«Լավատեսության հիմքեր Արցախում սկսված գործընթացից ես դեռևս չունեմ»,-«Շրջափակում. օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ըստ նրա՝ մի իրավիճակում, երբ մարդկանց փողոց են դուրս բերում, հայտարարում են համազգային շարժում ձևավորելու մասին, բայց զուգահեռ գործընթաց, որ այն իսկապես համազգային դառնա, չի արվում․ «Վստահ եմ՝ որևէ քաղաքական ուժի Արցախի իշխանությունները չեն դիմել, որ իմանան՝ ինչ անեն, որ շարժումը դառնա համազգային, ուղերձները հասցեական չեն։ Այս իրավիճակում ինձ համար կասկածի լուրջ առիթներ են ձևավորվում։ Համազգային շարժման ներքո հերթական անգամ հանրությանը տանում են նոր հիասթափության, անկազմակերպ մի գործընթացի, որի արդյունքը լինելու է առնվազն այդ հիասթափությունը, բայց ոչ երբեք խնդրի իրական լուծումներ»։
Ըստ քաղաքագետի՝ բացի նրանից, որ հարցը բարձրաձայնվում է, քայլերի հերթականություն չկա․ «Չեմ տեսնում համազգային ռեսուրսների սինքրոնիզացիա։ Ես տեսնում են սինքրոնիզացիա Արցախի և Հայաստանի իշխանությունների։ Մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները չեն թաքցնում Արցախը Ադրբեջանին հանձնելու՝ իրենց պատրաստակամությունը։ Եկեք հասկանանք՝ պրոյեկտենք այն իրավիճակը, որը եղել է Բրյուսելում։ Շառլ Միշելն ասում է՝ ողջունում եմ Ալիևի պատրաստակամությունը հումանիտար օգնություն ուղարկել Աղդամով Արցախ։
Ընդհանրապես այդ հայտարարությունները համաձայնեցված են լինում բանակցությունների մասնակից կողմերի ԱԳ նախարարների կամ ներկայացուցիչների հետ։ Փաշինյանը նստած էր, լսում էր՝ ինչպես են ողջունում Ալիևի պատրաստակամությունը օգնության ձեռք մեկնել Արցախին և չէր տեսնում Ալիևի ցեղասպան գործողության դատապարտումը։ Դրանից հետո Արցախի իշխանություններն իրենց քայլերը չեն սինքրոնիզացնում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողների հետ, ամորֆ հայտարարություններ են անում, և մարդիկ էլ իրականում մեծ մոլորության մեջ են հայտնվում։ Երկար ապրել եմ Արցախում, մեծ թվով ընկերներ ունեմ, ինձնից են փորձում հասկանալ՝ ինչի՞ սպասեն, և ի վերջո ո՞րն է ելքն այս իրավիճակից»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ