Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրում ենք եւ պահանջում՝ Կոսովոյի օրինակով ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»․ Արցախի ապաշրջափակման պահանջով ցույց՝ ԱՄՆ դեսպանատան մոտ

Հուլիս 18,2023 15:06

 Արցախի ապաշրջափակման պահանջով այսօր բողոքի ցույց տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջեւ։ Մասնակիցները ԱՄՆ-ից, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր եւ գերտերություն, պահանջում են ստիպել Ադրբեջանին՝ բացել Բերձորի միջանցքը։ Նրանք նաեւ բարձրացրեցին հարցը, որ ԱՄՆ-ն ստեղծված իրավիճակում պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ։

The operational headquarters of the Government of the Republic of Artsakh in RA organized a gathering in front of the U.S. Embassy in Armenia

«Արցախում ունենք արձանագրված 21-րդ դարի համար խայտառակ փաստեր, որոնք դրսեւորվում են թերսնման տեսքով։ Եվ ստացվում է, որ 21-րդ դարում մենք բախվել ենք այնպիսի մարտահրավերի, որը չենք կարողանում ինքնուրույն լուծել։ Եվ այստեղ է, որ մենք ակնկալում ենք ավելի մեծ պետությունների աջակցությունը։ Այդ աջակցությունը կարող է լինել միայն արդարության հասնելու ձգտումով։ Մենք ձեզանից ընդամենը խնդրում ենք եւ պահանջում, որ դուք կիրառեք այն ստանդարտները, որոնք կիրառում եք բոլոր այն ագրեսորների համար, որոնց դուք համարում եք ագրեսոր։ Եվ այսօր, երբ Ալիեւի հանցախումբն իրականացնում է սպանդ հայ ժողովրդի նկատմամբ, դա իրականացվում է գերտերությունների լռության ներքո։ Մարդիկ ունեն կյանքի իրավունք, հնարավորություն տվեք իրացնել այդ իրավունքն իրենց հողում։ Այսօրվա հավաքի բուն պահանջները երկուսն են՝ այն է՝ բացել կյանքի ճանապարհը եւ հնարավորություն տալ ապրել մեր հայրենիքում, երկրորդ՝ խնդրում ենք եւ պահանջում, Կոսովոյի օրինակով ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այդ ինչո՞ւ մյուսների ինքնորոշման իրավունքն ընկալելի է աշխարհի համար, իսկ արցախցիների ինքնորոշման իրավունքը, որը կատարվել է օրենքի տառին համապատասխան, աշխարհը չի ճանաչում ու չի ընդունում։ Մի՞թե իրավունքները պակաս գերակա են, քան տնտեսական շահերը»,- իր ելույթում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա ԱՄՆ-ին կոչ արեց տեր կանգնել մադու իրավունքներին եւ թույլ չտալ, որ 21-րդ դարում Արցախում թերսնված երեխաներ լինեն։ Նա նշեց, որ հայ ժողովրդի մեծամասնությունը պահանջատեր է, եւ ունի մեկ պատկերացում՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պետք է լինի հայկական։

The operational headquarters of the Government of the Republic of Artsakh in RA organized a gathering in front of the U.S. Embassy in Armenia

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ ասաց․ «Մենք գտնվում ենք մի այնպիսի դեսպանատան առջեւ, որը հայտնի է աշխարհին եւ հարգանք է վայելել մի շատ պարզ պատճառով՝ հենց ԱՄՆ-ն է հեղինակել մարդու իրավունքների մասին փաստաթուղթը։ Դա այնպիսի փաստաթուղթ է, որով կարող է պարծենալ ամբողջ աշխարհը։ Այդ մի փաստաթուղթն այնպիսի իրավաբանական ու իրավական կոթող է, որի նմանը չկա աշխարհում։ Մենք այս պետության դեսպանատան մոտ ենք, որովհետեւ հուսով ենք, որ այդ փաստաթուղթը զուտ թուղթ չէ, եւ մենք համոզված ենք, որ այն արժեքների համար, որոնք այնտեղ շարադրված են, այսօր աշխարհում ամենաուժեղ պետությունը պատրաստ է պայքարել եւ ոչ թե ենթարկվել թուրք-ադրբեջանական գաղափարներին։ Ես համոզված եմ, որ ԱՄՆ-ում ժողովուրդը քաջ հասկանում է, որ այս վտանգը, որն իրենից ներկայացնում է թուրք-ադրբեջանական միությունը, զուտ հայերի գլխին չէ, որ կախված է։ Դա վտանգ է համայն աշխարհի համար։ Մենք հստակ համոզված ենք, որ Միացյալ Նահանգները չեն կարող ենթարկվել մարդատյաց եւ ռասիստական թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Մարդու իրավունքները սկսվում եւ ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում եւ ավարտվում են մարդկությունը, մարդասիրությունը։ Մենք համոզված ենք, որ կենտրոնական իշխանություններն Ամերիկայում վերջապես կլսեն տասնյակ նահանգների ձայնը, որոնք կոչ են արել կենտրոնական իշխանություններին՝ ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նա ասաց, որ արցախցիների համար կարեւոր է անկախ լինել ցեղասպան, մարդատյաց Ադրբեջանից։ Ըստ Ալավերդյանի՝ ԱՄՆ-ում համապատասխան մարմինները հրաշալի գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը ժողովրդավարության տեսակետից։ «Դատապարտում ենք այն հայտարարությունները, որոնք հնչում ենք ԱՄՆ այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից, որոնք ուզում են տեսնել Արցախն Ադրբեջանի կազմում։ Դա հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ այսօր տեսնել Նահանգները Մեծ Բրիտանիայի կազմում։ Մեծ Բրիտանիայի կազմում չի կարող լինել անկախ Միացյալ նահանգները, որովհետեւ իրենք պայքարել են եւ կարողացել են հասնել անկախությանը։ Եվ նույնն է արել Արցախի ժողովուրդը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

The operational headquarters of the Government of the Republic of Artsakh in RA organized a gathering in front of the U.S. Embassy in Armenia

Հավաքի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց պահանջներն ԱՄՆ դեսպանատանը կփոխանցեն էլեկտրոնային տարբերակով, քանի որ, ի տարբերություն մյուս դեսպանատների, ԱՄՆ դեսպանատնից հրաժարվեցին առձեռն ընդունել գրավոր պահանջները։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31