Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը սխալվում է, որ Հայաստանը համաձայնել է Մեղրին փոխանակել Արցախի հետ

Հուլիս 19,2023 00:03

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ ամիս փորձեց շեղել ուշադրությունը Հայաստանի ներկա ողբերգական իրավիճակից՝ մեղադրելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին։ Սա սովորական հնարք է, որը Հայաստանի ներկայիս ղեկավարի կողմից օգտագործվում է Արցախյան պատերազմում իր պարտությունը քողարկելու և երկրի ազգային շահերը չպաշտպանելու համար։

Սա չի նշանակում, որ նախկին ղեկավարներն անթերի էին։ Նրանք բազմաթիվ սխալներ են թույլ տվել, և ես բազմիցս քննադատել եմ նրանց՝ նախագահականում դեմառդեմ նստած։ Նրանք, ովքեր Փաշինյանի հասցեին իմ հնչեցրած քննադատությունները որակում են որպես նախկին ղեկավարների պաշտպանություն, բացարձակապես սխալվում են։

Ահա թե ինչ է ասել Փաշինյանն անցյալ ամիս, երբ վկայություն էր տալիս 2020 թվականի Արցախյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում. «2000 թվականի հունիսի 2-ին «Առավոտ» օրաթերթում հրատարակվել է հետևյալի մասին, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2000 թվականի ապրիլի 25-ին Գլենդելի [Կալիֆորնիա] հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում, իր բնորոշմամբ, «շատ մասնավոր, ոչ պաշտոնական ելույթի» ժամանակ, հայտարարել է հետևյալը. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։ Փաշինյանը հավելեց. «Ելույթը հրապարակվել է «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթում (2000 թ.), որը նաև մեջբերել էր Օսկանյանի այն խոսքերը, որ վերոնշյալ առաջարկում, «ինչ-որ տրամաբանություն կա» և «պետք է դրվի լուրջ քննարկման…»։

Քանի որ Փաշինյանը հղում արեց 2000 թվականի մայիսի 25-ին «Կալիֆորնիա կուրիեր» թերթում իմ գրած խմբագրականին, որից մի քանի տող վերատպվել էր «Առավոտ» օրաթերթում, կցանկանայի պարզաբանել այն՝ մեջբերելով 23 տարի առաջ գրած հոդվածիցս՝ «Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ. լա՞վ գաղափար, թե՞ քաղաքական ինքնասպանություն» վերնագրով։

Այն, ինչի մասին ակնարկում է Փաշինյանը, 1992 թվականին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հատուկ խորհրդական Փոլ Գոբլի առաջարկն էր՝ Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող հարավային շրջանը՝ Մեղրին, Արցախի հետ փոխանակելու վերաբերյալ։ Այդ գաղափարը մերժվեց այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, իսկ այնուհետև՝ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի կողմից։

Փաշինյանը մասամբ խեղաթյուրում է Գլենդելում Օսկանյանի ասածը. 2000 թվականի իմ խմբագրականում ես մեջբերել եմ Օսկանյանի խոսքերը. «Բազմաթիվ խոսակցություններ կան ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Քննադատություններ կան, թե Հայաստանի իշխանությունները ցանկանում են Մեղրին տալ Ադրբեջանին։ Իրականում այդ լուրերի մեջ ճշմարտության փոքր տոկոս կա։ Տարածքների փոխանակման վերաբերյալ նման առաջարկ է արվել Հայաստանի Հանրապետությանը՝ Հայաստանի նախագահին։ Սակայն նման առաջարկը մերժվել է։ Հայաստանը դա չի ընդունել որպես բանակցությունների հիմք»։ Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ այս առաջարկը մերժվել է Հայաստանի կառավարության կողմից։ Ապացույցն այն է, որ Մեղրին չի փոխանակվել Արցախի հետ։

Այդուհանդերձ, Օսկանյանը շարունակեց իր ելույթը՝ հարցեր բարձրացնելով իր պնդման առնչությամբ, որ Հայաստանը մերժել է Գոբլի ծրագիրը։ Փաշինյանն այժմ շահարկում է Օսկանյանի լրացուցիչ հայտարարությունը։

Ահա թե ինչ է ասել Օսկանյանն իր լրացուցիչ հայտարարության մեջ, որի մասին ես հայտնել եմ 2000 թվականի իմ հոդվածում. «Բայց թույլ տվեք ասել հետևյալը. ես չեմ ուզում, որ դուք ինձ սխալ հասկանաք։ Դա մերժվել է, այն կմերժվի, և դա իրագործելի ծրագիր չէ։ Այնուամենայնիվ, սա այնպիսի առաջարկ է, որի մասին արժե մտածել։ Դա տեղի չի ունենում: Դա տեղի չի ունենա, բայց երբ մարդիկ ասում են, որ դավաճանություն է նույնիսկ դրա մասին մտածելը, ես կուզենայի պատասխանել դրան։ Եկեք մի փոքր խորը մտածենք դրա մասին: Այս առաջարկը որոշակի տրամաբանություն ունի։ Պարզապես զուտ էմոցիոնալ հիմքով նման առաջարկը մերժելը սխալ է։ Մենք դա արել ենք։ Մենք պետք է լրջորեն վերլուծենք դա։ Հետաքրքիր է՝ միգուցե մենք սխալվում ենք՝ ոչ ասելով։ Ինչի՞ց ենք մենք վախենում։ Ինչո՞ւ չենք վերլուծում։ Տաբու՞ է։ Եկեք ստուգաթերթ կազմենք, եկեք վերլուծենք թերթերում: Այն ունի դրական և բացասական կողմեր: Այն, ինչի համար ես կոչ եմ անում, այն է, որ այս հարցի շուրջ հնարավոր լինի շատ առողջ բանավեճ և երկխոսություն ծավալել, քանի որ այս առաջարկի մասին արժե մտածել»:

Չգիտեմ, թե ինչու էր Օսկանյանը փոխանակման առաջարկը բազմիցս մերժելուց հետո շարունակել ասել, որ «արժե մտածել»։ Իմ կարծիքով մտածելու բան չկար։ Դա ակնհայտորեն անընդունելի առաջարկություն էր, որով Հայաստանին առաջարկվում էր փոխանակել հայկական մի տարածքը՝ Արցախը, հայկական մեկ այլ տարածքի՝ Մեղրիի հետ։ Օսկանյանի սպեկուլյատիվ խոսքերն առիթ տվեցին Փաշինյանին մեղադրելու նրան՝ անգամ նման վատ գաղափար նկատի ունենալու համար։

2000 թվականի իմ խմբագրականը ես ավարտել եմ հետևյալ խոսքերով. «Հայաստանը նման փոխանակումից ոչինչ չի շահի, սակայն շատ բան կկորցնի»: Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին։

Ի վերջո, նրանց համար, որոնք կարծում են՝ քանի որ Հայաստանը կորցրեց Արցախի մեծ մասը 2020 թվականի պատերազմում, գուցե Օսկանյանը ճիշտ էր, երբ դիտարկում էր Մեղրին Արցախի հետ փոխանակելը, պետք է ասեմ, որ Ադրբեջանի անհագ ախորժակը չի բավարարվում Արցախի կամ նույնիսկ Մեղրիի գրավմամբ։ իմպերիալիստական նկրտումները տարածվում են ամբողջ Հայաստանի վրա։ Հայաստանի ղեկավարները որքան շատ գնան տարածքային զիջումների, այնքան Ադրբեջանին կխրախուսեն պահանջել ավելի շատ հայկական տարածքներ: Միակ լուծումը հայկական զինված ուժերին ժամանակակից մահաբեր զենքով զինելն է և իր տարածքը ադրբեջանական հետագա ներխուժումներից պաշտպանելը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31