Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Մեզ բազմաթիվ մարդիկ հարցնում էին` բա որ 50 հազար ստորագրություն չհավաքե՞ք. Փաշինյանն ու Ալիևը կասեն՝ Հայաստանում 50 հազար մարդ չհավաքվեց, որ դիմադրի»․ Ավետիք Չալաբյան

Հուլիս 18,2023 19:55

«Մեզ բազմաթիվ մարդիկ ասում էին՝ հասկանո՞ւմ եք ռիսկը․ բա որ 50 հազար ստորագրություն չհավաքե՞ք, արդյունքում Փաշինյանն ու Ալիևը կկարողանան ասել, թե ՀՀ-ում 50 հազար մարդ չհավաքվեց, որ դիմադրի։ Էնքան եմ լսել դա՝ շատ բարձրաստիճան մարդկանցից։ Իմ պատասխանն է եղել՝ իսկ եթե չանե՞նք, ինչ է՝ չե՞ն ասի նույն բանը։ Կասեն՝ ողջ հայ հասարակությունը ոչ մի կերպ չդիմադրեց»,-«Շրջափակում. օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց «Համախմբում շարժում», «Հայաքվե» նախաձեռնությունների համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Ըստ նրա՝ պետք է փորձել հասկանալ՝ ընդհանրապես Արցախի ճակատագրի վրա ո՞ր գործոններն են ազդելու․ «Առաջին կարևոր գործոնը Արցախի ժողովրդի և քաղաքական վերնախավի դիրքորոշումն է, իրենց ընդունակությունը պայքարը շարունակելու, չկոտրվելու և այդ պայքարում համախմբված լինելու, ինչը, ցավոք չենք տեսնում»։

Նրա համոզմամբ՝ կարևոր գործոն է ՀՀ ուժային կառույցների դիրքորոշումը․ «Այժմ ունենք իրավիճակ, երբ ուժային կառույցները հայտնվել են քաղաքական իշխանության ստվերի տակ։ Ի վերջո նրանք սեփական դիմագիծն ունեն։ Որքան էլ քաղաքական իշխանությունը փորձի ծառայեցնել, ինչ-որ պահի կարող են իրենց խոսքն ասել։ Այն, ինչ մենք ունենք, դեռ չենք կորցրել 30-35 տարիների ձեր աշխատանքի, քրտինքի, արյան արդյունք է։ Թույլ մի տվեք, որ թղթով այդ ամենը հանձնվի»։

Ըստ Ավետիք Չալաբյանի՝ ամենավատն այն է, որ գործող իշխանությունը փորձում է  ամբողջ հասարակությանը համոզել, որ պայքարի հեռանկար գոյություն չունի․ «Իրականությունն այն է, որ բնականաբար կան տարբերակներ, որոնք գուցե ռիսկային են, ավելի բարձր մակարդակի մոբիլիզացիա և դիմադրություն են պահանջում, պահանջում են տոկունություն և համառություն, բայց ի վերջո հնարավոր են դրանք։ Հենց այդ տեսանկյունից է պետք նայել «Հայաքվեին»։ Արցախը սուբյեկտ է, չի կարելի թույլ տալ, որ այս իշխանությունների գործողությունները բերեն նրան, որ այդ սուբյեկտայնությունը կորչի։ Երբ մտածում էինք՝ ինչպե՞ս կարելի է դա անել, իսկ որտե՞ղ ունենք գործողությունների ազատություն, հասկացանք, որ սահմանադրական կարգավորումները նեղ սողանցք են թողել քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությանը, որը կարող է հետագայում վերածվել հանրաքվեի»։

Ավետիք Չալաբյանի հավաստմամբ՝ հանրության առնվազն կեսը ողջունում է իրենց մոտեցումը․ «Կարծում է, որ Արցախը չի կարելի հանձնել․ պետք է դիմադրել։ Քաղաքացիների մոտ 1/6-ը, գուցե 1/5-ը կիսում է իշխանությունների դոկտրինը, որ պետք է Արցախը հանձնել, գնալ առավելագույն զիջումների և ստանալ խաղաղ դադար։ 1/3-ը կողմնորոշված չէ։ Դա պարարտ հող է, որ քաղաքական ուժերն աշխատեն, և նրանց էլ կողմնորոշեն դեպի դիմադրություն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31