«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ, իրավապաշտպան Սեմյոն Բաբայանը մոտ մեկ ամիս առաջ դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ փորձելով պարզել, թե Հայաստանի կառավարությունն Արցախ պարեն ուղարկելու հարցով դիմե՞լ է ՄԱԿ-ին։ «Առավոտի» հետ զրույցում իրավապաշտպանն ասաց, որ Անահիտ Մանասյանը չի պատասխանում իր այս հարցմանը։
«Երկու օր է՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաք է կազմակերպվում։ Իմ խորհուրդը հետեւյալն է՝ մինչեւ ՄԱԿ-ին դիմելը մենք պետք է կարողանանք մեր իսկ իշխանության ներկայացուցիչներին դիմենք, որպեսզի վերջիններս դիմեն ՄԱԿ-ին։ Այստեղ գտնվում է միջազգային պարենային օգնության խոշորագույն դեպարտամենտը մեր տարածաշրջանում, ուստի, եթե մեր կառավարությունը չի դիմում իրենց՝ Կարմիր խաչով բեռներ ուղեկցելու համար, ինչո՞ւ իրենք պետք է դա անեն։ Ես դիմել եմ մեր ՄԻՊ-ին՝ Անահիտ Մանասյանին՝ 25․06․2023 թվականին»,- ասաց նա։
Դիմումում իրավապաշտպանը նշում է՝ «հաշվի առնելով, որ Անդրկովկասում միայն Հայաստանում կա ՄԱԿ-ի պարենի ծրագրի ներկայացուցչություն, հարց է առաջանում՝ դիմե՞լ է արդյոք կառավարությունն այս ծրագրին»։ «Մյուս կետը՝ պահանջում եմ ստեղծված իրավիճակում ՀՀ ՄԻՊ-ի կողմից դիմել ՄԱԿ-ի համապատասխան դեպարտամենտին։ Մոտ մեկ ամիս առաջ է այս դիմումն ուղղվել տիկին Մանասյանին, եւ այն անպատասխան է։ Եթե մեր պետական այրերն անպատասխան են թողնում հայ ժողովրդի, արցախահայության պահանջը՝ դիմել մարդասիրական օգնության համար, ի՞նչ կարող է անել ՄԱԿ-ը։ Ես կուզեի, որ ՄԱԿ-ին զուգահեռ մենք պահանջ ներկայացնեինք մեր կառավարությանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին։ Մեր պատգամավորները, այո-այո, մեկնել են արձակուրդը վայելելու Հավայան կղզիներում, ամերիկաներում կամ եգիպտոսներում։ Այս խնդիրը Ազգային ժողովի պատճառով ու ՄԻՊ-ի ոչ հետեւողականության պատճառով մեկ ամիս է՝ մնացել է առանց սեփականատեր։ Ես նաեւ հարցրել եմ՝ խնդրում եմ ձեզ նշել, թե ի՞նչ խոչընդոտներ են առաջացել վերը նշվածը կազմակերպելու, իրականացնելու շուրջ»,- ասաց իրավապաշտպանը։ Ըստ նրա՝ ավելի քան անհասկանալեի է կառավարության ու ՄԻՊ-ի այս վերաբերմունքը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ