Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ գյուղում հրկիզված զինծառայողների հարազատներ․ «Քննիչն ասում է ամբողջ օրը ձեր երեխաների գործով եմ զբաղված, բայց երբ հարցնում ես ինչ կա, պատասխանում է՝ ոչ մի բան»

Հուլիս 18,2023 23:15

Այս տարվա հունվարին Ազատ գյուղում հրկիզված զինծառայողների հարազատները այսօր հավաքվել էին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության առջեւ։ Նրանք հանդիպում էին պահանջում քննիչի հետ, որովհետեւ երեք ամիս առաջ նրանք հանդիպել էին Նիկոլ Փաշինյանին եւ գործի բացահայտումով զբաղվող անձանց հետ, որի ժամանակ վերջինները վստահեցրել էին, որ երկու ամիս անց գործի քննության վերաբերյալ էական բացահայտումներ կլինեն։ Սակայն մինչեւ այս պահը, իսկ վաղը լրանում է դեպքը տեղի ունենալու վեց ամիսը, բացի պաշտոնական վարկածից այլ բան չի հայտնվում։

«Այստեղ հավաքվելու մեր պահանջը նույնն է։ Վիճակը չի փոխվել։ Վաղը  վեց ամիսը լրանում է եւ ոնց աշխատել էին մինչեւ հիմա, նույն ձեւով էլ շարունակում են։ Այսինքն, ոչ մի բան չեն անում, մատը մատին չեն տալիս,- լրատվամիջոցներին ասաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը եւ շարունակեց․ -Փորձագիտական կենտրոն տանելու համար նմուշներ պետք է Վարդենիսից դեռ բերվի, որին սպասում ենք, որ ամբողջական պատկեր ստացվի, 18 օրից ավելի մեկը մյուսի վրա է գցում։ Քննիչն ասում է՝ մեր ղեկավարությունը պետք է փորձագիտական կենտրոնի ղեկավարության հետ պայմանավորվի՝ որոշելու համար, թե գնում են այնտեղի՞ց եղածը բերեն այստեղ, թե մասնագետ են տանում, որ նմուշն այնտեղից վերցնի։ Զանգում կամ գալիս ենք, ասում են՝ վաղը այսինչին ասեմ, մյուս օրը այն ինչ բանն անեն։ Երկու, երեք օր հետո գալիս ես, էլի նույն վիճակն է։

Լավ, մեր օգտին գործը բացահայտելու համար ոչինչ չեք անում, գոնե ձեր՝ այդ մարդու, արդեն չգիտեմ դրան ինչ անուն տամ, որ տեղ հասնի,  առաջ քաշած վարկածը առաջ քաշելու համար գոնե ձեր օգտին աշխատեք, ապացուցեք, որ էդպես է եղել։ Որ զանգում կամ գալիս ենք, քննիչն ասում է՝ առավոտվա 8-ից, 9-ից գալիս եմ ու մինչեւ ուշ գիշեր ձեր երեխեքի գործով եմ զբաղվում։ Իսկ որ հարցնում ենք՝ ինչ ունես, ասում է ոչ մի բան։ Երկու ամիս մեզ նստեցրին, քնեցրին, վերջում Եղիշեի՝ փետրվարին տված ցուցմունքը դեմ տվին։ Ու վարչապետը չասաց՝ դա երբվա՞ է, ես այս մարդկանց խոստացել եմ, որ երկու ամիս հետո իրենց ռեալ բան կասենք, էս ի՞նչ ես բերել կարդում։

Այսինքն, մենակ ապրիլի 27-ից մինչեւ հունիսի 28-ը սպասել ենք, որ փետրվարի ցուցմունքը լսե՞նք։ Կամ, ծնողներից մեկը վարչապետին հարցնում է․ վերջն այս գործը բացահայտելու ե՞ք, ասում է՝ արդեն բացահայտված է։ այսինքն, մարդն ինչքան սրբապիղծ պետք է լինի, որ վեր կենա, հայտարարություն անի, գործը քնեցնի, վերջում էլ հայտարարի, թե արդեն գործը բացահայտված է։ Բա եթե բացահայտված է, ասեք իմանանք՝ ինչ է եղել։ Քննիչներն իբր հիմա զբաղված են գործը բացահայտելով, վարչապետն ասում է՝ բացահայտված է։ Ուրեմն, կամ քննիչներն են խաբում, կամ վարչապետը»։

Հարազատները խիստ կասկած ունեն, որ իրականությունը ճիշտ բացահայտելու ցանկություն չկա, որովհետեւ դա չի բխում իշխանության շահերից։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31