Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն կարող են միտումնավոր քաղաքն աղբի մեջ թաղի, որ ապացուցի, թե Մարությանը վատ մեքենաներ է գնել, աղբի հարցը չի լուծել»․Իզաբելլա Աբգարյան

Հուլիս 18,2023 19:11

Մայրաքաղաքում աղբահանության ճգնաժամ է հասունանում։ Վերջին օրերին  երեւանցիները դժգոհում են աղբահանությունից, սոցցանցերում, որպես ապացույց, աղբով լի աղբամանների լուսանկարներ են հրապարակվում։  Քաղաքացիները վարչական տարբեր շրջաններում աղբի կուտակումների, օրերով աղբահանություն չիրականացնելու փաստեր են հրապարակում։

Քաղաքացի Էդուարդ Հայրումյանն էլ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում են աղբով կուտակված աղբամանները։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, սակայն ոչ մի հստակ բան չասացին, միայն հղում արեցին երեկվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հնչած հայտարարությանն ու նշեցին՝ ավելացնելու բան չկա, աշխատում ենք այդ ուղղությամբ։

Երեկ Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասել է, որ խնդրի հիմնական պատճառը տեխնիկան է․ «Պետք է ժամանակացույց սահմանվի փչացած տեխնիկան վերադարձնելու երթուղիներ: Պատճառները տարբեր են, մտահոգությունը մեկն է, այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի նկատմամբ, շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը․․․»:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ կասկածի տակ է դրել աղբատար մեքենաների որակը, ասել է․ «Այն տեխնիկան, որը ձեռք է բերվել, ենթադրվում է, որ առնվազն 10 տարի պետք է ծառայեր: Այս փչանալու ցուցանիշը շատ մտահոգությունների տեղիք է տալիս: Երկրորդը, թե ինչպես են վարվում տեխնիկայի հետ: Երրորդը՝  ինչքան արագ ենք մենք կազմակերպում վերանորոգումները: Ես գիտեմ, որ հրատապ գնում պետք է իրականացնենք, մի քանի տեխնիկայի շարժիչներն են խնդրահարույց»: Ապա Ավինյանն առաջարկել է այս շաբաթվա ընթացքում հարցը քննարկել․ «Պետք է հետագա զարգացման պլան ունենանք: Սա ահազանգ է այն մասին, որ այս տեխնիկայով հեռու չենք գնալու»:

Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն Aravot.am-ի հետ զրույցում կասկածելի է համարում, որ մեծ թվով ավտոմեքենաներ վնասվել են եւ դուրս չեն գալիս աղբահանության։

«Չէին կարող միանգամից  բոլոր մեքենաները կամ դրանց մեծ մասը վնասվել։ Մոտ հիսուն աղբատար մեքենա կա։ Աղբահանության խնդիրը միանգամից սկսվեց, մինչ այդ նորմալ էր։ Ինչ-որ  բան այն չէ։ Կարծում եմ՝ կամ մեքենաների  սպասարկման համար հատկացված գումարը չեն ծախսել եւ չեն գնել ավտոմեքենայի համար անհրաժեշտ մասերը, ու էսպես կուտակել–կուտակել են փչացած մեքենաները, կամ էլ այլ խնդիր կա, որը մեզ չեն ասում»,-ասաց Աբգարյանը։

Նա հիշեցնում է, որ ժամանակին, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ժամանակ, երբ պետք է աղբատար մեքենաներ ձեռք բերվեին, հատուկ ընտրվեց «Կամազ» մակնիշը, քանի որ Երեւանում կա «Կամազի» ներկայացուցչություն, եւ ավտոմաս ձեռքբերելը խնդիր չէր առաջացնելու, ընդ որում, այդ ավտոմասերն այնքան էլ թանկ չեն․ «Ծիծաղելի է, որ գործակարգավարականում ասում են՝ ավելի պինդ մեքենա է պետք։ «Կամազն» ամենադիմացկունն է Նուբարաշենի աղբավայրի պայմաններում։ Եթե  այդ մեքենաները վատն էին, շուտ փչացող, ապա  ավելի վաղ կփչանային՝ եթե չհետեւին, շուտ կկանգնեինք ճգնաժամի առաջ»։

Աբգարյանը կասկածում է, որ մեքենաները սխալ են շահագործել, ասաց՝Մարությանի ժամանակ հրաման կար աղբամանների մեջից հանել շինանյութը, շինաղբը, որպեսզի կոմպրեսորները չկոտրվեին․ «Իմ ունեցած տեղեկություններով, չգիտեմ՝ որքանով կարող է հաստատվել, կոշտ շինաղբ տեղափոխող  մասնավոր ընկերության հետ կոնֆլիկտ է եղել, այս ընկերությունը, որը տենդեր է շահել շինաղբ տեղափոխելու, չի տեղափոխել, ուստի քաղաքապետարանը «Կամազներով» է տեղափոխել,  ինչն էլ կարող էր վնասեր մեքենաները։ Եթե սա ճիշտ է, ապա պետք է արագ իրավական գնահատական տան, որովհետեւ համայնքային գույքին վնաս է հասցվել»։

Aravot.am-ի հարցին՝ արդյոք այդ «Կամազները» պարբերաբար, ըստ ժամանակացույցի տեխնիկական ստուգում չեն անցնում, ինչպես օրինակ ավտոբուսները, եւ եթե իրականացրել են ստուգումներ, ապա ինչո՞ւ են մեծ թվով մեքենաներ անսարք, ինչո՞ւ ժամանակին այդ խնդիրը չեն լուծել, Աբգարյանը պատասխանեց՝ քաղաքապետարանն այդ հարցին պիտի հստակ պատասխանի։

«Այդ մեքենաները պարբերաբար անցնում են տեխնիկական վերահսկողություն,  այդպես էր։ Մարությանն այն ժամանակ հանձնարարական էր տվել, ընթացիկ հսկել, որ չկանգնեն մեքենաները, եթե անսարքություն կա, արագ խնդիրը լուծեն։ Այդպես էլ անում էին, Երեւանի աղբահանություն եւ սանմաքրման համայնքային հիմնարկի տնօրենն ամեն օր անձամբ գնում, հսկում էր։ Բայց հիմա տեսնում ենք, որ «Կամազները» անսարք են, ժամանակին չեն նորոգել մեքենաները»,-ասաց Աբգարյանը։

Aravot.am-ի դիտարկմանը՝ աղբահանության այս խնդիրը ծագեց Երեւանի ընտրություններից կամ քարոզարշավից մետ մեկ ամիս առաջ, Աբգարյանը պատասխանեց՝ այո, տարակուսելի է․ «Ես չեմ զարմանա, եթե սա հատուկ արված լինի, որովհետեւ ես մեկ անգամ արդեն համոզվել եմ, որ երեւանցիների շահի եւ հարմարվետության վրա ՔՊ-ն թքած է ունենում, երբ խոսքը գնում է քաղաքական շահերի մասին։ Օրինակ ավտոբուսների սաբոտաժը, երեւանցիները մեկ տարի մնալու էին առանց «Ժոնգ Թոնգ» ավտոբուսների, տրանսպորտային կոլապս էին ուզում ապահովել՝ ապացուցելու համար, որ Հայկ Մարությանը վատն է։ Հիմա նույնը կարող է լինել՝ քաղաքն աղբի մեջ թաղեն, որ ապացուցեն, թե Մարությանը աղբի հարցը չի լուծել։ Սա շատ հավանական տարբերակ եմ համարում»։

Աբգարյանը գործակարգավարականում հնչած հայտարարություններին անդրադառնալով, ասաց՝ կարծես փորձում են խնդիրը բարդել Մարությանի վրա․ «Ավինյանն ասում էր՝ այդ տեխնիկան պետք է 10 տարի ծառայեր եւ այլն, պետք էր  լավ մեքենա գնել, որ դիմանար։ Ինձ մոտ կասկածներ առաջացան, որ կարող է նաեւ միտումնավոր լինի, վախից, որ Մարությանը կարող է մասնակցի ընտրություններին։ Իրենք շատ լավ գիտեն, որ  նա լուծել է աղբահանության խնդիրը։ Չեմ  բացառում, որ միտումնավոր են նման իրավիճակ ստեղծում, որ ասեն՝ վատ մեքենաներ են գնել։ Ըստ իրենց քարոզչության, այդպես է ստացվում։ Ծիծաղելի էր, երբ Դավիթ Խաժակյանն ասաց, որ պետք է տենդեր հայտարարվի եւ այլն։ Ես կարծում եմ՝ եթե իսկապես, միանգամից մեծ թվով մեքենաներ շարքից դուրս են եկել, սա այն ոլորտ է, որ պետք է հրատապ գնում անել։  Նոր տարվա լույսերի դեպքում հրատապություն չկար, մեկ անձից գնում արեցին։  Այսինքն՝ երբ պետք է՝ միլիոններ են ծախսում հրատապ գնումով, իսկ այս կարեւոր հարցի վերաբերյալ մրցույթն են կարեւորում։ Շատ հավանական է, որ միտումնավոր են անում,  բայց ավելի շատ հակված եմ մտածել, որ անփույթ են շահագործել, չլել են մեքենաները»։

 Ֆեյսբուք սոցիալական ցանցում քաղաքացիների տարածած լուսանկարներն են

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31