«Արցախի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս նախագահի եւ նրա անդամների, մինչեւ այս պահը, օգտագործելով բոլոր երեւացող եւ չերեւացող գործիքակազմերը, փորձել է առավելագույնս հարցը կարգավորել ավելի մեղմ տարբերակով։ Սակայն կիրառելով ամբողջ գործիքակազմը, զինանոցը, այս պահին մենք ունենք այն, ինչ ունենք»,- այս մասին այսօր Արցախի ապաշրջափակման պահանջով հավաքի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։
Նա հավելեց․ «Արցախի նախագահը երեկ էլ իր խոսքում նշեց, որ կիրառվելու են ծայրահեղ քայլեր, սակայն այս պահին մենք չենք ցանկանում դրա մասին հրապարակայնորեն խոսել։ Բայց ձեզ հավատացնում եմ, որ մենք դեռ ունենք քայլերի հերթականություն, եւ հուսով ենք, որ մեր ձայնը լսելի է դառնալու»։
Ըստ Վլադիմիր Գրիգորյանի՝ իրավիճակն ամեն օր ու ամեն վայրկյան ծայրահեղ է դառնում։ «Դրա համար նախագահը երեկ իր խոսքում նշեց, որ մեկ շաբաթ ժամանակ է տալիս, դրանից հետո արդեն անցնելու ենք այլ գործողությունների։ Թե ինչ գործողություններ, կներեք, այս պահին մենք չենք կարող հրապարակայանացնել»,- ընդգծեց նա։
Վլադիմիր Գրիգորյանը հավելեց, որ իրենց տեսակետը հնչել է Արցախի կառավարության անդամների, Ազգային ժողովի հայտարարություններում՝ Արցախի Հանրապետությունն իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում։
Կարդացեք նաև
Հարցին, թե Արցախի իշխանությունների համար ընդունելի՞ է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի այն հայտարարությունը, ըստ որի՝ Աղդամով սնունդ կարող է մատակարարվել արցախահայերին, նա պատասխանեց․ «Իհարկե, ոչ։ Քանի որ մենք Ադրբեջանի հետ չունենք համապատասխան իրավակարգավորումները, նման գործընթացներն այս փուլում անհնար են»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ