«Հիմա՝ 30 տարի անց մենք առերեսվում ենք մի նոր իրականության հետ, ու բացարձակապես մոռացվել է կամ ջնջվել ինքնորոշման իրավունքի սկզբունքը, և ՀՀ իշխանությունների համաձայնությամբ մնացել է մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականության սկզբունքը»,- «Շրջափակում. օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը։
Ըստ նրա՝միջավայրը, անգամ ադրբեջանական միջավայրը պատրաստ չէ նրան, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։
Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին ասաց․ «Ինչի՞ մասին պիտի լինի այդ երկխոսությունը, ո՞վ է երկխոսելու, իսկապես՝ չգիտեմ»։
ՀՀ-ում և Արցախում դեսպանատներին և միջազգային կառույցներին ուղղված ցույցերի առիթով Ավետ Ադոնցն այսպիսի կարծիք հայտնեց․ «Մենք դիմում ենք երրորդ կողմին առանց մեզ հարցնելու։ Ինչո՞ւ է հասցեատերը ՄԱԿ-ը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։ Մենք ենք պատճառը, և այստեղից տրամաբանական հետևանք է՝ սա միայն այս վերջին երեք կամ հինգ տարվա արդյունքը չէ, պարզ է, որ բավականին երկար տարիների ընթացքում տեղի ունեցած սխալների արդյունքում է»։
Կարդացեք նաև
Խոսելով Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին՝ դեսպանն ասաց․ «Երբ դիվանագիտության մեջ էի՝ շաբաթ-կիրակի օրերի հանդիպումներն այդքան չէի սիրում, երբ կողմերից մեկը ժամանակ չունի աշխատանքային օրերին, շաբաթ օրը փորձում են տվյալ հարցին անդրադառնալ։ Որևէ անակնկալ չեղավ։ Միշելի հայտարարությունը և այդ բոլոր կետերը, որոնք մատնանշվել, քննարկվել են, ամենը՝ սկսած անվտանգությունից, ռազմագերիների հարցից, որևէ պրակտիկ արդյունք ոչ թե չկա, այլ տեսանելի էլ չէ»։
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության տրամաբանությունը՝ ըստ նրա այն է, որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը ստորագրվել էր մի այլ իրավիճակում, հիմա իրականությունը 180 աստիճան տարբեր է․ «ՀՀ իշխանությունները պատրաստ են ճանաչել Արցախը ներառյալ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա փոխում է նոյեմբերի 9-ի տրամաբանությունը։ Բոլորն իրականացնում են իրենց ազգային շահը, բացի Հայաստանից։ Մենք դարձել ենք մի հարթակ, որը թույլ է տալիս այսօրվա միջազգային լարվածության պայմաններում մի օրակարգ՝ իրենց միջև եղած հակասություններն իրականացնել այստեղ»։
Ավետ Ադոնցի կարծիքով՝ անգամ լուսանկարներից էլ տեսանելի է Ալիևի վստահությունը, մինչդեռ այն զարգացումները, որոնք հիմա տեղի են ունենում, ադրբեջանական ագրեսիայի հետևանք են, և Ալիևը, լինելով Փարիզում, Բրյուսելում, Վաշինգտոնում, որպես ագրեսոր՝ պետք է իրեն անհարմար զգար․ «Ագրեսիայի հարցը պետք է այսօր արդեն դառնար միջազգային օրակարգի կետերից մեկը»։
Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ միջազգային հանրությունը, որը տարբեր զեկույցներով փաստում է, որ Ադրբեջանը ոչ ժողովրդավար երկիր է՝ հիմա ընդունում է, որ Արցախի հայերը կարող են ապրել ոչ ժողովրդավար պետությունում․ «Այսօր միջազգային իրավունքն ապրում է իր ամենամեծ ճգնաժամերից մեկը։ Չեն կատարվում միջազգային դատարանների կողմից ընդունված որոշումները, միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերը։ Այսօր հիմնական միջազգային քաղաքական հարթակներում խաղացողները ղեկավարվում են իրենց երկրի շահով։ Ադրբեջանն իրենց համար կարևոր է, քանի որ դիտարկվում է և պրակտիկ պատրաստ է՝ որպես հակաիրանական հub (կենտրոն)։ Սա անվտանգային հարթակում, իսկ տնտեսական առումով Ադրբեջանը կարևոր է՝ որպես էներգակիր՝ չնայած այն բանի, որ այնուամենայնիվ, սպասարկում է Եվրոպայի պահանջների 3,5-4 տոկոսը։ Թեև սա այլընտրանք է ռուսական արտահանմանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ