Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինֆեկցիոնիստների մի մեծ սերունդ հենց նրան է պարտական բժիշկ դառնալու համար

Հուլիս 18,2023 15:38

Արա Ասոյանը հուլիսի 20-ին կդառնար 70 տարեկան

Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, ՀՀ ԱՆ նախկին գլխավոր ինֆեկցիոնիստ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին երկարամյա տնօրեն Արա Վարդգեսի Ասոյանը վաղաժամ հեռացավ կյանքից, 2018 թվականի մարտի 3-ին` անավարտ թողնելով ակտիվ մասնագիտական գործունեությունը, որը մեկտեղում էր դասավանդումն ու կլինիկական աշխատանքը, առողջապահության կազմակերպումը:

Որպես ինֆեկցիոնիստ նա մեծ ասելիք ուներ, հետաքրքիր խառնվածք, հումորի զգացում: Նրա մասնագիտական ու մարդկային կերպարը տարիներ անց գործընկերները չեն մոռանում, բժշկության ոլորտում նա հեղինակություն էր:

Արա Ասոյանը բժշկության ոլորտում հետագիծ ունեցող, ինֆեկցիոնիստների դպրոց ստեղծած բժիշկ է, մարդ-մասնագետ, ում ձեռքբերումները, գործունեությունը մեկ անդրադարձում ներկայացնելը բարդ է։

Մեր երկրում իր գործունեության տարիներին գրեթե բոլոր ինֆեկցիաների հաջողությամբ հաղթահարման գործում նա մեծ ներդրում է ունեցել:

Կոլեգաները փաստում են, ամեն դեպքից հետո Ասոյանը իրեն հատուկ օպերատիվությամբ եւ պատասխանատվությամբ շտապում էր դեպքի վայր, անձամբ հետեւում աշխատանքներին, զրուցում հիվանդների, նրանց հարազատների հետ։ Իսկ հետո Ասոյանը պետք էր «դիմադրեր» լրագրողների զանգերի եւ հարցերի տարափին՝ իրեն հատուկ համբերատարությամբ պատասխաներ տասնյակ հարցերի, լսեր հանդիմանություններ, փորձեր հանգստացնել բնակչությանը եւ իհարկե խորհուրդներ տալ՝ ինչ անել, ինչ չանել։

Ընդունարանի կառուցման աշխատանքներ

Քչերը գիտեն, թե ինչպես է Ասոյանը քարը քարի վրա դրել եւ դարձրել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այնպիսին, ինչպիսին եղել է։

«Արա Ասոյանը շատ ակտիվ, աշխույժ, ուրախ, կենսասեր, եռանդուն մարդ էր, ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե որտեղից նրան այդքան էներգիա, նաեւ շուտ բռնկվող էր, երբ զայրանում էր, թող ու փախի։ Հանգիստ չուներ, գալիս էր հիվանդանոց՝ անկախ նրանից հանգստյան, թե տոն օր էր, պարտադիր մտնում բոլոր բաժիններ, լսարաններ, ողջունում բոլորին, հիվանդներին նայում, հետո վազում շինհրապարակ, միշտ ինչ-որ աշխատանքներ էին կատարվում, ու Ասոյանն անձամբ էր գնում, հրահանգում, որ քարը որտեղ դնեն, որ ծառը, թուփը որտեղ տնկեն։ Ասոյանը տնօրեն էր հոգով, սրտով, նա հիվանդանոցին իր տան պես էր վերաբերվում, ով ցանկանում էր իրեն լավություն աներ, շնորհակալություն հայտներ, ասում էր՝ հիվանդանոցի համար սա կանեք, հիվանդանոցի ամեն քայլը գիտեր, ով երբ եկավ ու գնաց, շատ ուշադիր էր ամեն ինչի հանդեպ։ Մութ ու ցուրտ տարիներին, երբ Սարի թաղի ինֆեկցիոն հիվանդանոցը վերացավ, «Նորք» ինֆեկցիոնը պահպանվեց եւ զարգացավ։ Նա իր ընկերական կապերը, շրջապատը, ամեն ինչ օգտագործում էր հիվանդանոցի բարեկեցության համար»,-պատմում է բժիշկ-գիտնականի հետ 30 տարի աշխատած ինֆեկցիոնիստ, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանը ու հերթով թվարկում այն ամենը, ինչը բժիշկը տանել չէր կարողանում։ Հիվանդանոցում բոլորը գիտեին՝ տնօրենը բարկանում էր, երբ աշխատասենյակներում օրը ցերեկով լույսը միացրած էր, երբ ջուրը հոսում էր, երբ շինարարություն էր ընթանում, իսկ հատակին թաց լաթ չկար գցված, իսկ երբ հիվանդանոցի բակում «սիգնալի» ձայն էր լսում, դուրս էր թռչում աշխատասենյակից՝ կշտամբելու։

Մելանյա Շմավոնյանի հիշողություններն ամբողջացնում են նրա երիտասարդ գործընկերները։

«Արա Վարդգեսիչին վերջին անգամ տեսա մահվանից մի քանի օր առաջ՝ տանիքին մեխ էր խփում։ Այսօր ինֆեկցիոնիստների մի մեծ սերունդ հենց նրան է պարտական բժիշկ դառնալու համար: Ասոյանը մեզ դարձրեց բժիշկ՝ ձեռքներս բռնած սովորեցնելով ամեն ինչ։ Շատ էր սիրում երիտասարդներին, մեծ տեղ էր տալիս կլինիկական օրդինատորներին, անպայման բժիշկներին կասեր՝ այս հիվանդին տեսե՞լ է օրիդնատորը, տարբեր ծրագրերում էր ընդգրկում, բազում հնարավորություններ տալիս։ Շատ պահանջկոտ էր, շատ խիստ, էմոցիոնալ, նաեւ շատ գնահատող էր, ինքը մեզ համար թիկունք էր, մասնագիտական հարցերից բացի՝ հենարան էր նաեւ անձնական հարցերում, մենք բազում կյանքի դասեր ենք ստացել նրանից։ Երբեք թույլ չէր տա մեկը իր բժշկին, իր աշխատակցին նեղացներ։ Ինքը իսկապես երեւույթ էր, ինքը մարդ է, ով իրենից հետո այնքան պատմելու, հիշելու բան է թողել, այնքան է ստեղծել…»,-պատմում է նույն ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը։

Գործընկերները միմյանց հերթ չտալով պատմում են, թե ինչեր է արել Ասոյանը, ձեռքբերումներ, փոփոխություններ, որոնց ակունքներում հենց նա էր կանգնած։ Օրինակ՝ քչերը գիտեն, որ հենց նրա շնորհիվ է, որ այսօր զինակոչիկներին պատվաստում են նախազինակոչի տարիքում՝ խուսափելով բազում բարդություններից։

«Անսահման հումորի տեր էր, մտնում էր հիվանդի մոտ, որ ներկայացնում էինք՝ սրտխառնոց, փսխում է ունեցել, ասում էր՝ հիմա որ ինձ նայում ես, սիրտդ չի խառնում, ասում էր՝ չէ, ասում էր՝ ուրեմն լավ ես։ Շատ ուրախ մարդ էր Արա Վարդգեսիչը, շատ էր սիրում կոլեկտիվով խնջույքներ կազմակերպել, գարնան առաջին օրը նշում էինք անպայման ձու, թարխուն ուտելով։ Նաեւ հիշում եմ, որ աղցաններ չէր ուտում, մասնագիտական էր (ծիծաղում է-խմբ)»,-պատմում է ամբիոնի ասիստենտ Լուսինե Հարությունյանը։

2016թ Հատուկ վտանգավոր վարակներ դասընթաց

Բժիշկ-գիտնականի հոբելյանի առիթով ավագ ընկերոջ ու ուսուցչի մասին նաեւ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանն է պատմում. «Յուրահատուկ մարդ եւ ղեկավար, ով միաժամանակ ե՛ւ չափազանց խստապահանջ էր, հետեւում էր կարգուկանոնին, ե՛ւ անսահման ազատ ու ինքնուրույն գործելու հնարավորություն էր տալիս երիտասարդ մասնագետներին։ Հաճելի էր, լինելով դեռեւս ոչ փորձառու երիտասարդ բժիշկ, զգալ, որ հարգում եւ լսում են կարծիքդ, միաժամանակ զգալ աջակցությունը խնդիրների առկայության դեպքում, բայց եւ պարտավորեցնող։ Հասկանալով, որ վստահում են, գիշեր ու ցերեկ աշխատում էինք արժանի լինելու համար վստահությանը»:

Որդին՝ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը պատմում է, որ հայրը շատ էր սիրում իր տարեդարձը, միշտ անձամբ էր ամեն ինչ կազմակերպում, անպայման նշում էր օրը կոլեկտիվում, ընկերների, հարազատների հետ։

«Խիստ հայր էր, շատ լավ պապիկ, հասցնում էր թոռներին այգի տանել, քրոջս երեխան մինչեւ հիմա հուզվում է նրա նկարին նայելիս»,-պատմում է որդին։

Ինչ էր սիրում նվեր ստանալ, Վիգեն Ասոյանը պատմում է, որ հայրը գդալների կոլեկցիոներ էր, նրան ճանաչողները գիտեին՝ ուր գնային, կարող էին Ասոյանին գդալ բերել եւ դրանով ուրախացնել։

Առողջապահության ոլորտում Արա Ասոյանին բոլորն են ճանաչել, իսկ ինչպես ասում են՝ մարդն ապրում է այնքան, որքան հիշում են: Հետեւաբար բժշկագիտության անվանիների գործն ու առաքելությունը շարունակվում է նրանց սաների, աշակերտների շնորհիվ, որոնք զարկ են տալիս հայրենիքում բժշկագիտության զարգացմանը:

2016 թ: Ապրիլյան պատերազմ, Ջաբրաիլ

Կենսագրական տվյալներ

Արա Ասոյանը 1978-1981թթ. աշխատել է Թիվ 2 մակական ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում որպես բժիշկ ռեանիմատոլոգ, 1986-1989թթ.՝ Թիվ 2 մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն, 1989 թվականից՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, 1994-2007թթ.՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, 2007 թվականից՝ Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, դոցենտ։

150-ից ավելի գիտական աշխատանքի, այդ թվում 13 ուսումնամեթոդական ձեռնարկի համահեղինակ է, 1 պաշտպանած թեկնածուական ատենախոսության ղեկավար է եղել: Հայաստանի հեպատոլոգների ասոցիացիայի անդամ էր: Պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան» հուշամեդալով, 2012թ. բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ շնորհվել է մեդալ: Արժանացել է ՀՀ ԱՆ ոսկե մեդալի 2013 թ.-ին, ինչպես նաեւ ՀՀ նախագահի կողմից շնորհվել է վաստակավոր բժիշկ կոչում 2015 թվականին:

Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31