Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի կոշտ հայտարարություններին:
«Ես չեմ կարող չարձագանքել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի ոչ բարեկամական հայտարարություններին։ Ի պատասխան ՌԴ ԱԳՆ այս տարվա հուլիսի 15-ի հայտարարության՝ նա պնդում է, որ «Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում և շահագրգռված է շարունակել արյունալի հակամարտությունն ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև։ Խորհրդարանականն իրեն նույնիսկ թույլ է տվել մեր երկիրն անվանել «անվստահելի ու արյունարբու» և պահանջել դուրս բերել ռուսական խաղաղապահ զորակազմը»։
Սենատորը հույս է հայտնել, որ նման հակառուսական հարձակումները չեն արտացոլում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Ըստ նրա՝ կարևոր է, որ դրանց գնահատական տան նաև Ադրբեջանի խորհրդարանում։
«Պատգամավորին հիշեցնեմ, որ ԼՂ հիմնախնդրի բոլոր փուլերում, հիմնականում Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և հասնել փոխզիջումների։
Կարդացեք նաև
2020 թվականի աշնանը նախագահ Պուտինը դադարեցրեց արյունահեղությունը տարածաշրջանում: Մոսկվայի մասնակցությամբ մշակվել են ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանագրեր, որոնք հիմք են հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ տեղակայված ռուս խաղաղապահները խաղաղություն են հաստատել Ղարաբաղում՝ օգնելով լուծել առաջնահերթ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Միայն մեկ փաստ՝ 2020 թվականի նոյեմբերից զորախումբը ականազերծել է ավելի քան 2,5 հազար հեկտար տարածք, այդ թվում՝ գրեթե 700 կմ ճանապարհ։ Մեր խաղաղապահները Ղարաբաղի հայերին և ադրբեջանցիներին հնարավորություն են տվել քննարկել խաղաղության օրակարգը։ Մենք բացարձակապես անպատասխանատու ենք համարում ռուսական զորախմբի դուրսբերման պահանջները»,- գրել է Կարասինը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում