Ermenihaber. Հուլիսի 17-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի նախկին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը մեկնել էր Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Օքթայն ուշադրություն է հրավիրել Հայաստանում Նեմեսիսի հերոսներին նվիրված հուշակոթողի վրա, նշել Թուրքիայի լուրջ անհանգստությունն այդ կապակցությամբ։ Ալիևն էլ իր հերթին նշել է, որ արձանի տեղադրումն անընդունելի է։
Թուրք պաշտոնյան Ալիևի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, խաղաղության համար վարվող գործընթացը, Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները։
Բացի այդ քննարկել են նաև Թուրքմենստանի և Ղազախստանի նավթն ու բնական գազը Կասպից ծովով Թուրքիա և Եվրոպա հասցնելու հարցը, ինչպես նաև TANAP-ի ու TAP-ի կարողությունների ընդլայնման հետ կապված թեմաներ։
Կարդացեք նաև
Շեշտելով, որ հանդիպմանը քննարկել են նաև Թուրքիայից Նախիջևան բնական գազի փոխանցման և Նախիջևանում արտադրվելիք էլեկտրաէներգիայի՝ Թուրքիա փոխանցման նախագծերը՝ Օքթայն ասել է․ «Տնտեսական հարաբերություններում մոտեցել ենք 6.5 միլիարդ դոլարի շեմին։ Դա էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար վարչապետի հետ էլ մանրամասն քննարկումներ կունենանք»։
Օքթայը հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ իրենք Ադրբեջան են եկել երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակում գտնվող հարաբերությունները խորհրդարանական մակարդակում ևս առաջ մղելու համար։