Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կոչուբաեւ․ «Մնացական Մարտիրոսյանը մինչեւ այսօր Վահագն Վերմիշյանի դատական ակտը չի տվել, որովհետեւ չի կողմնորոշվում ինչպես մեղավոր ճանաչել, ինչպես գրել, որ արտաքնապես նման լինի դատավճռի»

Հուլիս 18,2023 21:01

Հակակոռուպցիոն դատարանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի մասով դատական առաջին նիստը հետաձգվելուց հետո նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը ասաց․ «Դատախազությունն ըստ էության 300 միլիոն ՀՀ դրամը գերազանցող պահանջով ներկայացրել է դատարան, որպեսզի բռնագանձվեն գույքեր եւ դրամական միջոցներ։ Ընդ որում, սա ներկայացվել է դատավարական այն ռեժիմով, իբր առկա է դատավճիռ, որից հետո է ներկայացվել հայցապահանջը։ Բայց գանք սկզբից։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մայիսի 12-ին ընդամենը հրապարակել է, որ ութ տարի ազատազրկում է կիրառում Վահագն Վերմիշյանի նկատմամբ, բայց առայսօր Մնացական Մարտիրոսյանը չի տվել դատական ակտը։ Այսինքն, դատավճիռ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունի։ Մենք ընդամենը ունենք դատական նիստին  Մնացական Մարտիրոսյանի բանավոր հրապարակումը։ Բայց քանի որ ինքն էլ չի կողմնորոշվում ինչպես մեղավոր ճանաչել Վահագն Վերմիշյանին, այսպես երկու ամիս մտածում են՝ ինչպես կարելի է գրել, որպեսզի արտաքնապես նման լինի դատավճռի։

Եվ այդ պրոցեսից հետո միանգամից նախաձեռնվեց այս ապօրինի գույքի բռնագանձման գործը։ Ի սկզբանե արձանագրեմ, որ իրականության հետ այս հայցադիմումը որեւէ աղերս չունի։ Վահագն Վերմիշյանը 1992-ից մինչեւ 2017 թվականը չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում։ Բնակվել է Մոսկվայում, Եվրոպայում, վերջին հինգ տարիները, մինչեւ 2017 թվականը՝ Հայաստան գալը, ՌԴ Օրյոլի մարզի գլխվոր ճարտարապետը, փոխնահանգապետն է եղել։ Եվ առհասարակ իր բիզնես գործունեությունը ծավալել, պետական պաշտոնները զբաղեցրել է արտերկրում։ Սա հանրային է։ Վահագն Վերմիշյանի մասին ֆիլմեր են նկարահանել, նրա հիմնադրած ընկերությունները գործել են Ռուսաստանում Դուբայում, Շանհայում, Սուդանում։ Նա ղեկավարել է շուրջ 600 ճարտարապետներից բաղկացած ընկերություններ։ Այնպես որ, իր հիմնական կապիտալը նա ձեւավորել է արտերկրում։ Այն, ինչը այսօր որակվում է որպես ապօրինի ծագում ունեցող գույք, իրականում արտերկրում ձեւավորած կապիտալի շատ չնչին տոկոսն է։

Սա, ըստ էության, շատ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար։ Մարդը կարող է ապրել, աշխատել արտերկրում եւ ցանկանալ աշխատածը Հայաստանում ներդրել, կապիտալիզացնել։ Սակայն կարող են դա իրենից ֆիզիկապես խլել։ Նշածս ժամանակահատվածում Վահագն վերմիշիանը Հայաստանում ընդհանրապես չի բնակվել, առհասարակ ոչ մի պետական պաշտոն չի զբաղեցրել։ Նրա հիմնական կապիտալը ձեւավորվել է  արտերկրում։ Սա ուղիղ հարված է Հայաստանում ամենալայն տարածում ունեցող արտագնա աշխատանքին՝ ժողովրդի լեզվով ասած, «խոպանին»։ Եթե մարդը դրսում աշխատում, դրամ է վաստակում եւ ուզում է այն բերել Հայաստան, դա ըստ մեր իշխանության կարող է որակվել որպես ապօրինի գույք եւ բռնագանձվել։

Իրականության մեջ հայցադիմումը, մեղմ ասած, հիմնավորվածության պակաս ունի։ Զավեշտալի է, որ որպես ապօրինի ծագում է դիտարկվել Վահագն Վերմիշյանի՝ տատիկից ժառանգություն ստացված գույքը։ Ես չգիտեմ, թե ինչ եմ լսելու որպես հիմնավորում, թե ինչպես կարող է ժառանգությունը դիտարկվել որպես ապօրինի ծագում ունեցող։ Դատախազությունը ժառանգական ինստիտո՞ւտն է կասկածի տակ դնում, թե Վահագն Վերմիշյանի՝ ժառանգություն ստանալու իրավունքը»։

Ալեքսանդր Կոչուբաեւը նաեւ նշեց, որ Վահագն Վերմիշյանի հետ կապված ամբողջ գույքը լրիվ փաստաթղթավորված է։ Ընկերությունները աշխարհի տարբեր ծայրերում գործել են, հարկային մարմիններում գրանցում ունեցել են։ «Հանձին Վահագն Վերմիշյանի, ունենք կենսագրություն ունեցող անձ, ով վաստակ ունի, ում աշխարհում ճանաչում են որպես գերպրոֆեսիոնալ ճարտարապետ։ Ու ստացվում է, որ ի վնաս իրեն աշխատեց սեփական կենսագրությունը, սեփական վաստակը։ Մարդն ընդամենը ցանկացել է նաեւ Հայաստանում կապիտալիզացնել իր ունեցվածքը՝ ձեռք է բերել անշարժ գույքեր, որոնք սակայն որակվել են որպես ապօրինի ծագում ունեցող»,-ասաց փաստաբանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31