ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Իսրայելն աննախադեպ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ, ուստի Ադրբեջանը դեռ պետք է վճարի այդ աջակցության գինը..
Խոստացել էի անդրադառնալ Իսրայելի ՊՆ ղեկավարի այցին Բաքու, բայց իրադարձությունների բերումով չէի հասցրել: Հիմա փորձեմ ամփոփ ներկայացնել այցին նախորդող ու հաջորդող որոշ հայտարարություններ: Այցի նախօրեին Իսրայելի արտգործնախարարը հայտարարեց, որ Իրանը կանգնած է Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձի հետևում:
«Իրանական ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք է, ինչպես տեսանք վերջին մի քանի օրերին Ադրբեջանում՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձի, ինչպես նաև վերջին ամիսներին Կիպրոսում և Հունաստանում՝ իսրայելցիների և հրեաների վրա հարձակման փորձերի ժամանակ»,–ասել էր Էլի Քոհենը:
Կարդացեք նաև
Նշեմ նաև, որ Իսրայելի ՊՆ նախարար Յոավ Գալանտի՝ Բաքու այցից երկու օր առաջ Ադրբեջանում Աֆղանստանի քաղաքացի էին ձերբակալել՝ նրան մեղադրելով ահաբեկչության փորձի մեջ: Տարբեր աղբյուրներ փորձում էին նրան ասոցացնել Իրանի հետ և ներկայացնել, թե իբրև հարձակման փորձ է եղել Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա:
Ադրբեջան այցի շրջանակներում Իսրայելի ՊՆ նախարար հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի, ՊՆ նախարարի և մի շարք այլ պաշտոնյաների հետ: Հաղորդվող մամլո հաղորդագրություններն ընդհանրական էին, նշվում էր, որ քննարկվել են ռազմական և քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր:
Այցի վերջում իսրայելցի պաշտոնյան ամեն դեպքում հանդես եկավ հակաիրանական հայտարարություններով: «Վերջին տարիներին Իրանն աննախադեպ մասշտաբի համաշխարհային ահաբեկչական արշավ է իրականացնում՝ ուղղված ամբողջ աշխարհում իսրայելցիների և հրեաների դեմ: Վերջին տարիներին նման ավելի քան 50 փորձ է եղել: Դրանց մեծ մասը վերջին պահին կանխվել է: Շատ երկրների հետ սերտ համագործակցության և այն ըմբռնման շնորհիվ, որ Իրանը գլոբալ սպառնալիք է, մենք կանխել ենք այդ փորձերը և կյանքեր փրկել»,–հայտարարել էր Յոավ Գալանտը:
Ուշագրավ է, որ հենց այցի օրերին հրապարակվեց Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հոդվածը: Իսկ Գալանտի այցից անմիջապես հետո Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին այցով ուղևորվում է Արևելյան Ատրպատական նահանգ: Նահանգը սահմանակցում է Հայաստանին, Նախիջևանին և Արցախից օկուպացված տարածքներին: Կարծում եմ, սա Իրանի կողմից սիմվոլիկ արձագանք էր Գալանտի այցին:
Ընդհանուր առմամբ, պարզ է, որ Իսրայել-Ադրբեջան համագործակցությունն ուղղված է նախևառաջ Իրանի դեմ: Իրանը ներկայացվում է որպես «ահաբեկչական երկիր» ու դրա ֆոնին էլ Ադրբեջանը մեծ աջակցություն է ստանում նաև Արևմուտքից: Սա, իհարկե, մեծ վտանգ է տարածաշրջանի առանց այն էլ փխրուն կայունության տեսանկյունից: Փաստացի, Ադրբեջանն իր քայլերով դարձել է ապակայունացնող գործոն մեր տարածաշրջանում: Իսրայելն աննախադեպ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ, ուստի Ադրբեջանը դեռ պետք է վճարի այդ աջակցության գինը…