղորդում է, որ Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի ծայրամասում գտնվող մաքսատան շենքից մեքենաների շարքերը շարժվում են տարբեր ուղղությամբ։ Ավտոմեքենաներից շատերը վնասված են:

Ըստ հեղինակի՝ ավտոմեքենաների միջև շրջում են ռուս երիտասարդներ: «Նրանց համար Կովկասի այս անկյունը դարձել է առանցքային կետ զարգացող առևտրային ճանապարհի վրա, որտեղից օգտագործված ավտոմեքենաներ են ներմուծվում Ռուսաստան»: Հեղինակը հիշեցնում է՝ Մոսկվայի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման հետ կապված պատժամիջոցները արգելափակել են արևմտյան ապրանքանիշի ավտոմեքենաների ներմուծումը երկիր:

«Հայաստանը ավտոմեքենա արտադրող երկիր չէ, սակայն ավտոմեքենաների արտահանումը փոքր երկրից Ռուսաստան աճել է անցյալ տարվա Ուկրաինա ներխուժումից հետո՝ 2022 թվականի հունվարին արձանագրված 800 հազար դոլարի չափով ավտոմեքենաների արտահանումից հասնելով մինչև այս տարվա նույն ամսին 180 միլիոն դոլարից մի փոքր ավելի»:

«Ռուսաստանում բոլոր ավտոդիլերները փակվել են, BMW-ն, Audi-ն, ամեն ինչ»,- ասում է երիտասարդ մի վաճառող: Ինչպես Գյումրիի մաքսային տերմինալում աշխատող մյուս ռուսները, նա հրաժարվեց հայտնել իր անունը:

Ըստ հեղինակի՝ այստեղ ամենուրեք կարելի է հանդիպել բրոկերային ընկերությունների հայտարարություններ՝ «տրանսպորտային միջոցներ գնում ԱՄՆ-ի աճուրդներում», «փակ կոնտեյներով տեղափոխում Գյումրի», «վերարտահանում դեպի Ռուսաստան»:

Ըստ հոդվածի հեղինակի՝ «ավտոմեքենաներն ամենավառ օրինակն են, սակայն Հայաստանից Ռուսաստան այլ ապրանքների արտահանումը նույնպես աճել է, ինչը հանգեցրել է երկու երկրների միջև առևտրի գրեթե կրկնակի աճի 2022 թվականին»։

Ռուսաստանցի սպառողները դիմել են երրորդ երկրներին՝ այնտեղ փնտրելով այն ապրանքատեսակները, որոնք անհետացել են արևմտյան պատժամիջոցների և կորպորացիաների հեռանալու հետևանքով: Այդպիսի երկրներից են Հայաստանը, Թուրքիան և Ղազախստանը, որոնք տեղակայված են սպառողական ապրանքաշրջանառության առևտրային նոր ճանապարհի կենտրոնում, նշված է հոդվածում:

Հայաստանի դեպքում դա հանգեցրել է հսկայական բումի, որի համախառն ներքին արդյունքը 2022 թվականին աճել է ռեկորդային 13 տոկոսով, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Բայց դա նաև հիասթափեցրել է արևմտյան երկրներին: ԱՄՆ պաշտոնյաները մարտին Հայաստանը ներառել են այն պետությունների թվում, որոնք օգտագործվում են դեպի Ռուսաստան «արգելված ապրանքներ տեղափոխելու համար»: ԵՄ-ի վերջին պատժամիջոցների փաթեթը, որը ուղղված է երրորդ երկրների շրջանցումը կանխելուն, պատասխանատուների թվում ներառել է նաև Հայաստանում գործող կազմակերպություններին:

Հայաստանի կառավարությունը կտրականապես հերքում է մեղադրանքը։ Պատժամիջոցների շրջանցման մասին հաղորդումները «ոչ այլ ինչ են, քան ասեկոսեներ», մարտին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իրականությունը ճիշտ հակառակն է»:

«Հայաստանի ղեկավարությունը հստակորեն հրապարակայնորեն հայտարարել է բոլոր ռիսկային ապրանքների առևտուրը սահմանափակելու իր հանձնառության մասին», – հայտնել է ԱԳՆ-ն՝ հավելելով, որ սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ և կազմել է ապրանքների ցանկ, որոնք կարող են օգտագործվել ռուս զինվորականների կողմից: Վերջիններս այժմ գտնվում են խիստ վերահսկողության տակ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31