Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի երկարամյա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Վարչապետը ողջունել է պարոն Ռոշբլուանի այցը Հայաստան և ընդգծել նրա կարևորագույն դերը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների շարունակական զարգացման ու ամրապնդման գործում: Վարչապետը շեշտել է նաև նրա անձնական վերաբերմունքը Հայաստանի օրակարգի ու դրա առաջմղման հարցում:
Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ այս օրն իր համար խորհրդանշական է: «Հինգ տարի առաջ այս օրը, պարոն վարչապետ, ինձ հանձնեցիք Հայաստանի Հանրապետության անձնագիր: Ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու և մտքեր փոխանակելու հնարավորության համար»,- ասել է պարոն Ռոշբլուանը:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: