Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական ազգայնականության» անհրաժեշտությունը

Հուլիս 19,2023 14:30

Մեր աչքի առաջ է Ուկրաինայի դրական օրինակը

Երբ ես դրվատանքով եմ գրում Ուկրաինայի, այդ երկրի ղեկավարի եւ Ռուսաստանի ագրեսիային՝ ուկրաինացիների հերոսական դիմադրության մասին, ընթերցողների մի մասը (ըստ ամենայնի՝ Պուտինին եւ նրա քաղաքականությունը համակրողները) ինձ հռետորական հարց են տալիս. «Ի՞նչ է, դուք ուզում եք, որ Հայաստանի հետ կատարվի նույնը, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայի հե՞տ»: Այդ հարցին ես չեմ կարող միանշանակ պատասխան տալ: Ես, իհարկե, չեմ ցանկացնում, որ Երեւանը գրեթե ամեն օր ենթարկվի թշնամու հրթիռների եւ ԱԹՍ-ների հարձակման, ինչպես որ դա Կիեւի դեպքում է: Բայց ես շատ եմ ցանկանում, որ Հայաստանի հասարակական մտածողության մեջ գերիշխող լինի քաղաքացիական ազգայնականությունը:

19-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիացի պատմաբան Էռնեստ Ռենանի հայտնի ձեւակերպմամբ՝ «ազգն ամենօրյա պլեբիսցիտ է՝ միասին ապրելու վերաբերյալ»: Ռենանը համարվում է քաղաքացիական ազգայնականության տեսության հիմնադիրներից մեկը՝ գրականության մեջ այդ տեսությունը կոչվում է նաեւ ազատական կամ ժողովրդավարական ազգայնականություն (civic nationalism, democratic nationalism, liberal nationalism), որը հակադրվում է էթնիկ նացիոնալիզմին: Ֆրանսիացի մտածողի ընկալմամբ, այդ դեպքում ազգը դառնում է որոշակի գաղափարներով ապրող միասնականություն: Այդպես է պատերազմի ընթացքում դրսեւորվում ուկրաինական քաղաքացիական ազգը, որի մեջ մտնում են ուկրաինացիները, ռուսները, հրեաները, շատ այլ ազգեր, այս թվում, ի պատիվ մեզ՝ նաեւ հայերը: Այդ մարդիկ պատրաստ են կռվել եւ, եթե պետք է՝ զոհվել, բայց չզիջել թշնամուն իրենց հայրենիքը՝ Ուկրաինա կոչվող պետությունը: Այդպիսի որակներ ունեցող ուկրաինացիներն ընտրել են իրենց առաջնորդին՝ Վլադիմիր Զելենսկուն: Հայաստանցիները 2021 թվականին ընտրեցին Փաշինյանին, եւ դրանով շատ բան է ասված:

Քաղաքացիական ազգ լինելով՝ ուկրաինացիները դիմադրում են ագրեսիային, եւ հենց այդ պատճառով էլ աշխարհը նրանց օգնում է: Մենք ապրում ենք գոյություն չունեցող «խաղաղության օրակարգով», եւ փաստացի մնացել ենք մենակ: Ինձ համար դա՛ է էականը:

Մնացած խնդիրները, որոնք դրվում են շրջանառության մեջ, երկրորդական են: Խոսակցությունը տանել այն ուղղությամբ, թե ով է ավելի լավը՝ Ռուսաստանը, թե ՆԱՏՕ-ն, բացարձակապես անիմաստ է: Այո, Ռուսաստանը հարձակվել է հարեւան երկրի վրա եւ ռմբակոծում է դրա տարածքը: Բայց այնպես չէ, որ, օրինակ, ԱՄՆ-ը ոչ մեկի վրա երբեք չէր հարձակվել եւ ոչ մեկին չէր ռմբակոծում: Բոլոր կայսրություններն իրար նման են եւ իրար արժանի են թե՛ իրենց ցինիզմով, թե՛ երեսպաշտությամբ: Ռուս-ուկրաինական պատերազմն էլ, բնականաբար, պայմանավորված է կայսրությունների շահերով:

Բայց զբաղվել «աշխարհաքաղաքական վերլուծություններով», երբ քո հարեւանը քո դեմ պատերազմ է վարում (իսկ շրջափակումն, անշուշտ, պատերազմի ձեւ է), պարզապես շեղում է մարդկանց ուշադրությունը գլխավոր խնդրից՝ դիմադրություն կազմակերպելուց: Իսկ դրա համար մենք պարտավոր ենք դառնալ քաղաքացիական ազգ:

Դրա այլընտրանքները երկուսն են: Մեկը «հպարտ քաղաքացին» է, որն ապրում է «նախկինների» հանդեպ վրեժի «ռեսենտիմենտով», մյուսը՝ «էթնիկ լոպազությունը», երբ պատմական ինչ-որ իրողություն դառնում է ոչ թե գործելու հիմք, այլ կենացային դատարկախոսության առարկա: Այդ երկրորդ տարբերակը հատուկ է, իհարկե, ոչ միայն հայերին:

20-րդ դարի առաջին տասնամյակներում Ջեյմս Ջոյսը, հեգնելով իր ազգակիցների՝ իռլանդացիների նման մոտեցումը, նմանակում էր այդօրինակ ճառերը. «Մենք էլ ենք մեր աչքերը Եվրոպային հառել,-ասում է Քաղաքացին։ Առուտուր էինք անում Իսպանիայի հետ, ֆրանսիացոնց ու ֆլամանդրացոնց հետ, երբ էս խառնածին շները հլա չէին ցնկնել, իսպանացիք նավով էին գալիս գարեջրի հետեւից. գինու նավեր էին մեր գինեգույն ծովում» (թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի): Իռլանդացիներն ի վերջո քաղաքացիական ազգ դարձան՝ մեծ կորուստներով եւ զոհողություններով: Ուկրաինացիները՝ նույնպես: Մենք դեռեւս երկար ճանապարհ ունենք անցնելու: Ընդ որում, կարեւոր է հասկանալ, որ դա մի քննություն չէ, որը մի անգամ հանձնեցիր եւ հետո կարող ես հանգստանալ: Դա, ինչպես նշում էր Ռենանը. «ամենօրյա պլեբիսցիտ է»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31