Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակից ելքը պայքարի ինստիտուտ ստեղծելն է․ «Կարծում եմ՝ Արցախում կարող է ձևավորվել այդ ինստիտուտը, բայց նաև Հայաստանում։ Հաջորդ քայլը պայքարի ենթակառուցվածքներն են։ Շատ կարևոր է նաև պայքարի բովանդակությունը»։
«Շրջափակում. օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ Վահե Հովհաննիսյանը նշեց՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ խնդիր է դրել ապամոնտաժել Կովկասում երկու հայկական միավորները․ «Ուրիշ խնդիր չի դրել՝ ոչ ճանապարհի, ոչ Լաչինի միջանցքի, ոչ մարդկանց սովամահ անելու։ Խնդիրը լուրջ է՝ հայկական միավորների ապամոնտաժում։ Դա կարող է կանգնեցնել պետությունը, պետական մտածողությունը պետական գործիքակազմով»։
Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ այսօր հայկական սփյուռքի հետ աշխատանք չի տարվում․ «Եթե սփյուռքի հետ չես աշխատում, նրանք դառնում են մեզ նման սովորական մարդիկ՝ Արգենտինայից Մոսկվա։ Բայց եթե աշխատում ես, սփյուռքի վերացական գաղափարից ստանում ես կոնկրետ գործիք, թիկունք։ Այս իշխանությունը չի աշխատելու։ Իսկ պայքարի ինստիտուտը, որը պիտի ստեղծվի, չգիտեմ՝՝ դա ոնց է կոչվելու։ Բայց գիտեմ, որ բոլոր նման իրավիճակներում բոլոր ժողովուրդները գնում են այդ ճանապարհով։ Նույն Արցախում 30 տարի առաջ գնացին պետական պաշտպանության կոմիտեի տարբերակով և կարողացան իրավիճակից դուրս գալ»։
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ մենք պետք է սրենք իրավիճակը․ «Հակառակ դեպքում քրոնիկ վիճակով Ադրբեջանը գնալու է Արցախի խեղդամահության և արագ անցնելու Հայաստանին։ Բայց պետք է սրենք իրավիճակը՝ հաշվարկված, գրագետ քայլերով»։
Կարդացեք նաև
Փաստմանը՝ Արցախում գործընթացներ են, և արդյոք կարելի՞ է դրանք դիտարկել ՀՀ-ում պայքարի ինստիտուտի կայացման շարժիչ, թե՞ առանձին գործընթացներ են, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այդպես էլ լինելու է։ Պատկերացրեք՝ Արցախում գնում է վատագույն սցենար, Հայաստանում հանդարտ ապրել չի լինելու, դժոխք է լինելու, քաոտիկ վիճակ է լինելու, ոչ մեկը չի ճանաչելու փողոցում՝ ով ում է ինչ անում, չկա աշխարհում պետություն և ժողովուրդ, որտեղ մի մասին ենթարկում են ցեղասպանության, մյուս մասը հանդարտ ապրում է։ Եթե Արցախում պայքար կա, ազգային վերածնունդ և ատամներով պետություն պահելու գործընթաց, այստեղ նույնը պիտի գնա։ Ուրախ կլինեմ, որ այդ գործընթացը լինի Սահմանադրության շրջանակում, բայց ոչ մեկը չի երաշխավորում, որ այլ սցենարներ չեն լինի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ