Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաբացարկ հայտնած թեկնածու․ Եթե մենք չնորացնենք մեր պատկերացումը Մատենադարանի մասին, հետ կմնանք, տանուլ կտանք առհասարակ․ «Հրապարակ»

Հուլիս 18,2023 11:38

Մատենադարանի նոր ձեւավորված հոգաբարձուների խորհուրդը երեկ ընտրեց Մատենադարանի նոր տնօրեն: Ինչպես արդեն գրել էինք, հայտ էր ներկայացրել 3 հոգի` Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթեւոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը եւ պատմական եւ բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը, ով, ի դեպ, ընտրությունների ժամանակ ինքնաբացարկ հայտնեց: Արդյունքում 13 ձայնով տնօրեն ընտրվեց Արա Խզմալյանը:

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուից` Արծրունի Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչու նախ հայտ ներկայացրեց, ապա ինքնաբացարկ հայտնեց, սա ի՞նչ երկակի խաղ էր իր կողմից։ «Հետաքրքիր է, որ խաղերից հեռու մարդուն միշտ խաղերի հետ են կապում: Ձեզ ասեմ, որ հայտի ներկայացումն իմ կամքով չէր, այլ՝ իմ համախոհների, իմ թիմի կամքով, եւ պարտավոր էի ներկայացնել հայտ, իսկ հայտը հանելն արդեն իմ կամքով էր, որովհետեւ հասա իմ նպատակին` անցկացրի թեթեւակի դասախոսություն՝ Մատենադարանի շուրջ, եւ չտրվեցի քննվողի կարգավիճակին, որ ինձ քննեն: Սովորաբար ասում են` Մատենադարանն ազգային արժեք է, սրբություն է, էս է, էն է։ Ոչ, այդ ամենը հնացած կարծիք է, իրականում սկսվում է նոր աշխարհի, ժամանակակից, խիստ կիբերլարված աշխարհի նոր պատկերացումը: Եթե մենք չնորացնենք մեր պատկերացումը Մատենադարանի մասին, հետ կմնանք, տանուլ կտանք առհասարակ»:

Սահակյանն ասում է` թեկնածուները միմյանց ելույթները չեն լսել. «Եկանք, հավաքվեցինք, մեկ էլ Արայիկ Հարությունյանն իրեն հատուկ նորամուծությունն առաջարկեց, թե՝ եկեք մեկը մյուսին չլսի, այսինքն՝ փորձեց քննության վերածել, ուսանողի պես առանձին-առանձին մտնեն, դուրս գան ու հարցերին պատասխանեն»: Հավանաբար՝ որպեսզի մեկը մյուսի սնանկությունը, ծրագրի թերությունները չտեսնի:

Մի հանգամանք եւս, որը, իմիջիայլոց, նկատեց Ա. Սահակյանը. «Մենք ամենավերջում` հայտը ներկայացնելուց հետո ենք իմացել, որ պարոն Խզմալյանն ունի նման մտադրություն, եթե մենք նախապես իմանայինք, որ նա ուզում է լինել թեկնածու, մենք հրապարակավ կպահանջեինք, որ կառավարությունը, նախարարությունը նրան հետ պահեին այս ընտրությունների գործընթացը կազմակերպելու դերից: Այսինքն՝ մենք դեմ կլինեինք, որ եթե դու թեկնածու ես, ապա նախապես այդ կարգավորումները թող ուրիշն անի եւ ոչ թե դու»:

Կապ հաստատեցինք նաեւ տնօրենի ԺՊ Կարեն Մաթեւոսյանի հետ, ով ի պատասխան մեր հարցին, թե ինչպես է գնահատում ընտրություններն ու դրան նախորդած ողջ գործընթացը` փոփոխություններով հանդերձ, կարճ նկատեց. «Կարծում եմ` պրոցեսը տրամաբանական ավարտին հասավ… հիմա ինչ եղել` եղել է, նորից ինչ-որ բան ասելը եւ այդ թեման արծարծելը, կարծում եմ, ոչ մի օգուտ չի բերի, ինձ համար ամենակարեւորը Մատենադարանի շահն է, եւ չեմ ուզում Մատենադարանի անունը դառնա տարբեր հրապարակումների նյութ, հոգաբարձուների խորհուրդն իր ընտրությունն արել է»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31