Լրահոս
Օրվա լրահոսը

POSTNIKOL. Ի՞նչ անել՝ ազգ մնալու համար

Հուլիս 18,2023 22:02

(Մաս առաջին)

Անգամ մինչև բանտարկվելս հաճախ էի ներկա գտնվում քննարկումների, որոնց թեման պայմանականորեն կարելի է անվանել «այլընտրանքային ծրագիր»: Հասարակության մոտ անելանելիության և ֆատալիզմի զգացողություն ձևավորելու և ամրապնդելու նպատակով իշխանական տոքսիկ քարոզչությունը սերմանում է «մենք այն վիճակում ենք, որ ով էլ գա իշխանության, նույն բանն է լինելու» արատավոր և կեղծ թեզը` կանխելու համար աղետի ելքն իշխանափոխության մեջ փնտրելու բնական ցանկությունը:

Քանիցս համոզվել ենք, որ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օր էլ ավելի է վատթարացնում Հայաստանի և Արցախի վիճակը` հետևողականորեն ձգելով մեր պարանոցի շուրջ կախաղանի պարանը: Սատանեական չարությամբ նրանք համառորեն բարձրացնում են դժոխքի կրակի ջերմաստիճանը՝ քմծիծաղելով, թե բա՝ «տեսնենք՝ հիմա՞ ինչ եք առաջարկելու»:

Այսպես, հայկական շահերը պաշտպանելու հնարավորությունները շատ ավելին էին 2020թ. նոյեմբերի 9 -ից անմիջապես հետո, քան 2021թ. արտահերթ ընտրություններից հետո: Շատ ավելին էին այդ ընտրություններից անմիջապես հետո, քան «Դիմադրության» շարժման մեկնարկին: Շատ ավելին՝ այդ շարժման ընթացքում, քան մինչև 2022թ. Պրահայի հանդիպումը: Շատ ավելին էին այդ հանդիպումից անմիջապես հետո, քան մինչև «Արցախը Ադրբեջան է, և վերջ» նիկոլական անբարոյականությունը:

Այս շարքը կարելի է շարունակել՝ ամեն անգամ համոզվելով, որ հայ ժողովուրդը վատնում է իր ամենակարևոր ռեսուրսը՝ ժամանակը, վիժեցնելու համար սեփական քաղաքակրթության վերջնական կործանումը:

Իշխանությունների ջղաձիգ արձագանքները վերջին այլընտրանքային հատվածական նախաձեռնություններին (Օսկանյան, «Հայաքվե», և այլն), որոնք անգամ աղետի նոր level-ի պարագայում որոշակի լուծումներ են առաջարկում, հենց այդ հիմնավորումներն ունեն. «ո՞նց, դուք դեռ թպրտո՞ւմ եք, թեժացնե՛լ դժոխքի խարույկը»:

Բնական է, որ մի օր Փաշինյանի իշխանությունը կնքելու է իր մահկանացուն, և հարց է առաջանալու` ինչ անել: Այս հարցի հնարավոր արժանահավատ և հիմնավոր, համակարգված և կոնցեպտուալ պատասխանը, սակայն, կարևոր է հենց հիմա և այստեղ՝ բյուրեղացված հայկականության շուրջ համախմբելու համար հասարակության առավել լայն զանգվածներ և այդքան բաղձալի և օրհասական իշխանափոխությունը մոտեցնելու նպատակով:

Ուստի, այո՛, «Հայաստանն առանց Նիկոլ» կարգախոսն օրգանապես շաղկապված է «Հայաստանը Նիկոլից հետո» տեսլականի հետ:

Առաջարկում եմ կոչել այդ տեսլականը POST-NIKOL և միասին վերլուծել այն հիմնական բաղադրիչները, որոնցից բաղկացած է բազմաթիվ անհայտներով այս հավասարումը:

«Ի՞նչ անել Նիկոլից հետո» հարցին պատասխանելու համար դիտարկենք մի քանի կարևոր հանգամանքներ:

  1. Առաջին կարևոր խնդիրը հետևյալն է. Կոնկրետ ի՞նչ վիճակում է լինելու Հայաստանը Նիկոլի հեռանալու պահին: Չէ՞որ ցանկացած հիվանդի բուժումը նախ և առաջ պայմանավորված է հիվանդանոց տեղափոխվելու պահին հիվանդի կլինիկական վիճակով և համալիր հետազոտություններով:
  2. Հաջորդ կարևոր խնդիրը. Ի՞նչ է թաքուն խոստացել Նիկոլը, որ մենք դեռ տեղյակ չենք: Ի՞նչ այս պահին դեռևս չպայթած ականներ է նա դրել Հայաստանի և Արցախի ապագայի տակ: Այս հարցը ոչ տեսական է,ոչ էլ կոսնպիրոլոգիական, քանզի նա քանիցս ապացուցել է, որ հայ ժողովրդի մեջքի հետևում դավադիր բանավոր խոստումների մեծ վարպետ է:
  3. Մյուս հարցը, որն անխուսափելիորեն ազդելու է «Ի՞նչ անել» հարցի պատասխանի վրա. ինչպիսի՞ն է լինելու աշխարհն այդ ժամանակ, ազդեցությունների ո՞ր բևեռներն են եղանակ թելադրելու երկրագնդին, ինչպիսի՞ն են լինելու նրանց փոխհարաբերությունները, ինչպիսի՞ն է լինելու համաշխարհային դինամիկ ճարտարապետությունը
  4. Եվս մեկ հանգամանք է կանխորոշելու «Ի՞նչ անել» հարցի պատասխանը. ո՞վ է անելու: Այս հարցը շատ ավելի լայն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այն չի վերաբերում հաջորդ իշխանությունների անվանական կազմին, նոր ղեկավարի կերպարին, պատասխանատվություն ստանձնող քաղաքական ուժերին: Հարցս շատ ավելի ունիկալ է և համապարփակ. Ո՞վ ենք մենք՝ որպես ժողովուրդ, ինչպիսի՞ արժեքների շուրջ է կրկին համախմբվելու Հայը, ինչպիսի՞ բարոյահոգեբանական նկարագիր է նա ունենալու, ինչպիսի՞ բաղադրություն է ունենալու նրա՝ այս պահին ճաքեր տված և ջլատված ողնաշարը:
  5. Նախորդ հարցիս հետ օրգանապես շաղկապված է իմ վերջին հանգուցային հարցադրումը. մենք ի՞նչ ենք ուզում: Որո՞նք են լինելու մեր նպատակները: Ի՞նչ տեսլական է ունենալու վերածնվող հայ հասարակությունը: Ո՞րն է մեր իղձը, ազգային երազանքը:

Թվարկածս հինգ հիմնական հանգամանքներից առաջին երեքն ակնհայտորեն կամ մեզանից քիչ են կախված, կամ ընդհանրապես մեր հավաքական ջանքերի գործադրման տիրույթից դուրս են: Սակայն վերջին երկու հարցադրումներիս պատասխանները հստակեցնելը, եփելը, բյուրեղացնելը թե մեր հասանելիության հորիզոնում են, թե ռազմավարական առումով՝ կանխորոշիչ մեր ապագայի համար:

Ուստի «Ի՞նչ անել» հարցին պատասխանելուց առաջ կենսական է «Ո՞վ ենք մենք» և «Ի՞նչ ենք ուզում» հարցերի շուրջ հնարավորինս ազնիվ, ներառական և կոնսոլիդացիոն պլատֆորմի ձևավորումը, ինչն իրականում ոչ թե ինտելեկտուալ մտավարժանք է, այլ ազգային-հավաքական ինքնությունը վերագտնելու և դրանից կախված՝ հեռանկար ունենալու, գործողություններ իրականացնելու, ոլորտային քաղաքականություններ մշակելու և իրագործելու հնարավորությունը:

Առաջարկված մեթոդաբանության շրջանակներում հաջորդ հրապարակումներում կփորձեմ շարադրել այդ երկու անկյունաքարային հարցադրումների շուրջ իմ համեստ պատկերացումները՝ հանրային քննարկումներ ծավալելու համար:

Շարունակելի:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ, 17.07.2023

Սկզբնաղբյորը` 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31