«Արդեն երրորդ անգամ ոտնահարելով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, ոտնահարելով ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, իր իսկ նախընտրական խոստումները, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է։ Այսինքն՝ տարածքային ամբողջականություն է ճանաչում՝ իր ասելով ներառյալ Արցախը»,-«Շրջափակում. օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ արձանագրեց պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը։
Նա հիշեցրեց՝ ԵՄ ղեկավարությունը Շառլ Միշելի դեմքով 2017-ին ստորագրել և ԵՄ անդամների կողմից վավերացրել է երկկողմ միջպետական համաձայնագիր, որը բարձր իրավական ուժ ունի և կարևոր է ԵՄ բոլոր անդամ երկրների համար․ «Այնտեղ գրված է, որ ԵՄ-ն պետք է ջանքեր գործադրի, հանձնառություն վերցնի, աջակցել ԵԱՀԿ ՄԽ բոլոր հայտարարությունները և այն գործընթացները, որտեղ երեք սկզբունքները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը և ժողովուրդների հավասարության սկզբունքը պարտավոր են դրված լինել ԼՂ կարգավորման գործընթացում։ Եթե այս մարդիկ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում են՝ անունը դնելով Հայաստան-Ադրբեջան իբր թե խաղաղության համաձայնագրի ստորագրում, չեն կարող հեռու գնալ այս գործընթացներից և պարտավոր են հաշվի առնել։ ԵՄ-ում Շառլ Միշելին պիտի ասեն՝ դիվանագիտական, քաղաքական խողովակներով՝ լավ, Նիկոլը բանավոր հայտարարություններ է անում, Նիկոլին ՀՀ-ում կհարցնեն, բա դո՞ւ ինչու ես խախտում, միջպետական պայմանագիրն անտեսում և բոլորովին այլ քաղաքականություն իրականացնում»։
Ըստ Արտակ Զաքարյանի` ՀՀ կառավարության անդամները հինգշաբթի օրը կառավարության նիստի ընթացքում պետք է Նիկոլ Փաշինյանին հարցնեն․ «Պարոն վարչապետ, ինչո՞ւ ես անհարգալից վերաբերվում կառավարության ծրագրին։ Եթե դու ես այսպես վերաբերվում մեր ծրագրին, որը հաստատել է ԱԺ-ն, օրենքի ուժ ունի, բա մեզնից ի՞նչ ես պահանջում, որ մեր մյուս ծրագրերը չենք անում։ Դու ես անտեսում»։
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը, Արտակ Զաքարյանն ասաց․ «Մարդիկ ուղղակի ասում են՝ դուք ինչ անում եք, չեք անում, ձեր գործն է, մենք կարող ենք հարգալից վերաբերվել և ոչ, բայց մի բան լավ իմացեք՝ եռակողմ հայտարարությունը, որը ստորագրել եք, որևէ կերպ չի ենթադրում, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում։ Մեղքը ձեր վիզը, ձեր վարչապետից պահանջեք․ ռուսական կողմի վրա մի դրեք ձեր պահանջները»։
Կարդացեք նաև
Ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունների մասին էլ ասաց․ «Ադրբեջանն ասում է՝ մի խանգարեք, էս 30 տարիներին չէր ստացվում, հիմա հազիվ գտել ենք մի հայի, որը պատրաստ է մեր բոլոր անհավանական, աներևակայելի խնդիրները լուծել։ Այնպես որ, ՌԴ մի խանգարի, ԵՄ մի խանգարի, մենք մեր Նիկոլի հետ մեր բոլոր հարցերը կլուծենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ