Հարցազրույց երաժշտական մենեջեր Ելենա Յակովլեւայի հետ
– Տիկին Յակովլեւա, վերջին շրջանում հայաստանյան մշակութային կյանքում հոլովվում է ձեր՝ Primavera Consulting գործակալության (ԱՄՆ-Ֆրանսիա) արտիստ մենեջերի, Primavera Foundation of Armenia համահիմնադրի եւ մենեջերի անունը։ Մինչդեռ դուք ավարտել եք Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցը, Լոնդոնի Kingston Business School-ում ստացել եք մագիստրոսի կոչում՝ որպես մարդկային ռեսուրսների միջազգային կառավարման մասնագետ։ Աշխատել եք նաեւ Ռուսաստանի ամենախոշոր՝ Skolkovo բիզնեսի կառավարման մասնավոր դպրոցի ղեկավար թիմում։ Ինչպե՞ս սկսվեց մենեջերի ձեր կարիերան։
– Շնորհակալ եմ հարցի համար, իրականում չէի կարող պատկերացնել, որ երբեւէ կհայտնվեմ մշակույթի ոլորտում։ Սակայն այն միշտ հետաքրքրել ու գրավել է ինձ։ 2007թ., երբ աշխատում էի «ՌուսՀիդրո» ընկերության աշխատակազմի ղեկավարման դեպարտամենտում, ինձ շատ մտերիմ մի անձնավորություն խնդրեց թարգմանել «Կիթառի պատմությունը 19-րդ դարում» գիրքը։ Նա մասնագիտացած էր կիթառի վերանորոգման գործում եւ իրեն հարկավոր էին ստույգ տեղեկություն, թե ինչ գործիքներով եւ նյութերով են աշխատել այն ժամանակվա վարպետները։ Թարգմանության ընթացքում ոչ միայն ծանոթացա գործիքներին, այլեւ այցելեցի տարբեր վարպետների արհեստանոցներ։ Ինձ շատ օգնեց լարային գործիքների անվանի վերականգնող, ինչպես նրան անվանում են՝ լյութիե Ալեքսանդր Բատովը, որը վաղուց բնակվում է Անգլիայում եւ մասնագիտացված է բարոկկո գործիքների ոլորտում։ Ինչպես նշեցիք՝ առաջին կրթությամբ մենեջեր եմ, ինչը դեր խաղաց, որ թարգմանությունս գրքի վերածվի։ Այն լույս տեսավ 2012թ. եւ առայսօր, ցավոք, Եվրոպայում եւ Ռուսաստանում 19-րդ դ. դասական կիթառի պատմության առաջին եւ միակ ռուսալեզու գրականությունն է։ Հարկավոր էր նաեւ գրքի շնորհանդես անել. իսկ ինչպիսին պետք է լիներ երաժշտական գործիքի մասին պատմող գրքի շնորհանդեսը, իհարկե՝ համերգային ձեւաչափով։ Փաստորեն այդ ժամանակ կայացավ իմ կազմակերպած ակադեմիական կիթառի առաջին համերգը Մոսկվայի կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան դահլիճում։ Այդ ընթացքում ծանոթացա հրաշալի կիթառահարի հետ, որին հետագա յոթ տարիների ընթացքում ներկայացրի աշխարհում։ Նա էլ 2017-ին ինձ ծանոթացրեց ներկայիս գործընկեր Primavera Consulting-ի հիմնադիր (2015թ.), Primavera Foundation of Armenia-ի համահիմնադիր Անաստասիա Բուդանոկի հետ, ով երաժշտական մենեջմենթի բնագավառում հսկայական փորձ ունի, երկար տարիներ հանդիսացել է աշխարհի առաջատար գործակալություններից մեկի՝ Columbia Artists (CAMI Music)-ի մենեջեր։ Ծանոթությունից ու շփումից հետո նա ինձ հրավիրեց միանալ Primavera Consulting-ի թիմին եւ մենք համատեղեցինք երաժշտական մենեջմենթի իր երկարամյա փորձը բիզնեսի կառավարման իմ փորձի հետ։
– Primavera Foundation of Armenia-ի կայքից տեղեկանում ենք, որ աշխատում եք այնպիսի միջազգային համբավ ունեցող երաժիշտների հետ, ինչպիսիք են Միշա Մայսկին, Բելլա Դավիդովիչը, Տան Դունը, Լյուկա Դեբարգը, Դմիտրի Սիտկովեցկին… կարելի է երկար շարունակել թվարկումը։ Արդյոք կա՞ն այլ երաժիշտներ, որոնց հետ համագործակցել եք։
– Թե որպես հիմնադրամ, թե որպես երաժշտական գործակալություն, մենք աշխատում ենք մեր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ինչի առիթով շատ հպարտ ենք։ Այս պահին՝ որպես հիմնադրամ, մեր շահառուներն են հայ տաղանդավոր երիտասարդ կատարողները, որոնց, հուսով եմ՝ առաջիկայում կներկայացնենք աշխարհին։
– Գիտենք, որ Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը պաշտոնապես գործում է մեր երկրում 2022-ից եւ ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, նրանց բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի եւ արվեստի մենեջմենթի զարգացմանը։ Ինչո՞ւ հենց Հայաստանում որոշեցիք ծավալել նման գործունեություն, ի՞նչ հաջողություններ եք գրանցել եւ ի՞նչ խնդիրների եք բախվում այդ ճանապարհին։
– Մինչ օրս մեր հիմնական նպատակը եղել է ծանոթությունը ոչ միայն Երեւանի, այլ նաեւ մարզերի երաժշտական ուսումնական պոտենցիալի եւ ուսուցման պրոցեսի հետ։ Հիմնադրամի հրավերով միջազգային ճանաչում ունեցող մի շարք արտիստներ վարպետության դասեր են անցկացրել Երեւանում, Տավուշում՝ Կողբ, Նոյեմբերյան, Իջեւան, Սյունիքում՝ Գորիս, Կապան, Ագարակ։ Ընթացիկ տարվա սկզբին մենք սկսել ենք անանուն առցանց հարցում երաժշտական հաստատությունների ուսուցիչների եւ ղեկավարների շրջանում՝ հասկանալու համար, թե ինչ մտահոգություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում եւ այլն։ Հարցման արդյունքներն այժմ մշակվում են եւ կհրապարակվեն աշնանը։
– Այդ աշխատանքի ընթացքում ի՞նչ ոգեւորիչ եւ հակառակը՝ խոչընդոտող հանգամանքների եք հանդիպել։
– Մի կողմից, իրոք, Հայաստանը հարուստ է տաղանդներով, շատ են ակադեմիական երաժշտությամբ հետաքրքրվող երեխաները, մեծ է նրանց ձգտումը։ Իհարկե, բոլորը չէ, որ կշարունակեն պրոֆեսիոնալ կրթությունը, բայց դա կարեւոր չէ։ Այն ներքին երաժշտականությունը, որը հատուկ է հայ ազգին, իհարկե, ընդգծվում, աչքի է ընկնում, եւ դա շատ է ուրախացնում, նույնիսկ ի հեճուկս բոլոր այն դրամատիկ զարգացումների, որոնց միջով անցնում է Հայաստանը։ Երկրորդը՝ ուսուցիչները նվիրված են իրենց գործին, իրենց աշակերտներին, ջանք ու եռանդ չեն խնայում լավագույն արդյունքի հասնելու համար։ Դա շատ ծանր եւ գնահատելի աշխատանք է, որն օգնում է մեզ՝ լավատեսությամբ նայել իրավիճակին։ Մարզային այցելություններից հստակ աչքի ընկավ առաջնային լուծում պահանջող խնդիր, այն է՝ երաժշտական գործիքներ սպասարկող, վերանորոգող եւ լարող մասնագետների իսպառ բացակայությունը։ Կան գործիքներ՝ դաշնամուրներ, սենյակային ռոյալներ եւ այլն, որոնց վիճակն աղետալի է, քանի որ չկան նշածս մասնագետները։ Նույնիսկ եթե ձեռք բերվի նոր եւ լավագույն գործիք, հարցը չես լուծի, քանի որ նշած մասնագետների բացակայության դեպքում դրանք կրկին կդառնան շահագործման համար ոչ պիտանի։ Մարզերում խնդիրը պետք է լուծել հավաքագրելով այն մարդկանց, ովքեր կցանկանան հմտանալ այդ գործում եւ կրթել նրանց՝ հրավիրելով բարձրակարգ մասնագետի։ Պետք չէ, որ նման մարդիկ շատ լինեն, անհրաժեշտ է պարբերաբար շրջել մարզային երաժշտական հաստատություններով եւ կարգի բերել գործիքները։ Սա արագ լուծում չէ, բայց հիմնավոր է։ Իհարկե, ցանկալի է, որ պետությունն ավելի շատ միջոցներ ներդնի մասնագիտական գույքի ձեռքբերման համար, ինչպիսին են բանկետկաները (աթոռ ռոյալի համար), նոտակալները եւ այլն։
– Ողջունելի է ձեր ղեկավարությամբ Երեւանում եւ մարզերում կազմակերպված վարպետության դասերն արտերկրից ժամանած բարձրակարգ մասնագետների կողմից։ Օրերս էլ անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեեւը վարպետության դասեր անցկացրեց Երեւանում եւ Սյունիքում։ Երաժշտի՝ ժամանակի սղության պատճառով հնարավորություն չունեցանք հանդիպել նրան, կխնդրենք դուք փոխանցեք դաշնակահարի տպավորությունները Հայաստանից։
– Կարող եմ պատասխանել Մասլեեւի մեկ արտահայտությամբ, որը նա ասաց Սյունիքից Երեւան վերադառնալու ճանապարհին, որտեղ վարպետության դաս էր անցկացրել 20 երեխայի հետ. «Այդ երեխաների հետ կցանկանայի կրկին աշխատել»։ Կարելի է եզրակացնել, որ աշխատանքը եղել է հետաքրքիր եւ երաժիշտը հետագա մասնակցություն կունենա ոչ միայն որպես հիմնադրամի ակադեմիայի դաշնամուրի բաժնի ղեկավար՝ հրավիրելով դասավանդելու իր կոլեգաներին, այլ նաեւ ինքը ակտիվ մասնակցություն կունենա դասավանդման պրոցեսում։ Տեղեկացնեմ, որ աշնանը կկայանա Դմիտրի Մասլեեւի հայաստանյան դեբյուտը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
– Լսել ենք, որ Տավուշի մարզում դասական կիթառի վարպետության դասերն ու համերգները մեծ արձագանք են ունեցել բնակիչների շրջանում։
– Այո, եւ դրա համար կա մի քանի պատճառ։ Կիթառն առհասարակ շատ տարածված գործիք է, սիրված հատկապես երիտասարդների կողմից։ Զարմանալիորեն տեսանք շատ լավ վիճակում գտնվող գործիքներ։ Երեւանում եւ Տավուշում վարպետության դասեր անցկացնելու նպատակով ժամանել էր ճանաչված կիթառահար Արտյոմ Դերվոյեդը եւ մենք շուտով մեր յութուբյան ալիքով կհրապարակենք նրա բոլոր դասընթացները։ Աշնանն էլ սպասում ենք մեկ այլ տաղանդավոր կիթառահարի, ում դասերի շարքը կտեսագրենք ու կներկայացնենք՝ հաշվի առնելով կիթառի հայաստանյան ուսուցիչների պահանջները։
– Ուրիշ ի՞նչ գործիքների մասնագետներ են ներառված հիմնադրամի կրթական ակադեմիայում։
– Սեպտեմբերի երկրորդ կեսին կժամանի գերմանացի ջութակահար Մաքսիմելիան Սայմոնը, Վլադիմիր Յուրովսկիի ղեկավարած Բեռլին սիմֆոնիկի երկրորդ ջութակների կոնցերտմայստերը, ով վարպետության դասեր կանցկացնի Երեւանում եւ մարզերից մեկում։ Անմիջապես հետո կժամանի Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, կամերային անսամբլի ուսուցիչ, իսպանական երաժշտության մագիստրոս Իրինա Կրասոտինան, որն աշխատանք կտանի Երեւանում։
– Մեր դիտարկմամբ՝ դուք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ոչ միայն գործընկերն եք, այլ նաեւ երկրպագուն։ Ծրագրե՞լ եք իրականացնել նվագախմբի հյուրախաղային գործունեություն։
– Այո, մենք ոչ միայն լավ գործընկերներ ենք, այլեւ լավ բարեկամներ։ Դեռեւս չեմ բացի բոլոր քարտերը, միայն նշեմ, որ կաշխատենք նվագախմբի ստեղծման 100-ամյակի ծրագրի կազմման ու իրականացման ուղղությամբ, հետագա համերգաշրջաններում էլ կշարունակենք մեր համատեղ գործունեությունը։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարները՝ դաշնակահար Դմիտրի Մասլեեւի եւ կիթառահար Արտյոմ Դերվոյեդի վարպետության դասերից։
«Առավոտ» օրաթերթ
18.07.2023