2009 թվականից հուլիսի 18-ը՝ Նելսոն Մանդելայի ծննդյան օրը ՄԱԿ-ը հռչակել է Նելսոն Մանդելայի միջազգային օրը: Օրվա խորհրդի առիթով կայացավ «Պայքար հանուն փոփոխության. «Ավրորայի» մերօրյա հերոսների պատմությունները» թեմայով Aurora Dialogues առցանց քննարկումը։ «Ավրորան» եւ «The New Humanitarian» հարթակը նշեցին Մանդելայի օրը՝ քննարկելով «Ավրորայի» համայնքի այն բացառիկ իրավապաշտպանների եւ սոցիալական ակտիվիստների կյանքի պատմությունները, որոնք գնացել են Մանդելայի հետքերով եւ շոշափելի ազդեցություն թողել իրենց համայնքներում եւ աշխարհում:
«Ավրորա» նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը ներկայացրեց Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելային, որն իր հայացքների համար 27 տարին անցկացրել է Քեյփթաունի բանտում, եղել է իրավապաշտպան եւ ազատության մարտիկ, անդրադարձավ Մանդելայի թողած արժեքների ժառանգությանը, ինչի թեմայով էլ քննարկումն էր:
The New Humanitarian հարթակի գլխավոր գործադիր տնօրեն Հեբա Ալին հուլիսի 18-ը բացառիկ օր որակեց: Ինչ վերաբերվում է The New Humanitarian-ին, ասաց, որ այն շահույթ չհետապնդող լրատվական հարթակ է, որը նորություններ է հաղորդում հակամարտությունների, բնական աղետների եւ ճգնաժամերի վերաբերյալ: Նա էլ իր հերթին ներկայացրեց Ծանր հիշողությունների հաղթահարման ինստիտուտի հիմնադիր, խտրականության դեմ պայքարի ակտիվիստ Հայր Մայքլ Լեպսլիին որը անգլիկան եկեղեցու քահանա է, սոցիալական արդարության ակտիվ պաշտպան, Հարավային Աֆրիկայում խտրականության ռեժիմի դեմ շարժման մասնակից։
Կարդացեք նաև
Ի դեպ, Լեպսլին իր հարցազրույցներից մեկում ասել է, որ հեռուն է գնացել՝ զոհից փոխակերպվելով վերապրածի, ապա հաղթողի:
Հայր Լեպսլին պայքարի ընթացքում ռումբի պայթյունից կորցրել է ձեռքերն ու աչքը, բազմաթիվ այլ վնասվածքներ ստացել, սակայն չի կոտրվել, նա իր կյանքը նվիրել է մարդու իրավունքների խախտման, տարբեր պատճառներով էմոցիոնալ, հոգեբանական եւ հոգեւոր վերքեր ստացած մարդկանց օգնելու գործին: Մայքլ Լեպսլին ասաց, որ հպարտ է լինել քննարկման մասնակից: Նա պատմեց, թե եւ մաքառումների դժվարին ուղու, եւ տարիների ընթացքում գրանցած հաջողությունների մասին:
Հեբա Ալին ներկայացրեց 2022 թ. «Ավրորայի» հերոս, եգիպտացի իրավապաշտպան եւ քաղաքական ակտիվիստ Մահինուր էլ-Մասրիին , որը պայքարում է իր երկրում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների համար, կազմակերպում է բողոքի գործողություններ, պաշտպանում է քաղբանտարկյալների իրավունքները:
The New Humanitarian հարթակի գլխավոր գործադիր տնօրենը ներկայացրեց նաեւ 2018 թ. «Ավրորայի» հերոս, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր, թրաֆիքինգի դեմ պայքարի ակտիվիստ Սունիտա Քրիշնանին եւ Տեղահանված աֆրոկոլումբիացիների ազգային ընկերակցության հիմնադիր Մարինո Կորդոբային:
Մահինուրն ասաց, որ չնայած անընդհատ տարբեր աղբյուրներից եկող բացասական լուրերին, ինքը չի կորցնում լավատեսությունը իր երկրի ապագայի հանդեպ, ձգտում է լինել դրական փոփոխությունների առաջամարտիկ: Մահինուրը խիզախ կին է, քանի որ իր գործունեության համար մի քանի անգամ ձերբակալվելն ու բանտարկվելը չեն վախեցրել նրան, հետ չեն պահել պայքարից: Նա մեջբերեց Նելսոն Մանդելայի խոսքերը. «Ինձ մի դատեք իմ հաջողություններով, այլ դատեք նրանով, թե քանի անգամ եմ վայր ընկել ու բարձրացել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները տեսանյութում՝