Օրենսդրության համաձայն՝ նիստը փակ է և այս պահից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր հանձնաժողովի անդամ չեն, իրավունք չունեն մասնակցելու հետագա քննարկումներին: Այս մասին այսօր Կադաստրի կոմիտեում հայտնեց կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության պետ, հանձնաժողովի նախագահ Հմայակ Հակոբյանը (լուսանկարում)՝ Ֆիրդուսի թաղամասի բնակիչների հետ հերթական հանդիպման ժամանակ:
«Մենք մասնագիտական նախնական եզրակացությունը սահմանված կարգով ուղարկել ենք գնահատող Սերոբ Ոսկանյանին, պահանջել էին առաջադրանքը կամ գույքի նկարագրումը: Սերոբ Ոսկանյանից ստացել ենք գրություն, որ չի կարող ներկայանալ նիստին և ներկայացրել է մեր բարձրացված հարցերի պատասխանները, հիմնավորումները։ Ճիշտ է` այսօր չի ներկայացել, բայց ներկայացրել է իր պատասխաններն ու հիմնավորումները։ Մեր հետագա աշխատանքն արդեն փակ է լինելու, քննարկումների համար, կարգով նախատեսված է 2 օր, անհրաժեշտության դեպքում՝ 5 օր, այսինքն` մաքսիմում 7 օր ժամանակ ունենք այն ուսումնասիրելու և վերջնական եզրակացությունը տրամադրելու։ Վերջնական եզրակացությունը ձեզ կուղարկվի, ինչպես նաև ցանկացած շահառուի դեպքում վարույթի մանրամասներն իր մասով կուղարկվի ցանկության դեպքում»,-ասաց նա և հավելեց, որ վերջնական եզրակացությունը կուղարկվի բնակիչներին:
Փակ քննարկում անցկացնելու մասին որոշումն առաջացրեց բնակիչների զայրույթը, նրանք հանձնաժողովի նախագահից պահանջեցին ընդհատել նիստը և հրավիրել անկախ գնահատողին, որին ի պատասխան՝ Հակոբյանը տեղեկացրեց, որ նման իրավասություն չունի: Բնակիչները պնդում էին, թե անկախ գնահատողն իրենց տարածքում չի եղել, իսկ իրենց խոստացել են, որ Կադաստրի կոմիտեում հանդիպում կկազմակերպվի բնակիչների ու անկախ գնահատողի հետ: Ընդամենը մի քանի րոպեի ընթացքում՝ բնակիչներն ու հանձնաժողովի նախագահը միաժամանակ բարձրաձայն խոսեցին ու միմյանց մեղադրեցին փոխադարձ չլսելու մեջ, հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Եթե նիստը էսպես է գնալու, ես հիմա փակելու եմ», որին ի պատասխան՝ բնակիչները դարձյալ պնդեցին, թե իրենց խոստացվել էր հանդիպում անկախ գնահատողի հետ:
Բնակիչների և հանձնաժողովի նախագահի միջև սկսված անհատական զրույց-վեճերի պատճառով լարված իրավիճակ ստեղծվեց, բնակիչներն անդադար պահանջում էին ապահովել անկախ գնահատողի ներկայությունն ու հանձնաժողովի քննարկումն անցկացնել իրենց մասնակցությամբ: «Էդ կարգավորման հետ կապված ում ուզում եք բողոքեք (նկատի ուներ հանձնաժողովի նիստի փակ ռեժիմով անցկացնելու կարգը.-խմբ.) դուք խանգարում եք նիստի անցկացմանը, նիստը վերջացավ»,-հայտարարեց Հակոբյանն ու հեռացավ: Նրա հեռանալուց հետո իրավիճակն ավելի լարվեց՝ այս անգամ արդեն հանձնաժողովի անդամների ու բնակիչների միջև:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 33-րդ թաղամասը 2006 թվականից ճանաչվել է գերակա շահ, տարածքի կառուցապատող ընկերությունը «Սիթի սենթր դիվելոփմենթն» է, որ այս տարիների ընթացքում կառուցապատում չի իրականացրել, ընկերությունն արգելանքի տակ է, գործունեությունն էլ սահմանափակված է, ուստի տարածքում կառուցապատումն իրականացնում են «Սիթի սենթր դիվելոփմենթ»-ի սեփականատիրոջ ստեղծած տասից ավելի նոր ստեղծած ընկերությունները։ Բնակիչները պնդում են, իրենց տարածքում դեռ ոչինչ չկա կառուցված, սակայն բնակարանները հանվել են վաճառքի, հետևաբար պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ