Պաշտոնական Երեւանը մեկ անգամ եւս փաստեց, որ միակ բանը, որին ունակ են հայկական կողմերը` միջազգային հանրության մոտ խղճահարություն առաջացնելն ու քաղաքակիրթ աշխարհից աջակցություն հայցելն է
Բրյուսելում հուլիսի 15-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը գրեթե երեք ժամ բանակցություններ վարեցին: Բանակցություններից մեկ օր առաջ արդեն հայտնի էր, որ Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպմանը քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր:
«Ազատություն» ռադիոկայանին Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով, հայտնել էր. «Մեր համոզմամբ, առաջնորդների մակարդակով հանդիպումները առանցքային նշանակություն ունեն խաղաղ կարգավորումն առաջ մղելու եւ նոր բախումներից խուսափելու համար»։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` բրյուսելյան բանակցությունների օրակարգում մարդասիրական խնդիրներն էին, սահմանի դելիմիտացիան, խաղաղության համաձայնագիրը, Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը։
Վերջին անգամ այս ձեւաչափով առաջնորդները հանդիպել էին երկու ամիս առաջ՝ վերահաստատելով հանձնառությունը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ: «Մայիսի 14-ին մենք, ըստ էության, կատարեցինք եւս մի քայլ, եւ ինչպես նշված է Եվրոպական խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի հանդիպմանը հետեւած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը», – նշել էր նույն աղբյուրը:
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահը այս ընթացքում նախընտրում խոսեց բացառապես Բաքվի պահանջների մասին: Արեւմուտքի հորդորները` ուղիղ խոսել Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ՝ երաշխավորելու նրանց իրավունքները եւ անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ, Ալիեւն ուղղակի անտեսում էր: Ավելին, Ալիեւը, պնդում էր, թե ԼՂ-ն հավելյալ անվտանգության ու իրավունքների կարիք չունեն, դրանք` «արդեն իսկ երաշխավորված են Ադրբեջանի սահմանադրությամբ», այսինքն, Բաքվի դիրքորոշման համաձայն` եթե որեւէ մեկը չի ուզում ապրել Ադրբեջանի օրենսդրության տակ, կարող է հեռանալ։
Այսինքն, Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը՝ միջազգային հանրության համագործակցությամբ, որը պաշտոնական Երեւանի նպատակն է, իրականություն չի դարձել, թեեւ պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ դա կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը։
Մայիսյան հանդիպումից հետո Շառլ Միշելը նաեւ նշել էր, թե ըմբռնում կա, որ շաբաթներ անց ձերբակալվածների ազատ արձակում է լինելու։ Սակայն, ադրբեջանական բանտերում պահվող հայերից որեւէ մեկին ադրբեջանական ազատ չարձակեց։ Դեռ ավելին, այս ընթացքում Ադրբեջանը Հայաստանի տարածքից երկու զինվորի է առեւանգել՝ դատապարտելով 11,5 տարվա ազատազրկման։
Բրյուսելյան բանակցությունների օրը հայտնի դարձավ, որ Փաշինյան-Միշել հանդիպմանը ՀՀ վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը: «Զրուցակիցները քննարկել են այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը, ինչպես նաեւ նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր», ասվում էր ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է եռակողմ Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպմանը, ապա հայտնի է, որ քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաեւ գերիների, անհետ կորածների եւ այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: ՀՀ կառավարությունից նաեւ հայտնում էին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ:
Բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահը կարեւոր համարեց` «Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը», միաժամանակ շեշտեց, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։
Այս թեմային անդրադարձ կատարվեց օրերս, երբ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել էր, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով «օգնություն ցուցաբերելու» հնարավորությունը։
«Ես շեշտել եմ, որ անհրաժեշտ է բացել Լաչինի ճանապարհը, նաեւ ընդգծել եմ Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակն էլ կարեւոր եմ համարում եւ կոչ եմ անում երկու կողմին էլ իրականացնել հումանիտար մատակարարումներ, որպեսզի տեղի բնակչության կարիքները բավարարվեն», – ասել էր Շառլ Միշելը՝ նաեւ ողջունելով միջազգային Կարմիր Խաչի կողմից բժշկական տարհանումների վերսկսումը։
Անկեղծ ու բովանդակային գնահատելով հայ-ադրբեջանական վերջին բանակցությունները՝ Եվրոպական խորհրդի նախագահն անդրադարձել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը։ «Տեղի բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների ու անվտանգության վերաբերյալ։ Այս համատեքստում ես արտահայտել եմ Եվրամիության աջակցությունը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի եւ Բաքվի ուղիղ երկխոսությանը։ Այս երկխոսությունը պետք է ապահովի բոլոր կողմերի համար այդքան անհրաժեշտ վստահությունը», – ըստ «Ազատության», ընդգծել էր Միշելը: Իսկ անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ նա նկատել էր, թե այժմ դրանց ամենավճռական փուլն է. «Ես գովաբանում եմ առաջնորդներին խաղաղության գործընթացի նկատմամբ իրենց հստակ հանձնառության համար եւ կոչ եմ անում նրանց ձեռնարկել հաջորդ խիզախ քայլերը՝ ապահովելու կարգավորման ճանապարհին վճռական ու անշրջելի առաջընթաց»։
Խոստովանելով, որ այս հանդիպումը կայացավ աճող լարվածության ֆոնին, Շառլ Միշելը կարեւորել էր քաղաքական քննարկումները՝ տեղեկացնելով, որ այս անգամ եւս Փաշինյանն ու Ալիեւը վերահաստատել են հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ։ «Հետեւաբար՝ Հայաստանի տարածքը կազմում է 29 800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86 600։ Երկու առաջնորդներն էլ հաստատեցին իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որն ընդունում են որպես սահմանազատման համար քաղաքական հիմք։ Այս առիթով մենք ողջունում են երկու երկրների սահմանային հանձնաժողովների հուլիսի 12-ի հանդիպումը։ Այս հանձնաժողովների կանոնադրության եւ դելիմիտացիայի հիմքերի շուրջ աշխատանքն առաջ է գնացել։ Եվ դա շատ կարեւոր է, ղեկավարները համաձայնեցին արագացնել հանձնաժողովների աշխատանքը», – նշել է ԵՄ խորհրդի նախագահը:
Ի դեպ, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ՝ կողմերը նաեւ հստակ առաջընթաց են գրանցել հաղորդակցության վերականգնման շուրջ. «Վերջին երկու ամսվա նրանց քննարկումների նպատակը տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումն էր։ Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերի տեխնիկական դետալները, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքները։ Երկաթուղու շինարարությունը պետք է անհապաղ առաջ գնա, Եվրամիությունը պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել։ Որոշ դետալներ դեռ հստակեցման կարիք ունեն, բայց այս հարցում դիրքորոշումներն ավելի են մոտեցել եւ ակտիվորեն տարբերակներ են քննարկվել»։
Շառլ Միշելը խոսել է ձերբակալվածների մասին. «Առաջնորդները վերահաստատեցին ջենտլմենական ընկալումը, որ այն զինվորները, որոնք պատահաբար են հատել սահմանը, նրանց հարցը պետք է լուծվի։ Ես հորդորեցի, որ երկու կողմում ձերբակալվածներն ազատ արձակվեն։ Քննարկվել է նաեւ անհետ կորածների ճակատագրի հարցը եւ այդ նպատակով համագործակցության ապահովման կարեւորությունը, եւ ես եւս մեկ անգամ ասել եմ, որ հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակվի»: Նա նաեւ հայտնեց, որ նպատակ ունեն ամռանից հետո Փաշինյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում կազմակերպել` Եվրոպական քաղաքական հաջորդ գագաթնաժողովի շրջանակում՝ արդեն Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ։
Ի դեպ, բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հայտնեց, թե Ալիեւ-Փաշինյան-Միշել բանակցությունների ընթացքում քննարկվել է այդ թվում` «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումը եւ ապօրինի կազմավորումների զինաթափումը»։
Փաշինյանի կողմից Միշելին Արցախի նախագահի նամակի հանձնման ժեստով պաշտոնական Երեւանը մեկ անգամ եւս փաստեց, որ միակ բանը, որին ունակ են հայկական կողմերը` միջազգային հանրության մոտ խղճահարություն առաջացնելը եւ քաղաքակիրթ աշխարհից աջակցություն հայցելն է: Պաշտոնական Երեւանի վճռական դիրքորոշում, նախաձեռնողական քաղաքականության նշույլ չկա: Ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանին առայժմ չի հաջողվել, խաղաղության օրակարգին հավատարիմ լինելով, հայկական կողմի որեւէ առաջարկ, նպատակ կյանքի կոչել:
Պաշտոնական Ստեփանակերտն ավելի վաղ հրապարակել էր նամակի այդ բովանդակությունը. «Ես, որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ, Արցախի իշխանության եւ ժողովրդի անունից այս հրատապ դիմումով ահազանգում եմ միջազգային հանրությանը Արցախում ձեւավորված ու խորացող անվտանգային ու հումանիտար ճգնաժամի մասին, որն արագորեն վերածվում է աղետի: Այս վիճակը ձեւավորվել է Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետեւանքով: 120 հազար մարդ շրջափակման մեջ է, արցախցիների տեղաշարժը Լաչինի միջանցքով արգելված է։ Ադրբեջանը խափանել է արցախցիների էներգամատակարարումը, անջատել գազը։ Խանութներում այլեւս մթերք չկա։ 2 հազար հղիներ ու շուրջ 30 հազար երեխաներ թերսնված են»:
Շառլ Միշելին եւ միջազգային հանրությանն ուղղված նամակում նշվում է, որ առկա իրավիճակը պայթյունավտանգ է եւ հղի շատ կարճ ժամկետում վերածվելու իրական աղետի ոչ միայն Արցախի ժողովրդի, այլեւ՝ ողջ տարածաշրջանի համար: Արցախի նախագահը պահանջել էր ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում կիրառել հրատապ քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը եւ կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ իրագործվող զանգվածային հանցագործությունները եւ ահաբեկչությունը։
Ու մինչ հայկական կողմը Արցախում ստեղծված հումանիտար աղետով պայմանավորված հայտնի իրողությունների մասին նամակ հղեց միջազգային հանրությանը բրյուսելյան եռակողմ հանդիպման մեկնարկին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որով եւս արձանագրվում է հայկական կողմի ձախողումը:
Ամփոփումը` վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ