Այս գործով ութ տուժողներից մեկը վերաքննիչ բողոք կբերի
2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ էր մտել 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը, որի 483-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Այն քրեական գործերը, որոնցով մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում եւ լուծվում են մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»: Դատարանն այս քրեական գործը քննում էր 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներով: Քրեական գործով դատական քննություն նշանակվել էր 2021 թվականի հոկտեմբերի 18-ին: Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:
Նախաքննության մարմնի կողմից Վիլիկ Շահնազարյան Ղեշլաղին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1 դրվագ), 178-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա Մ. Պ.-ի եւ վերջինի տիկնոջ համար 8.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ԱՄՆ մուտքի վիզաներ ձեւակերպելու պատրվակով, 2017թ. հոկտեմբերի 7-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում, ապա հոկտեմբերի 10-ին Երեւանի Հանրապետության հրապարակում խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 1.894.000 ՀՀ դրամին համարժեք 3950 ԱՄՆ դոլար գումար, սակայն չկարողանալով վերջինից հափշտակել նաեւ մնացած գումարը` ավարտին չի հասցրել հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում:
Մեկ այլ դրվագով՝ Վ. Շահնազարյանը «Օպերա Սյութ» հյուրանոցում բնակվելու ժամանակ չարաշահելով հյուրանոցի աշխատակից Ա. Գ.-ի մոտ ձեռք բերած վստահությունը. «վերջինին անհիմն կերպով խոստացել է 700 ԱՄՆ դոլարի դիմաց ԱՄՆ-ում գտնվող, «Apple» ընկերությունում աշխատող իր բարեկամի միջոցով պատվիրել եւ ՀՀ ներկրել «Այֆոն Իքս» տեսակի բջջային հեռախոս», հյուրանոցի 12-րդ հարկում գտնվող ճաշարանում Ա. Գ.-ից առձեռն ստացել է պահանջած 336.500 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար գումարը…
Կարդացեք նաև
Վ. Շահնազարյանն այս գործով տուժողներից մեկի՝ Անի Ավոյանի համար Ֆրանսիայի մուտքի վիզա ձեւակերպելու պատրվակով, խոստումներ տալով` 2018 թվականի ապրիլ ամսին պահանջել, ստացել եւ խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 4.783.680 ՀՀ դրամին համարժեք 8000 եվրո գումար:
Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երեւան քաղաքի դատարան, 2018 թվականի հուլիսի 25-ին ընդունվել էր նույն դատարանի դատավոր Ա. Մաթեւոսյանի վարույթ:
2019 թվականի հուլիսի 4-ին մեղադրող Ս. Հակոբյանը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան` Վ. Շահնազարյանի նկատմամբ ընտրված «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը փոփոխելու եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին` հաշվի առնելով, որ ամբաստանյալը խախտել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները: Դատարանի 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ` մեղադրող Ս.Հակոբյանի միջնորդությունը բավարարվել էր: Ամբաստանյալի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Այս գործով տուժող Ա. Ավոյանի մայրը «Առավոտին» ներկայացրեց այդ ժամանակ հետախուզման մեջ գտնվողի նոր անձնագրի պատճենը, ինչը քննիչը «չի նկատել»: Այս գործով Կենտրոնի քննչական բաժնի քննիչը՝ Ա. Թովմասյանը նույնպես անազատության մեջ է…
Մասնավորապես, 2017թ. հոկտեմբերի 27-ին հարուցվում է քրեական գործ, իսկ նա օրեր հետո՝ հոկտեմբերի 31-ին ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Տուժողի մայրը՝ Սիրվարդ Ավոյանը, «Առավոտին» է ցույց տալիս բազմաթիվ նամակներ, հաղորդում հանցագործության մասին, մասնավորապես, որ դիմել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ նախկին, ներկա գլխավոր դատախազներին, ցույց տվել նույն նկարով, նույն անձին պատկանող, սակայն անհատական տվյալների մեջ եղել է էական տարբերություններ ունեցող մեղադրյալի փաստաթղթերը:
Ըստ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի, վերաքննիչ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ եւ նշանակվել քննության Վերաքննիչ դատարանի դռնփակ դատական նիստում 2019 թվականի օգոստոսի 5-ին:
2023 թվականի ապրիլի 3-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-118-Ա հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մաթեւոսյանը նշանակվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր եւ սույն քրեական գործը հանձնվել է վերաբաշխման: Արդյունքում գործը վերաբաշխվում է դատավոր Էդուարդ Մկրտչյանին: Վերջինն իր անդրանիկ նիստը նշանակում է մայիսի 4-ին: Դատարանում հանդես գալով, այլ երկրի քաղաքացի ամբաստանյալի պաշտպանը միջնորդություն է ներկայացնում, քրեական գործի վարույթը կարճել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Ուշադրության է արժանի այն, որ մեղադրող Գ.Հայրապետյանը չի առարկում պաշտպանի միջնորդությանը, այս գործով ութ տուժողներից միայն երկուսն են առարկում՝ Ա. Ավոյանը եւ Ռ. Նազարյանը:
Այս տարվա հունիսի 7-ին դատարանը որոշում է դադարեցնել քրեական հետապնդումը, խափանման միջոց կիրառված գրավը վերացնել, գրավի գումարը վերադարձնել գրավատուին (մինչ օրս ՖԲ սոցիալական ցանցում մեղադրյալի անունը գրելուն պես հայտնվում է նրա նկարը, տարատեսակ տուժողների քննարկումները մեկ միլիոն գումարի դիմաց գրավ կիրառելու մասին-Ռ.Մ.), իսկ տուժող Ա. Ավոյանի հայցը թողնել առանց քննության: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կվերացվի, ըստ դատարանի որոշման, ամբաստանյալի գույքի վրա դրված կալանքը:
Ո՞վ է տուժողը, եւ ի՞նչ անմարդկային վիճակում թողեցին նրան
Անին կայքով ծանոթանում է մեկի հետ, ով խոստանում է նրան տեղափոխել Ֆրանսիա: Նրան մոտեցած Վիլիկը ներկայանում է որպես «Ինտերպոլի պետ»:
Անին մասնագիտությամբ պարուհի էր, բալետի արտիստ, ուներ օպերային հզոր ձայն՝ մեծ դիապազոնով, օժտված էր նաեւ նկարելու տաղանդով:
Կրթություն է ստացել Կիպրոսում, ապա մոր՝ երաժիշտ-դաշնակահար Սիրվարդ Ավոյանի հետ վերադարձել են հայրենիք:
Երբ հանդիպում են, ըստ Անիի, Վիլիկի հետ, վերջինը նրան ասում է, որ «իր գլխին գործ են սարքել, լուրջ վտանգ կա, եթե Անին տրամադրի գումար, ապա իր օգնությամբ կարող է ձեռք բերել ֆրանսիական անձնագիր, անհապաղ կհեռանա երկրից, իսկ եթե բռնեն՝ կտանեն հոգեբուժարան»: Անիի մոտ առաջացել էր միամտւթյուն, դեպրեսիվ վիճակ, դյուրահավատություն…
Ըստ Անիի մոր. «Նա ինձ ասաց՝ ուղարկել են աղջկադ հետեւից», իսկ թե ով, չասաց…
Այս գործով տարատեսակ բողոքներից, նախաքննության ժամանակ տուժողների բացատրություններից պարզ է դառնում, որ Վիլիկը հափշտակում է ոչ միայն Անիի հիվանդության համար նախատեսված գումարները, այլ նաեւ մոր հիվանդության, ապրուստի միջոց- գումարները…
2018 թվականից նա 9500 եվրոյի չափ գումար է վերցրել Անիից, իսկ դա ամեն անգամ տեղի է ունեցել այսկերպ. Անին հիվանդության համար փոխանցած գումար է ստացել բանկով, նա եկել է Անիի հետեւից բանկ, վերցրել դրանք:
Այս պահին Անիի նկարներն են սեղանիս, երբեք չեք ասի, թե խոսքը նույն պայծառ, ընդգծված կազմվածքով, մեծ ապագա ունեցող հայ աղջկա մասին է, երկրորդ նկարում հյուծված, հայացքը կորցրած, իր տարիքից մեծ երեւացող մեկն է…
Այս գործով էական նշանակություն ունի բանկերի վիդեոտեսագրությունների՝ ապացույցների գոյությունը: Տուժող կողմը դիմել էր բանկերին, նրանք վերահաստատել են, որ առկա են, պահպանված տեսագրությունները:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանն այս խայտառակ դատական գործընթացից առաջ՝ նախաքննության փուլում, հետո՝ դատական գործընթացների ժամանակ դիմելով, տուժող կողմը պահանջում էր իրենցից հափշտակված գումարների փոխհատուցում, տեղեկացնում էին, որ աղջկա տեղաշարժը որոշ ժամանակով սահմանափակվել է, անգամ Վիլիկի մասնակցությամբ «դուրս» է ուղարկվել Անին, մի որոշ ժամանակով, վերադարձել նոր հիվանդություններ շալակած, անճանաչելի…Ըստ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Արտաշիսյան» պոլիկլինիկայի ամբուլատոր բժշկական քարտի, առկա է քաշի դեֆիցիտ, սրտի ռիթմի խանգարում, լյարդում, փայծաղում, երիկամներում առկա են լուրջ խնդիրներ, որոնք անցյալում չեն եղել, ըստ «Նեւռոզների կլինիկա» ՓԲ ընկերության՝ ախտորոշվել է «Տագնապային վիճակ»: ԱԱԾ էր ուղարկվել ամբաստանյալի եւ Անիի միջեւ Whatsapp-ով խոսակցությունները (16 էջ):
Դեռ դատաքննության փուլում տուժող կողմը միջնորդել էր, որպեսզի դատավորը փոխարինվի այլ դատավորով, քանի որ ձգձգում են դատական նիստերը… Դատարանի հունիսյան որոշմամբ ակնհայտ է դառնում, որ երկարաձգումը մի խնդիր ունի՝ նախապատրաստել «վաղեմության ժամկետներն անցնելու» պատճառաբանությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Սիրվարդ Ավոյանն ասում է. «Չեմ ուզել երեխայիս կյանքը շարունակվի օտարության մեջ, բերել եմ իմ հայրենիք, որ հայեցի մեծանա, օգտակար լինի իր ժողովրդին, ինչպես ես: Սակայն մտածված կերպով խոչընդոտում են նրա ապագային եւ կյանքին: Մինչդեռ, այսքան շնորհալի եւ խոստումնալից երիտասարդ աղջիկը կարող է գեղեցիկ հետք թողնել այս կյանքում»:
«Առավոտ» օրաթերթ
18.07.2023