Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է մեր բոլորի նախաձեռնությունը դարձնենք Արցախում սկսված համազգային շարժման մաս»․ Նարեկ Այվազյանը ՝ ԲԱՑՈՒՄ նախաձեռնության անելիքների մասին

Հուլիս 18,2023 22:25

«Ցույց ենք տալու մեր հայրենակիցներին, որ իրենց կողքին կանգնած է հայ ժողովուրդը»,- Ազատության հրապարակում հայտարարեց ԲԱՑՈՒՄ քաղաքացիական նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը։ Նախաձեռնությունն Ազատության հրապարակում հավաք իրականացրեց ՝ ի աջակցություն Ստեփանակերտում կանգնած տասնյակ հազարավոր հայրենակիցների:

Խոսելով իրենց գործողությունների մասին՝ Նարեկ Այվազյանն ասաց․ «Մենք երբ ավարտում ենք մեր միջոցառումը, վերադառնում ենք մեր տներ, սրճարաններ, մեր ընկերներին, բարեկամներին, հարազատներին խնդրում ենք, որ հաջորդ օրը միանան մեզ։ Սա մեր տնային աշխատանքն է։ Խնդրում եմ՝ դուք էլ միանաք այդ աշխատանքին, մեր բոլորի նախաձեռնությունը դարձնենք Արցախում սկսված համազգային շարժման մաս և էստաֆետը մեր միջոցով փոխանցենք սփյուռքին։ Մեծ դեր են կատարելու նաև սփյուռքի տարբեր օջախներ»։

Նշենք, որ նախաձեռնության անդամները նաև առաջարկում են պարեն հավաքել ու հասցնել արցախցիներին։ Պարենը կհավաքվի ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ։ Նարեկ Այվազյանն ասաց․ «Հասկանում ենք, որ որոշումները չեն կայացվում ՀՀ-ի գրասենյակում, բայց հավելյալ լծակ ենք տեսնում՝ որպես միջոց, որ ողջ աշխարհին տեղեկացվի՝ հայ ժողովուրդը պարեն է հավաքում, որ ՄԱԿ-ն իր դրոշի ներքո կամ մեր մեքենաներով տեղափոխվի Արցախ»։

Նախաձեռնության անդամ Վերոնիկա Շահնազարյանն էլ ասաց․ «Ստեփանակերտում այսօր մեր հայրենակիցներն արդեն տևական ակցիաներ են անում։ Լինելով զրկանքների մեջ՝ իրենք իրենց ձայնն են բարձրացնում և լսելի են փորձում դառնալ ամբողջ աշխարհի համար։ Մենք առնվազն պարտավոր ենք մեր սերն ու հարգանքը մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերել»։

Նա վստահեցրեց՝ իրենք աշխատելու են թիրախային տարբեր խմբերի հետ՝ սկսած ուսանողությունից մինչև բալիկներ ունեցող կանայք։

ԲԱՑՈՒՄ քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ անդամ Հասմիկ Իսրայելյանն էլ ասաց․ «Մենք սկսում ենք նախաձեռնություն՝ ՄԱԿ-ի, մնացած բոլոր միջազգային կազմակերպությունների մեյլերին նամակներ ենք ուղարկելու։ Իրենց մեյլերը պետք է ամեն վայրկյան ստանան նամակներ, որ Արցախն ունի իրավունքներ, պաշտպանեք այդ իրավունքները՝ անգլերեն, ռուսերեն տարբեր լեզուներով։ Այնքան պիտի ուղարկենք, մինչև ստանանք արձագանք»։

Նա նաև հայտնեց, որ իրենց առաջիկա միջոցառումների մասին տեղեկություններ կլինեն ԲԱՑՈՒՄ խմբում։

Նախաձեռնության անդամներից Միքայել Մարգարյանն էլ նշեց․ «Վստահորեն ասում եմ՝ զինվորը, որը պատերազմի ժամանակ մարտի դաշտում էր, գրեթե պարենային խնդիր չուներ։ Բայց միևնույն ժամանակ ՀՀ-ն և սփյուռքը պարեն էր հավաքում զինվորի համար։ Այսօր, որ արցախցին բարձրաձայն ասում է՝ ունի պարենի և բժշկական ապրանքների կարիք, այսօր մենք չենք ձեռնարկում քայլեր նրանց այդ օգնությունը հասցնելու համար։ ԲԱՑՈՒՄՆ այդ միտքը տալիս է»։

Միջազգայնագետ, հայրենադարձ Վահե Սալաղյանն էլ ահազանգեց․ «Արցախում տեղի չի ունենալու ցեղասպանություն, այլ Արցախում ընթանում է ցեղասպանություն, որը կոնկրետ տեղավորվում է հարևան երկրի՝ 1918-ից ի վեր Արցախում բնակվող հայատյաց քաղաքականության շրջանակներում, որը ներարկվում է ադրբեջանցի ազգի ձևավորման կոնցեպտում»։

Նա նաև խոսեց «Արտիստները՝ հանուն Արցախի» արշավի մասին։ Դրա շրջանակներում արվեստագետներին կոչ են անում իրենց զորակցությունը հայտնելով Արցախին՝ տեսաձայնագրել իրենց որևէ գործողություն, որևէ ճանաչված ստեղծագործություն, նվագել իրենց նախընտրած գործիքի վրա, տարածել դա իրենց էջերում՝ «open road», «բացեք ճանապարհը» հեշթեգերով:

Ըստ նրա՝ այդպիսով ճնշում կգործադրվի, և ասելիքը ոչ միայն քաղաքական, իրավական, այլև մշակութային դաշտում կբարձրաձայնվի։

 

Լուսանկարները՝ ԲԱՑՈՒՄ նախաձեռնության

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31