Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենալով ճարտարապետական հարուստ անցյալ՝ 21-րդ դարում ինչպե՞ս ենք այն ներկայացնում նոր տեխնոլոգիաների միջոցով»

Հուլիս 18,2023 18:02

21-րդ դարի հայ ճարտարապետության մեջ ազգայինի տեղն ու դերը հասկանալու համար Քաղաքաշինության կոմիտեի Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է միջոցառումների շարք։ Օրերս անցկացվել է քննարկում ճարտարապետների տարբեր սերունդների ներկայացուցիչների մասնակցությամբ, որին ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանը, Գևորգ Սիմոնյանը, Ստեփան Մաչյանը։

«20-րդ դարը հայ ճարտարապետության համար ազգայինի փնտրտուքի շրջան էր։ Ճարտարապետական տարբեր ուղղություններ այդ խնդիրը տարբեր մոտեցումներով էին արտահայտում։ Իսկ ի՞նչ տեղ և դեր ունի ազգայինը 21-րդ դարի հայ ճարտարապետության մեջ և ինչպիսի՞ն պետք է լինի․ այս հարցերի շուրջ մերօրյա ճարտարապետների ուշադրությունը հրավիրելուն և մասնագիտական քննարկում սկսելուն է միտված մեր նախաձեռնությունը»,-պարզաբանում է թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Մարկ Գրիգորյանը։

Քննարկմանը զուգահեռ և որպես բաղկացուցիչ մաս թանգարանում ընթանում է «Արդեան» արվեստի կենտրոնի հիմնադիր Վազգեն Բրուտյանի ցուցահանդեսը, որը պատմում է հայկական ժամանակակից ճարտարապետության մասին՝ 21-րդ դարին համահունչ տեխնոլոգիաների լեզվով։ «Փորձել ենք մատուցել այն գաղափարը, թե ունենալով ճարտարապետական հարուստ անցյալ՝ 21-րդ դարում ինչպե՞ս ենք այն ներկայացնում նոր տեխնոլոգիաների միջոցով, և նոր տեխնոլոգիաները ի՞նչ հնարավորություններ են տալիս, որ չկային նախկինում»,-պատմում է Վազգեն Բրուտյանը։

Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է տարբեր ժամանակաշրջաններում մասնագետներին հուզող հարցը նորովի քննարկման ասպարեզ բերելու նախաձեռնությունը։ Այդ համատեքստում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ ճարտարապետները, իրենց մտքի ազատության մեջ մնալով, կկարողանան ներմուծել ազգայինն արդի ճարտարապետության մեջ և ապահովել մայրաքաղաքի «դեմքի» որոշակիությունը՝ այդ հարցում ունենալով քաղաքապետարանի աջակցությունը։

Թեմայի վերաբերյալ ակտիվ քննարկման ընթացքում իրենց տեսակետներն են հայտնել անվանի ճարտարապետներ Հրաչ Պողոսյանը, Սաշուր Քալաշյանը, ճարտարապետության տեսաբաններ Կարեն Բալյանը, Անուշ Տեր-Մինասյան և այլ մասնագետներ։

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31